Միջոցառումներ - 2012

Դեկտեմբերի 25

Թանգարանն իր հարկի տակ հյուրընկալել էր կրթական ծրագրերին մասնակցած ‹‹Էլիտա›› դպրոցի 5ա և 5բ դաս-ի աշակերտներին, որոնց համար ‹‹Բում-Բումիկ›› շոու ծրագրի, Ձմեռ պապի և Ձյունանուշի մասնակցությամբ կազմակերպվեց ամանորյա ուրախ հանդես:
Բացվեց նաև ‹‹Իսահակյանի հեքիաթները›› կրթական ծրագրի թեմաներով վերոհիշյալ դպրոցի աշակերտների նկարչական աշխատանքների ցուցահանդես, որը մեկ ամիս շարունակ կցուցադրվի թանգարանում:

Դեկտեմբերի 8

‹‹Իսահակյանի մեծ սերն ու քնարերգության հերոսուհին›› այս խորագիրն էր կրում թանգարանում կազմակերպված միջոցառումը, որ նվիրված էր Շուշանիկ Մատակյանի ծննդյան 135-ամյակին:
Բացվեց նաև Շուշանիկ Մատակյանի մասին պատմող ժամանակավոր ցուցադրություն` ‹‹Շուշան աղջիկ քու գերին եմ›› վերնագրով: Միջոցառման վերջում համերգով հանդես եկավ ‹‹Կադենցա›› մենակատարների համույթը: Ելույթ ունեցան երիտասարդ երգիչներ Սոֆի Սայադյանը, Նելլի Գասպարյանը և Արտակ Ալավերդյանը: Նվագակցում էր Վասիլի Ռոլիչը: Համույթի ղեկավոր` Վարդան Հակոբյան:

Դեկտեմբերի 1

Դասախոսություն- ‹‹Թումանյան-Իսահակյան` գրական, մարդկային և հոգևոր առնչություններ›› թեմայով դասախոսությամբ հանդես եկավ բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը:

Նոյեմբերի 10

‹‹Վտանգված ինքնության հիմնախնդիրները ‹‹Սասնա Ծռեր›› էպոսում›› խոսուն և հետաքրքիր թեմայով թանգարանում դասախոսությամբ հանդես եկավ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի աշխատակից, բանասիրական գիտությունների թեկնածու Սաթենիկ Ավետիսյանը:
Ներկաները համակ ուշադրությամբ լսեցին Ս. Ավետիսյանի ընդարձակ, խորը և բովանդակալից զեկուցումը, որի ընթացաում հեղինակը վեր հանեց և խորությամբ վերլուծեց այսօր մեզ հուզող շատ կարևոր հարցեր և հիմնախնդիրներ: Ներկաների համար նորություն էին այն դիտարկումներն ու բացահայտումները, որ էպոսի միջոցով ներկայացրեց Ս. Ավետիսյանը` կամրջելով պատմական անցյալը և ներկան:

Հոկտեմբերի 30

Իսահակյանի ծննդյան 137-ամյակի կապակցությամբ թանգարանում կազմակերպվեց հանդիպում Հայաստանի գրողների միության անդամների` Գագիկ Դավթյանի, Նելլի Շահնազարյանի, Էդուարդ Հախվերդյանի, Հուսիկ Արայի, Նանեի/Նելլի Նազարյան/, Մանիկ Աճեմյանի` տարվա լավագույն գրքերի հեղինակների հետ: Ցերեկույթը բացեց թանգարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանը:
Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը ներկայացրեց հեղինակներին, խոսեց նրանց ձեռքբերումների և անելիքների մասին: Վարպետի նվիրական հարկի տակ էին հավաքվել իսահակյանական խոսքով ու մտքով ապրող շատ մարդիկ` դպրոցականներ, ուսուցիչներ, ուսանողներ, մտավորականներ:
Միջոցառմանը մասնակցում էր նաև Վարպետի թոռը` Ավիկ Իսահակյանը, ի դեպ այդ օրը նա պարգևատրվեց Նանսենի անվան մեդալով:
Ելույթ ունեցողները` Հենրիկ Էդոյան, Էդվարդ Միլիտոնյան, Վարդան Դևրիկյան և միջոցառմանը ներկա երիտասարդ գրողներ մեծարանքի և երախտագիտության խոսքեր ասացին Իսահակյանի գրական ժառանգության մասին` նշելով, որ մեծ բանաստեղծի կյանքն ու գործը այսօր էլ հայրենասիրության վառ օրինակ և ներշնչանքի անսպառ աղբյուր է մեր ժովովրդի համար:
Միջոցառման վերջում հնչեցին երգեր Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի արտիստ Սեդրակ Գրիգորյանի կատարմամբ: Նվագակցում էր Անի Թուրվանդյանը:

