Միջոցառումներ - 2014

Դեկտեմբերի 25

Թանգարանում անցկացվեց Ամանորի ուրախ հանդես՝ կրթական ծրագրերին մասնակցած դպրոցի աշակերտների համար: Այս անգամ թանգարանն իր հյուրընկալ հարկի տակ ընդունել էր Երևանի Ա.Սախարովի անվան դպրոցի 5–րդ 6–րդ դասարանների աշակերտներին, ուսուցիչներին՝ Ա. Սարգսյան, Ա. Խաչատրյան և ծնողներին: Կազմակերպվեց նաև «Ավ. Իսահակյանի հեքիաթները» կրթական ծրագրի թեմաներով՝ երեխաների նկարչական աշխատանքների ցուցահանդես, որը մեկ ամիս շարունակ կցուցադրվի թանգարանում: Ուրախալի էր, որ երեխաները գեղեցիկ ու գունեղ նկարելուց բացի կարողանում էին հետաքրքիր մեկնաբանել և ներկայացնել իրենց աշխատանքները:

Միջոցառման վերջում ներկաներին սպասվում էր հաճելի անակնկալ` ամանորյա շնորհավորանքներով, բարեմաղթանքներով ու նվերներով հյուր էին եկել Ձմեռ պապն ու Ձյունանուշը:

Դեկտեմբերի 20

«Չարենցի անտիպները» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Անահիտ Վարդանյանը:
Ներկաները մեծ բավականությամբ և հաճույքով լսեցին տիկին Վարդանյանի բովանդակալից, անմիջական և թեմային վերաբերող հետաքրքիր փաստերով հագեցած զեկուցումը:

Նոյեմբերի 29

«Հրաժեշտ աշնանը» գեղեցիկ ու պատկերավոր խորագրով թանգարանում անցկացվեց գրական-երաժշտական ցերեկույթ, որին մասնակցում էին «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի ուսանողները: Հնչեցին հրաշալի տողեր ինչպես հայ դասական գրողների գործերից, այնպես էլ ժամանակակից ստեղծագործողների բանաստեղծություններից և իհարկե աշնանը նվիրված մեղմ ու հոգեթով երգեր:

Հոկտեմբերի 2

Թանգարանում կայացավ Մարի Շակկարի (Մարիամ Կարապետյան) «Իմ և օտարի սահմանագծին» գրքի շնորհանդեսը: Չնայած գիրքը նոր է լույս տեսել, սակայն արդեն գտել է իր ընթերցողին: Ներկաները, ովքեր նաև գրքի առաջին ընթերցողներն էին շատ ջերմ և հիացական խոսքեր ասացին երիտասարդ, ինքնատիպ հեղինակի անդրանիկ գրքի մասին:
Գիրքը նախ լույս է տեսել Մոսկվայում ռուսերեն, այնուհետև հայերեն` Երևանում, «Անտարես» հրատարակչատան կողմից:
Թարգմանիչ` Ն. Աթաբեկյան, խմբագիր` Ա. Նիկողոսյան:

Նոյեմբերի 22

Թանգարանում անցկացվեցին հերթական դասախոսությունները. «Հովհաննես Թումանյանի հեքիաթագրության ավանդները» թեմայով զեկուցում կարդաց Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Անահիտ Վարդանյանը: Ներկաները մեծ հաճույքով լսեցին տիկին Վարդանյանի հետաքրքիր, ուշագրավ և բովանդակալից զեկուցումը, մանավանդ որ թեման էլ շատ հոգեհարազատ էր և արդիական:
Այնուհետև գրականությունից անցում կատարվեց միջնադարյան մանրանկարչությանը` «Վասպուրականի մանրանկարչություն. ընդհանուր ակնարկ» խորագրով զեկուցումով հանդես եկավ Մատենադարանի երիտասարդ աշխատակից, արվեստաբան Սեդա Մանուկյանը: Նրա ելույթը ևս մեծ բավականություն պարգևեց ունկնդիրներին, քանի որ հետաքրքիր և բովանդակալից խոսքը զուգորդվում էր միջնադարյան ձեռագրերի գունավոր ֆոտո- սլայդներով:

