ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ »» ՀՈՒՇԱՅԻՆ ՍԵՆՅԱԿՆԵՐ


Թանգարանի ցուցադրությունը այցելուին է ներկայանում հուշային մասով և բանաստեղծի կյանքն ու գրական ժառանգույթունը ներկայացնող մշտական ցուցադրությամբ:
Հուշային մասը կազմում են բանաստեղծի` առաջին հարկում գտնվող աշխատասենյակը, ննջարանը, հյուրասենյակը, ինչպես նաև գողտրիկ այգին: Այստեղ ամեն ինչ պահպանվում է այնպես, ինչպես եղել է նրա կենդանության օրոք:


Թանգարանի ամենանվիրական հատվածը բանաստեղծի աշխատասենյակն է: Այստեղ կարելի է տեսնել Իսահակյանի հարուստ գրադարանը, հնօրյա գրասեղանը, բազմոցը, անձնական իրերը` գրիչը, ակնոցը, թազբեհը, ‹‹Աղջիկը և եղնիկը›› արձանիկը, քարեր` բերված Սևանա կղզուց...


Այս գրասեղանի առջև են ստեղծվել Իսահակյանի վերջին բանաստեղծությունները` ‹‹Ամեն ինչ ունայն, երազ անցավոր››, ‹‹Ավիկին››, ինչպես նաև ‹‹Հիշատակարանի›› մի շարք գրառումներ, հուշեր, նամակներ, հոդվածներ:
Վարպետը սիրում էր առանձնանալ և աշխատել մինչև ուշ գիշեր:


Հուշասենյակներից է Վարպետի հյուրասենյակը, այստեղ էր ընդունում բանաստեղծն իր հյուրերին, այստեղ էին սովորաբար անցկացվում գրական հավաքներ, տոնական խնջույքներ. ավանդական կարգով նշվում էին բանաստեղծի ծննդյան օրերը, Ամանորը, Զատիկը: Այս տանը հյուրընկալվել են մեր մշակույթի մեծերը` Մարտիրոս Սարյանը, Հովհաննես Շիրազը, Հակոբ Կոջոյանը, Սիլվա Կապուտիկյանը, վեհափառներ Գևորգ Վեցերորդը, Վազգեն Առաջինը: Այստեղ են եղել նաև օտարազգի շատ նշանավոր մարդիկ` Պաբլո Ներուդան, Ժորժի Ամադուն, Նիկոլայ Տիխոնովը, Գեորգի Լեոնիձեն, Մաքսիմ Ռիլսկին և այլք:  Վարպետի տունը դարձել էր յուրատեսակ ուխտատեղի:

Թանգարանի հուշային մասը եզրափակում է ննջարանը` իր համեստ ու պարզ կահավորանքով: Տպավորիչ է բանաստեղծի սնարի կողքին կախված սիրելի մոր` Ալմաստի լուսանկարը, որը միշտ անբաժան էր Իսահակյանից, և մոր սուրբ հայացքի ներքո էլ բանաստեղծը կնքեց իր մահկանացուն 1957թ. հոկտեմբերի 17-ի առավոտյան, քնի մեջ, ինչպես ինքն էր երազել` չզգալով մահվան պահը:









Ախ, ասացին ինձ, թե մեռել ես դու,
Մեռել ես վաղուց, մայրի'կ, իմ հոգիս...
Մեռել ես, չըկաս... Ծածկել է հավետ
Անհուն խավարը դեմքըդ թախծանուշ,
Ու հող ես դառնում... Ավաղ, այսուհետ
Քեզ չեմ տեսնելու, մայրի'կ իմ քնքուշ...
Սակայն հանապազ, ինձ հետ անբաժան`
Մի անհայտ տեղից, ինձ այնպես մոտիկ,
Գիշեր ու ցերեկ, ու ամեն մի ժամ,
Ամեն մի վայրկյան անծայր կարոտով,
Աչերդ լեցուն սիրով ու գթով`
Անթարթ, անքթիթ հառել ես վրաս,
         Սրտով, սրտակից,
Մի'շտ նայում ես ինձ,
      միշտ նայում ես ինձ,
         Մայրի'կ, իմ հոգիս...

                         1918թ., Լյուցեռն

Թանգարանի բնական շարունակությունն է ծաղկաշատ այգին: Այգու խորքում` ստվերոտ ծառերի ներքո, տեղադրված է Ռաֆայել Իսրայելյանի նախագծած տուֆակերտ նստարանը, որը Վարպետին 80-ամյակի առթիվ նվիրել էին հայ ճարտարապետները: Քիչ հեռու բանաստեղծի 100-ամյակի նախօրեին տեղադրվեց Նիկողայոս Նիկողոսյանի կերտած` Իսահակյանի բրոնզաձույլ կիսանդրին և Նորայր Կարգանյանի նախագծած տուֆակերտ հուշապատը:



Թանգարանի առաջին հարկի մեկ սենյակը և երկրորդ հարկի մեծ սրահը հատկացված են Իսահակյանի կյանքի ու ստեղծագործության լուսաբանմանը: Գրական մասը ներկայացնում է Իսահակյանի կյանքը և ստեղծագործությունը՝ ձեռագրեր, տարբեր տարիների հրատարակություններ, լուսանկարներ, անձնական իրեր, կարևոր վավերագրեր:

Գլխավոր էջ | Էջի սկիզբ