Նոյեմբերի 20

Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված այս տարվա վերջին դասախոսությունն անցկացվեց Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում: Զեկուցումով հանդես եկան թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անժելա Խորենյանը և ցուցադրությունների կազակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ռուզաննա Մեսրոպյանը: Ուրախալի էր, որ դպրոցում միջոցառման նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ էր և սպասված:
Ավագ դպրոցի աշակերտներն ու մանկավարժները ոչ միայն համակ ուշադրությամբ և հաճույքով լսեցին զեկուցումները, այլև բանախոսներին ուղղեցին իրենց հուզող հարցերը:
Միջոցառումն անցավ ջերմ և հաճելի մթնոլորտում: Ներկաների ոգևորությունն այնքան մեծ էր, որ հանդիպման վերջում նրանք ցանկություն հայտնեցին արտասանել Իսահակյանի բանաստեղծություններից: Հատկապես հաճելի էր ուսուցիչների մասնակցությունը: Ողջույնի և շնորհակալական խոսքով հանդես եկավ նաև դպրոցի տնօրեն Հասմիկ Հայրապետյանը:
Տիկին Հայրապետյանը շեշտեց, որ նման միջոցառումները շատ կարևոր են և անհրաժեշտ, քանի որ նպաստում են մեր երեխաների հայեցի և հայրենասիրական դաստիարակությանը:

Նոյեմբերի 14

Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված արտագնա դասախոսությունն անցկացվեց Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի «Հայ միաբանության խաչ» բարեգործական մշակութային կենտրոնում: Միջոցառմանը ներկա էին տարբեր տարիքի դպրոցականներ և նրանց ծնողները: Հանդիպումն անցավ շատ ջերմ և անմիջական մթնոլորտում:
Ներկաները ոչ միայն մեծ ուշադրությամբ լսեցին զեկուցումները, այլև ներկայացրին  իրենց պատրաստած անակնկալները` արտասանեցին, երգեցին Իսահակյանի խոսքերով գրված երգեր, իսկ սաներից մեկը` Հեղինեն, թանգարանին նվիրեց իր աշխատանքը` Ավետիք Իսահակյանի դիմանկարը:

 

Հարկ է նշել, որ այդ գողտրիկ ու հեքիաթային մշակութային կենտրոնում երեխաները սովորում են նկարել, ծեփել, ստանում են կավագործության, գորգագործության, ազգային խոհանոցի, թատրոնի և բատիկայի վարպետության դասեր:

Նոյեմբեր 5

Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված արտագնա դասախոսություններն այս անգամ անցկացվեցին Արագածոտնի մարզի Օշական գյուղի մշակույթի տանը: Միջոցառմանը ներկա էին տեղի դպրոցի աշակերտներ, ուսուցիչներ, գյուղի բնակիչներ:

Հոկտեմբերի 30

Լրացավ հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 139–ամյակը: Այս առթիվ թանգարանում կազմակերպվեց միջոցառում, որին մասնակցում էին Իսահակյանի անմահ գրական ժառանգությամբ ներշնչված մեր շատ հայրենակիցներ:
Ներկաներին ողջունեց թանգարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանը: Այնուհետև ելույթ ունեցան Վարպետի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, Ռուզան Սարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Ավ. Իսահակյանի անվան դպրոցի տնօրեն Անահիտ Կիրակոսյանը, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի աշխատակից, գրականագետ Անահիտ Վարդանյանը, բանաստեղծուհի, «Ծիծեռնակ» ամսագրի խմբագիր Անուշ Վարդանյանը, թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ռուզաննա Մեսրոպյանը և այլք: Ելույթ ունեցողներն իրենց մեծարանքի և երախտագիտության խոսքում նշեցին, որ մեծ բանաստեղծի կյանքն ու գործը, նրա խոր և իմաստուն մտքերն այսօր էլ հայրենասիրության վառ օրինակ և կյանքի մեծ դասեր են մեր ժողովրդի համար:
Միջոցառման վերջում հնչեցին ինչպես Իսահակյանի խոսքերով, այնպես էլ այլ երգեր՝ երիտասարդ և շնորհալի երգիչներ Աննա Պողոսյանի, Անդրանիկ Մալխասյանի և Դիանա Հարութունյանի կատարմամբ: Նվագակցում էր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտա Սարգսյանը:

Հոկտեմբերի 17

Հոկտեմբերի 17-ին կրկին մարդաշատ էր Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնը:  Մեծբանաստեղծի մահվան 57-րդ տարելիցի առթիվ Վարպետի շիրիմին էին այցելել Իսահակյանի տուն-թանգարանի և գրադարանի աշխատակիցները, նրա անունը կրողդ պրոցի աշակերտները,  ինչպես նաև Իսահակյանի գրական ժառանգության երկրպագուներ:

Ելույթ ունեցան Վարպետի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, բանաստեղծ Հենրիկ Եդոյանը, իսկ մեծ բանաստեղծի անունը կրող դպրոցի աշակերտները և ասմունքող Գայանե Սամվելյանը արտասանեցին Իսահակյանի ստեղծագործություններից:

Հոկտեմբերի 16

Հոկտեմբերի 16-ին Թարգմանչաց տոնի առթիվ Ավ. Իսահակյանի տուն թանգարանում կազմակերպվեց միջոցառում, որին մասնակցում էին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները: Միջոցառումը կրում էր «Իսահակյանի խոսքը թարգամչաց արվեստում» խորագիրը: Միջոցառման ընթացքում ուսանողները կարդացին Վարպետի ստեղծագործությունները՝ մասնավորապես «Աբու- Լալա Մահարի» պոեմը նախ հայերեն, այնուհետև թարգմանաբար՝ աշխարհի տարբեր լեզուներով, իսկ «Լիլիթը» հայերեն-հունարեն: Հետաքրքիր էր լսել նույն ստեղծագործությունները տարբեր լեզուներով: Բնականաբար յուրաքանչյուր լեզու իր հմայքն ու գեղեցկությունն ունի և շատ դժվար էր առանձնացնել որևէ լեզումանավանդ, որուսանողներն էլ շատ հաճելի էին ընթերցում: Միջոցառումը նախաձեռնել էին Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոսներ Արուսյակ Անդրեասյանը և Ազատուհի Աբրահամյանը: Հնչեցին նաև Իսահակյանի խոսքերով գրված երգեր և ազգային պարեր:


Հայոց մեծ ողբերգության` Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված արտագնա դասախոսություններն այս անգամ անցկացվեցին Հայաստանի ամենագեղեցիկ ու տեսարժան անկյուններից մեկում` Կոտայքի մարզի Գառնի գյուղում` Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցում. Դպրոցը կրում է այդ գյուղի ազգային զարթոնքի քաջարի զավակներից մեկի, նույն դպրոցի շրջանավարտ Ատոմի/ Դերենիկ Աբրահամյան/ թանկ ու նվիրական անունը: Թանգարանի աշխատակիցներին սիրով ընդունեց և ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Թերեզա Իսպիրյանը` նշելով, որ նման միջոցառումները շատ կարևոր և ուսուցողական են, մեծ դեր են խաղում աշակերտների հատկապես հայրենասիրական դաստիարակության գործում: Դասախոսությամբ հանդես եկան թանգարանի գլխավոր ֆոնդապահ, բ.գ. թ. Անժելա Խորենյանը` «Ազգային-ազատագրական պայքարի անդրադարձը Ավ. Իսահակյանի անավարտ «Ուստա Կարո» վեպում» և Ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ռուզաննա Մեսրոպյանը` «Իսահակյանը և Հայոց մեծ ողբերգությունը» թեմայով: Ներկայացվեցին «Հայ վրիժառուներ» խորագրով պատի թերթ և թանգարանի մասին պատմող տեսաֆիլմ: Ակնհայտ էր, որ միջոցառումը մեծ ոգևորություն էր առաջացրել դպրոցում. աշակերտները ոչ միայն սիրով և հետաքրքրությամբ լսեցին զեկուցումները, այլև ուշադրությամբ ծանոթացան պատի թերթի նյութերին: Դպրոցի տնօրինության և աշակերտների ջերմ, շնորհակալ վերաբերմունքը շատ ուրախացրեց և ոգևորեց թանգարանի աշխատակիցներին, ինչն էլ առիթ հանդիսացավ ձեռք բերելու նախնական պայմանավորվածություն` նման միջոցառումները դարձնելու շարունակական և տարաբնույթ:

Հոկտեմբերի 9

«Ավ. Իսահակյանի առակները» կրթական ծրագիրն անցկացնում են թանգարանի ավագ գիտաշխատողներ Ցողիկ Նազարյանը և Ս. Խեչիկյանը: Մասնակցում են թիվ 69 դպրոցի VI և IV  դասարանների աշակերտները:

Սեպտեմբերի 27, 28-ին` Եվրոպական ժառանգության օրերին, Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցին նվիրված` «Հետադարձ հայացք 100 տարի անց» խորագրով իրականացվող միջոցառումների շրջանակներում, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը ներկայացավ հետևյալ ծրագրով .
Սեպտեմբերի 27 ժամը 14.00
1.Դասախոսություն - «Առաջին համաշխարհային պատերազմը և Իսահակյանը, Հայագերման ընկերություն և «Մեսրոպե ամսագրի 100-ամյակը»:
Զեկուցող Ց. Նազարյան

Սեպտեմբերի 28 ժամը 14.00
2. Ժամանակավոր ցուցադրություն «Բացիկներ Ավ. Իսահակյանի անձնական հավաքածուից»:


«Կիլիկիայի մանրանկարչություն. Սարգիս Պիծակ» թեմայով զեկուցում է կարդում մատենադարանի երիտասարդ գիտաշխատող, արվեստաբան Օվսաննա Քեշիշյանը:

Կրթական ծրագրերի շրջանակում թանգարանում կազմակերպվել էր ամառային դպրոց` «Աշխարհը Իսահակյանի պատուհանից» խորագրով: Հինգ օր «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության սաները անցկացրեցին մեծ բանաստեղծի տուն-թանգարանում:
Երեխաների հետ աշխատեցին գրականագետ Անժելա Խորենյանը, սոցիոլոգ-մանկավարժ Լիլիթ Մատինյանը, նկարիչ, ձևավորող Սյուզի Հակոբյանը, գյուղատնտես, բուսաբան Հովսեփ Հովսեփյանը և արվեստաբան Սոնա Խեչիկյանը: Դասընթացները տեղի ունեցան ամեն օր 2,5 ժամ տևողությամբ: Կազմակերպված թեմատիկ պարապունքները, ծանոթությունը թանգարանին, գրողի կյանքին և ստեղծագործություններին հնարավորություն տվեցին երեխաներին իրենց ամառային արձակուրդների մի փոքր ժամանակահատված օգտագործել ավելի արդյունավետ: Այս ոչ ֆորմալ միջավայրում երեխաները ձեռք բերեցին կարևոր փորձ և գիտելիքներ, ինչը և ծրագրի նպատակն էր:
Ծրագրի վերջում երեխաները պարգևատրվեցին խրախուսական սերտիֆիկատներով և ստացան նվերներ թանգարանի կողմից:


Հուլիսի 8

Թանգարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանը և դպրոցի փոխտնօրեն Գոհար Գալստյանը Ավետիք Իսահակյանի անունը կրող դպրոցի շրջանավարտներին հանձնում են ավարտական վկայականներ:

Հուլիսի 3

Կրթական ծրագիր. «Ավ. Իսահակյանի հեքիաթները»: Մասնակցում են «ԻՆԴԻԳՈ» մանկական ակումբի սաները:

Հունիսի 21

Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ «Հայոց մեծ ողբերգության հետևանքները, հայկական սփյուռք» խորագրով թանգարանում անցկացվեց հերթական դասախոսությունը` նվիրված Սիրիայի հայ համայնքին: Զեկուցումով հադես եկավ երիտասարդ գրող, հրապարակախոս, արվեստաբան Տիգրան Գապոյանը, ով ծնվել և մինչև վերջերս ապրել է Սիրիայում: Բանախոսը, անդրադառնալով Սիրիայի հայ համայնքի պատմական անցյալին ու ներկային, վկայակոչելով պատմական փաստեր ու դրվագներ շատ հետաքրքիր և հանգամանորեն խոսեց համայնքի հայապահպան մեծ գործունեության, ինչպես նաև ներկայիս խնդիրների` մասնավորապես գրական ու մշակութային կապերի մասին: Ներկաները մեծ ուշադրությամբ լսեցին Տիգրան Գապոյանի բովանդակալից զեկուցումը` նրան ուղղելով իրենց հուզող բազմաթիվ հարցեր:
Միջոցառուման վերջում իրենց գեղեցիկ ելույթով ներկաներին ողջունեց «Վան» ազգագրական համույթը` գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Հովհաննիսյան: Համույթի շնորհալի մասնակիցները ներկայացրին պատմական Հայաստանի տարբեր նահանգների և գավառների ազգագրական երգեր ու պարեր` հուզելով և ոգևորելով հանդիսատեսին:

Հունիսի 10-11

Հունիսի 10-11-ը Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի աշխատակիցները հյուրընկալվեցին Հայաստանի գողտրիկ վայրերից մեկում՝ Սյունյաց աշխարհում: Այցի նպատակը Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված՝ թանգարանի ծրագրած միջոցառումների շարքը մարզերում անցկացնելն էր: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Տաթև գյուղի Սուրեն Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում: Թանգարանը կազմակերպել էր «Իսահակյանը և Հայոց մեծ ողբերգությունը», «Հայ վրիժառուները» խորագրով ժամանակավոր ցուցադրություն, թեմատիկ դասախոսություններ, տեսաֆիլմերի դիտում: Զեկուցումով հանդես եկան գլխավոր ֆոնդապահ Անժելա Խորենյանը և հանրահռչակման և ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Ռուզաննա Մեսրոպյանը: Թանգարանի աշխատակիցների այցը մեծ ոգևորություն էր առաջացրել գյուղի բնակիչների շրջանում, քանի որ մայրաքաղաքից հեռու գտնվելը և սոցիալ-տնտեսական մյուս գործոնները հնարավորություն չեն տալիս հաճախ հաղորդակից լինելու մշակույթային կյանքին: Աշակերտներն ուսուցիչների օգնությամբ պատրաստել էին գրական-երաժշտական ծրագիր: Ներկաները համակ ուշադրությամբ և հուզմունքով ունկնդրեցին թե՛ զեկուցումները, թե՛ երեխաների անկեղծ, անմիջական կատարումները: Լսարանի արձագանքից ակնհայտ էր, որ Ավ.Իսահակյանը քաջածին այս հողի սիրելի բանաստեղծներից է: Վարպետն ինքն էլ այս բնաշխահին ձոնել է գեղեցիկ ստեղծագործություններ: Հանդիպման ավարտին դպրոցի տնօրեն Նորվարդ Մովսիսյանը իր շնորհակալությունը հայտնեց Իսահակյանի տուն-թանգարանի տնօրինությանը նման հայրենանվեր գործունեության համար: Նույնը շեշտեց նաև Տաթևի վանական համալիրի առաջնորդ Հայր Միքայելը և խոստացավ աջակցել դպրոցին՝ կազմակերպել աշակերտների այցը Վարպետի տուն-թանգարան:
Միջոցառման կայացմանը աջակցեց գյուղի ինֆորմացիոն կենտրոնի պատասխանատու Աննա Արշակյանը:


Հունիսի 1

Հունիսի 1-ին թանգարանում երեխաների պաշտպանության օրվա առթիվ կազմակերպվեց ուրախ հանդես, որին մասնակցում էին կրթական ծրագրերին մասնակցած դպրոցների՝   «Մաքսեդան» կրթահամալիրի և Չեխովի անվան դպրոցի սաները: Երեխաների հարազատները և ընտանիք իանդամները ծանոթացան Իսահակյանական թեմաներով արված՝ իրենց փոքրիկների նկարչական աշխատանքներին և դիտեցին «Մաքսեդան» դպրոցիսաների՝ Իսահակյանիառակների բեմականացումը:
Այնուհետև տոնի կապակցությամբ թանգարանը ուրախ հանդեսով անակնկալ մատուցեց երեխաներին:


Մայիսի 31

Մայիսի 31-ին թանգարանում տեղի ունեցավ ուրախ և գեղեցիկ համերգ` «Առաջին քայլեր» խոսուն խորագրով, որին մասնակցում էին «Փոքրիկ իշխան» կրթահամալիրի սան Ռաֆայել Ասլանյանը /ստեղնաշարային գործիք/ և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության թիվ 21 դպրոցի սան Ռաֆայել Շինգազդիլովը /կիթառ/: Երեխաները կատարեցին դասական և ժամանակակից անվանի կոմպոզիտորների գործերից` ներկաներին պարգևելով շատ հուզիչ և հաճելի պահեր: Բոլորին հիացրել և զարմացրել էր այն փաստը, որ նրանք կարճ ժամանակահատվածում կարողացել էին պատրաստել համերգային շատ հետաքրքիր ծրագիր, որն էլ ներկայացրին մեծ պատասխանատվությամբ և լրջությամբ:
Միջոցառմանը ներկա էին փոքրիկ երաժիշտների ընկերները, մտերիմները, հարազատներն ու ընտանիքի անդամները: Ընտանեկան և բարեկամական ջերմ մթնոլորտում կայացած այս գողտրիկ համերգով էլ թանգարանում մեկնարկեց ընտանիքի տարվան նվիրված միջոցառումների շարքը:


Մայիսի 24

Մայիսի 24-ին թանգարանում կազմակերպված միջոցառումը նվիրված էր բոլորի կողմից շատ սիրված` Արցախյան ազատամարտի մասնակից, բանասիրական գիտությունների դոկտոր, գրող, հրապարակախոս, ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանի ծննդյան 50-ամյակին: Միջոցառումը կազմակերպված էր ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի հետ համատեղ, այնպես որ ներկա էին թե' Վարդան Դևրիկյանի ծանոթներն ու մտերիմները, թե' ԵՊՀ ուսանղներ և դասախոսներ:
Հատկապես կարևոր էր երիտասարդների մասնակցությունը, որոնց համար անվանի մտավորականի հայրենանվեր գործունեությունը անշուշտ կարող է կյանքի օրինակելի դաս դառնալ: Միջոցառումը շնորհավորական ուղերձով բացեց թանգարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանը, այնուհետև ելույթ ունեցան ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի և Վարդան Բախշյանի քուրերը` Ռուզան Կրպեյանը և Աննա Բախշյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, մամուլի պատմության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը, «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը և այլք:
Ելույթ ունեցողները խոսեցին Վարդան Դևրիկյան հայ մարդու, գիտնականի, մտավորականի շատ բարձր հատկանիշների մասին` դրանցից կարևորելով հայրենասիրությունը, ազնվությունը, պարկեշտությունը, բարությունը, համեստությունը, սիրած գործին և ընտանիքին անմնացորդ նվիրվելու ունակությունը: Միջոցառումը վարում էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Հռիփսիմե Գալստյանը:


Մայիսի 17

Մայիսի 17-ին մեկնարկեց արդեն ավանդույթ դարձած «Թանգարանների գիշեր» միջազգային ակցիան: Այս անգամ «Թանգարանները միավորում են մեզ» խորագրով միջոցառմանը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը մասնակցեց հետևյալ ծրագրով.

18.00 - Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» պոեմի ընթերցումներ տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, արաբերեն: Միջոցառմանը մասնակցում էին Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի միջազգային լրագրության բաժնի և թատերական ինստիտուտի դերասանական բաժնի ուսանողները:
20.00 - Համերգ «Հայկական ռոմանս»: Մասնակցում էին Ալ.Սպեդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատարներ Նարինե Անանիկյանը, Գևորգ Հաջյանը, Լիանա Վարդանյանը, նվագակցում էր Մարգարիտ Սարգսյանը: Հնչեցին նաև Իսահակյանի խոսքերով գրված երգեր:

Կայացավ նաև «Ցուցադրվում են առաջին անգամ» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի բացումը: Ցուցադրվում էին թանգարանի ֆոնդերում պահվող մեր անվանի գեղանկարիչներ` Մ.Սարյանի, Հր.Ռուխկյանի, Թ.Թոքմաջյանի, Գ.Աղասյանի, Պ.Մալայանի աշխատանքներից:

Ավելի ուշ՝ ժ. 23.00-24.00, ցուցադրվեց ռեժիսոր Ռուբեն Քոչարի «Ավետիք» ֆիլմը:
Ողջ օրը թանգարանն ունեցավ բազմաթիվ այցելուներ (2260) ինչպես մայրաքաղաքից և հանրապետության մարզերից, այնպես էլ արտերկրից՝ Ղազախստանից, ԱՄՆ-ից, Իսպանիայից, Չեխիայից, Իրանից, Անգլիայից, Ռուսաստանից:


Մայիսի 18

Մայիսի 18-ին թանգարանների միջազգային օրվա առթիվ թանգարանում անցկացվեց դասախոսություն՝ «Ջրի տարերքի պատկերումը Իսահակյանի ստեղծագործություններում» թեմայով: Զեկուցումով հանդես եկավ թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անժելա Խորենյանը: Միջոցառման երկրորդ հատվածում ելույթ ունեցավ պատանի դաշնակահար Գևորգ Մատինյանը: Ծրագրում` Ռ. Շուման  Է.Գրիգ,    Ջ. Ֆիլդ, Շուբերտ:


Մայիսի 17

2014թ. մայիսի 17-ին թանգարանային գիշեր միջոցառման շրջանակներում այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու «Գեղադիտակ» ("Kaleidoscope") թվային ծրագրին: Այն հնարավորություն է տալիս տեսնել աշխարհի տարբեր թանգարանների մասնակիցներին` ցուցադրելով նրանց «Թանգարանային սելֆի»-ները (ինքնանկար բջջային հեռախոսով): Հեռախոսային ծրագրերը կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով`
https://itunes.apple.com/fr/app/mobilactif/id721606706?mt=8
http://android.m.brothersoft.com/mobilactif-639913.html


Մայիսի 10
 

Մայիսի 10-ին թանգարանում անցկացվեց հերթական դասախոսություն՝ «Սևանը Հայաստանի աչքն է» խորագրով: Զեկուցումով հանդես եկավ թանգարանի հանրահռչակման և ցուցադրությունների բաժնի վարիչ Ռուզաննա Մեսրոպյանը: Նաներկայացրեց Իսահակյանի՝ տարիներ առաջ Սևանի խնդրի հետ կապված մտահոգությունները ու տագնապները՝ վկայակոչելով Վարպետի հարսի՝ Իզաբելա Իսահակյանի հուշերը:


Ապրիլի 26
 

Թանգարանում անցկացված հերթական դասախոսության թեման էր «Հովհաննես Շիրազի հայրենասիրական քնարը»: Թեմայի ընտրությունը պատահական չէր, քանի որ այս տարի հայ ժողովուրդը նշում է իր սիրելի գրողի 100 ամյակը, ապրիլը հայոց մեծ ողբերգության հիշատակի ամիսն է, իսկ Շիրազ մարդ և բանաստեղծի համար Եղեռնը, Արևմտյան Հայաստանի կորուստը ոչ միայն հայրենասիրական քնարի, այլև ամբողջ գրական ժառանգության և գիտակցական կյանքի հիմքն է:
Զեկուցումով հանդես եկավ ԵՊՀ դասախոս, հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Աշոտ Տեր- Մինասյանը: Ներկաները մեծ հաճույքով լսեցին նրա խորը և բովանդակալից վերլուծությունը, մանավանդ որ Աշոտ Տեր- Մինասյանը մտերիմ է եղել Շիրազի հետ և իր խոսքը համեմում էր նաև հետաքրքիր հուշերով:


Ապրիլի 19
 

«Հայոց ցեղասպանության հետևանքները. հայկական սփյուռք» թեմայի շրջանակներում Վարպետի թանգարանում տեղի ունեցավ հայաշատ համայնքներին նվիրված հերթական զեկուցումը: Զեկույցով հանդես եկավ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Սոնա Խեչիկյանը: Նա խոսեց Լեհաստանի հայկական գաղութի մասին, այնուհետև ավելի մանրամասններ կայացրեց հայկական արմատներով լեհ գեղանկարիչ Թեոդոր Աոսենտովիչի կյանքը և ստեղծագործությունները: Խոսքը ուղեկցվում էր Աքսենտովիչի նկարների պրեզենտացիայով:


Ապրիլի 5

Կայացավ ֆրանկոֆոնիայի շրջանակներում թանգարանի ծրագրած հերթական միջոցառումը: Թանգարանի ավագ գիտաշխատող Մարիամ Սոխակյանը նախ խոսեց Իսահակյանի՝ Փարիզում ապրած տարիների, նրա գրական, հասարակական, քաղաքական գործունեության մասին:
Այնուհետև Այբ դպրոցի աշակերտները կարդացին Իսահակյանի ստեղծագործությունների ֆրանսերեն թարգմանություններից:
Միջոցառման ավարտին հնչեցին նաև Իսահակյանի խոսքերով գրված երգեր: Ելույթ ունեցան պրոֆեսոր Հենրի Սիմոնյանը և Նելլի Գրիգորյանը: Նվագակցում էին Սյուզան Պետրոսյանը և Սոնա Աղաջանյանը:


Մարտի 29

 

     

Մարտի 29-ին թանգարանում կազմակերպված միջոցառումը նվիրված էր սիրված և անվանի գրող Լևոն Խեչոյանին: Միջոցառմանը մասնակցում էին ԵՊՀ «Վարդանանք» ակումբի ուսանողները Սաթենիկ Աբրահամյանի գլխավորությամբ:
Լ. Խեչոյանի անցած գրական ուղու, ստեղծագործությունների և մարդկային բարձր կերպարի մասին խոսեցին բանաստեղծ Հակոբ Մովսեսը, Նելլի Շահնազարյանը և Մանիկ Աճեմյանը: Առանձնապես հուզիչ էր Արցախի ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքը: Հարգարժան Կոմանդոսի հուշերը Խեչոյանի մասին ամբողջացրին գրողի կերպարը և ներկաները ճանաչեցին ոչ միայն անվանի գրող, այլև քաջ և հայրենասեր ազատամարտիկ Լևոն Խեչոյանին:

Ելույթներն ընդմիջվում էին «Վարդանանք» ակումբի ուսանողների` Լևոն Խեչոյանի ստեղծագործությունների ընթերցումով, իսկ ազգային բանակի զինվոր Դավիթ Ոսկանյանը կատարեց Բախի` թավջութակի համար գրված կանտատը: Միջոցառմանը ներկա էին նաև գրողի որդին` Վանո Խեչոյանը:

Մարտի 22

Մարտի 22-ին թանգարանում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված հանրապետությունում մեկնարկած ֆրանկոֆոնիայի երկամսյակին: «Ֆրանսիայի հայ համայնքը» զեկուցումով հանդես եկավ Մարինե Մուրադյանը: Այնուհետև ներկաները մեծ ուշադրությամբ դիտեցին Իսահակյանի` Ֆրանսիայում ձեռք բերված գրքերի, ալբոմների ցուցադրություն:
Միջոցառմանը ներկա էին տարբեր տարիքի և մասնագիտությունների տեր մարդիկ` Երևանում գործող Ֆրանսախոսների ակումբի անդամներ, ուսանողներ և դպրոցականներ:

Փետրվարի 22

 

     

«Հրանտ Մաթևոսյանի կենսափիլիսոփայության ակունքները» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սաթենիկ Ավետիսյանը:
Ունկնդիրները մեծ բավականությամբ լսեցին սիրված գրողի մասին շատ հետաքրքիր և ընդգրկուն զեկուցումը:

Փետրվարի 21

Մայրենիի օրվան նվիրված միջոցառմանը մասնակցում էին Երևանի պետական համալսարանի «Վարդանանք» ակումբի ուսանողները: Հնչեցին մեր անվանի գրողների՝ մայրենի լեզվին նվիրված բանաստեղծություններից և ասույթներից։ Հետաքրքիր և ուսանելի ելույթով հանդես եկավ նաև ԵՊՀ դասախոս, դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանը: Միջոցառումը եզրափակեց «Վան» ազգագրական համույթը, որը ներկաներին հիացրեց ազգային երգի անաղարտ կատարմամբ:












Էջի սկիզբ