Հոկտեմբերի 19

Թանգարանում կազմակերպվեց ‹‹Պոետիկ հանդիպում, պատասխան հրավեր Վարպետի տանը›› խորագրով միջոցառում, որ նվիրված էր բանաստեղծուհի Մանիկ Աճեմյանին: Ներկա էին երաժիշտ Վարդան Հակոբյանը, ներկայացուցիչներ Սփյուռքի նախարարությունից, մշակույթի աշխատողներ, Գրականության և Արվեստի ժողովրդական համալսարանի ունկնդիրները, տարբեր բուհերի ուսանողներ, ԵրՃՇՊՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցի աշակերտներն ուսուցիչների` Կ. Շիտիկյանի, Ֆ. Գալավարյանի և Զ. Գաբոյանի հետ: Մանիկ Աճեմյանի հասարակական և մանկավարժական գործունեության մասին խոսեց Ռուզաննա Մեսրոպյանը, իսկ Անժելա Խորենյանը ներկայացրեց բանաստեղծուհու վերջերս լույս տեսած` ‹‹Ամառ, կիրակի›› ժողովածուն, անդրադարձավ նաև հեղինակի ‹‹Երազ ու գույն›› առաջին գրքի հույզ ու ասելիքին, որով ձևավորվել է բանաստեղծուհու գեղարվեստական խոսքը:
Հանդիպումը ջերմ էր և անմիջական: Միջոցառման վերջում ներկաները կարդացին բանաստեղծություններ Մ. Աճեմյանի տարբեր տարիներին հրատարակված գրքերից:

Հոկտեմբերի 17

Մեծ բանաստեղծի մահվան 55-րդ տարեդարձի առթիվ Կոմիտասի անվան պանթեոն` Վարպետի շիրիմին էին այցելել անվանի գրողներ, գրականագետներ, Իսահակյանի տուն-թանգարանի և գրադարանի աշխատակցներ, նրա անունը կրող դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ, ինչպես նաև Իսահակյանի գրական ժառանգության երկրպագուներ: Ելույթ ունեցան, իրենց սրտի և գնահատանքի խոսքն ասացին բանաստեղծի թոռը` Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, գրականագետ Սամվել Մուրադյանը, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը, Վարպետի տուն-թանգարանի աշխատակից Ռուզաննա Մեսրոպյանը, ուսուցչուհի Գայանե Սրապյանը և այլք:
Հնչեցին նաև պատառիկներ Իսահակյանի անմահ ստեղծագործություններից` ասմունքող Գայանե Սամվելյանի և Վարպետի անունը կրող դպրոցի աշակերտների կատարմամբ:

Հոկտեմբերի 11

‹‹Ավ. Իսահակյանի հեքիաթները›› կրթական ծրագրին այս անգամ մասնակցում էին ‹‹Էլիտա›› կրթահամալիրի 5-րդ դասարանի աշակերտները և ուսուցիչները:

Միջոցառումն անցկացրին թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ռ. Մեսրոպյանը և ավագ գիտաշխատող Մարիամ Սոխակյանը:
Երեխաների համար կազմակերպված համառոտ, ճանաչողական էքսկուրսիայից հետո ընթերցվեցին Իսահակյանի ‹‹Ամենապիտանի բանը›› և ‹‹Արևի մոտ›› հեքիաթները: Աշխատակիցների օգնությամբ երեխաները վերլուծեցին, վերապատմեցին հեթիաթները, ներկայացրին դասերով, այնուհետև նկարեցին՝ թղթին հանձնելով իրենց տեսածն ու լսածը:
Երեխաները տպավորված էին և ոգևորված՝ մանավանդ որ այդ ամենը տեղի էր ունենում Վարպետի տուն-թանգարանում՝ հեքիաթի համար կարված հանդերձանքով: Հեքիաթների թեմաներով արված լավագույն նկարազարդումներով տարեվերջին թանգարանում կկազմակերպվի ցուցահանդես:

‹‹Եվրոպական ժառանգության օրեր›› ակցիայի շրջանակներում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում.
Սեպտեմբերի 30
‹‹Ճանապարհ›› խորագրով Ավ. Իսահակյանի անձնական հավաքածուից ցուցադրվեցին Արևմտյան Հայաստանի, նախկին Սովետական Հայաստանի, Ղարաբաղի և Անդրկովկասի տարածաշրջանի քարտեզներ: Ներկայացված քարտեզների մի մասը տպվել է Ֆրանսիայում և արտասահմանյան այլ երկրներում:

‹‹Եվրոպական ժառանգության օրեր›› ակցիայի շրջանակներում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում.
Սեպտեմբերի 29
1948թ. Ավ. Իսահակյանը այցելել է Ղարաբաղ: Վարպետի ղարաբաղյան այցելության մասին զեկուցումով հանդես եկավ թանգարանի ավագ գիտաշխատող Ցողիկ Նազարյանը, իսկ վարպետի անունը կրող դպրոցի սաները կարդացին հատվածներ Բոգդան Ջանյանի ‹‹Կյանքը փողի տակ›› գրքից: Այնուհետև Մարիամ Սոխակյանը խոսեց Հայաստանի պատմական վայրերում Վարպետի շրջագայությունների մասին` մեջբերելով Իսահակյանի` հայկական ճարտարապետությանը վերաբերող հիասքանչ ասույթները:

Սեպտեմբերի 22

Միջոցառումը նվիրված էր Ավ. Իսահակյանի անդրանիկ ռուսերեն գրքի` ‹‹Արազի ծաղիկները›› ժողովածուի հրատարակման 95-ամյակին: Զեկուցումով հանդես եկան ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի գիտաշխատողներ, բանասիրական գիտությունների թեկնածուներ Անահիտ Վարդանյանը, Զարուհի Հայրյանը և Շողեր Խաչատրյանը:
Ներկաները մեծ սիրով և ուշադրությամբ լսեցին բանախոսներին, իսկ հանդիպման ավարտին հնչեցին հատվածներ Իսահակյանի ստեղծագործություններից հենց հանդիսատեսի` դահլիճում ներկա ունկնդիրների կատարմամբ:

Սեպտեմբերի 15
Թանգարանում համերգով հանդես եկավ սփյուռքահայ երգիչ Հերոս Հովսեփյանը, նվագակցում էր Կատրին Հովսեփյանը: Հնչեցին հայ և համաշխարհային դասական երաժշտության գոհարներից: Մասնակցում էին նաև Եպրաքսյա Պողոսյանը, Ջուլիետա Ալեքսանյանը և Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը Ռաֆայել Հակոբյանցի գլխավորությամբ:

Հունիսի 30

Թանգարանում համերգով հանդես եկավ դասական երաժշտության «Կանթեղ» համույթը:
Մենակատարներ` Իշխան հարությունյան – սաքսոֆոն,
Արփինե Կալինինա – դաշնամուր:
Երիտասարդ երաժիշտներից բաղկացած համույթը նպատակ ունի հանրությանը, հատկապես երիտասարդներին մատուցել հայ դասական երաժշտությանը` ակունքներից մինչև մեր օրերը:
2010թ-ից «Կանթեղ» համույթն իրականացնում է համերգ – դասախոսությունների շարք` «Կոմիտասյան համերգաշար»:

Այս ծրագրով համույթը բազմաթիվ ելույթներ է ունեցել Հայաստանի տարբեր համերգասրահներում, մշակութային օջախներում և կրթական հաստատություններում: 

Անսամբլի գեղ. ղեկավար, դասախոսությունների հեղինակ և վարող` կոմպոզիտոր, դաշնակահար, ՌԴ արվեստի ասպարեզում բարձրագույն նվաճումների համար շնորհվող «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր` Արփինե Կալինինա:
Աֆիշ ...

Հունիսի 16

Թանգարանում դասախոսությամբ հանդես եկավ բանասիրական գիտությունների դոկտոր Անժելա Քալոյանը: Թեման Շեքսպիրն էր` «Համլետ» և «Օթելլո» ողբերգությունները, դրանցում արծարծված հումանիստական և համամարդկային գաղափարները:

Ներկաները դասախոսությունը լսեցին մեծ հաճույքով, քանի որ և´ թեման էր հետաքրքիր, և´ Անժելա Քալոյանի գեղեցիկ, բովանդակալից և արտահայտիչ խոսքը: Դասախոսության ավարտին ունկնդիրները նրան ուղղեցին թեմային վերաբերող բազմաթիվ հարցեր:

 

Հունիսի 9

Հունիսի 9-ին թանգարանում կայացավ երիտասարդ երգչուհի Արաքս Ավագյանի մենահամերգը: Երգչուհին կատարեց հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններից: Նվագակցում էր դաշնակահարուհի Լիլիթ Հակոբյանցը:
Մեկական կատարումներով հանդես եկան նաև Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի սաներ Եպրաքսյա Պողոսյանը և Ջուլիետա Ալեքսանյանը: Մենակատարուհին նույնպես նրա սանն է եղել:

Հունիսի 2

Հայ գրականության իրենց վերջին դասը, որ նվիրված էր մեծանուն բանաստեղծ Ա. Իսահակյանին, թանգարանում անցկացրին թիվ 37 դպրոցի աշակերտները: Նրանք ներկայացրին Իսահակյանի կյանքի կարևորագույն դրվագներից և գրավոր ժառանգության սքանչելի էջերից կազմված գրական-երաժշտական կոմպոզիցիա, իսկ էքսկուրսիան Վարպետի տուն-թանգարանում ավելի խորացրեց աշակերտների գիտելիքները և սերը մեծանուն գրողի հանդեպ:

Հունիսի 1

Երեխաների պաշտպանության օրվա առթիվ թանգարանում կազմակերպված ուրախ հանդեսը նպատակ ուներ ինչպես շնորհավորել երեխաներին տոնի կապակցությամբ, այնպես էլ ամփոփել դպրոցի միջին և ցածր դասարանների համար թանգարանի մշակած և իրականացրած «Հեքիաթին հյուր» կրթական ծրագրի այս ժամանակահատվածի աշխատանքները:
Կրթական ծրագրին մասնակցած` Երևանի թիվ 37 միջնակարգ դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի աշակերտների նկարչական լավագույն աշխատանքներով կազմակերպվեց ցուցահանդես` Իսահակյանի «Ամենապիտանի բանը» և «Արևի մոտ» հեքիաթների թեմաներով: Նկարազարդումները շատ գեղեցիկ էին և հետաքրքիր, իսկ տոնի առթիվ կազմակերպված ուրախ ու գունեղ հանդեսը ոգևորել և ուրախացրել էր թե´ երեխաներին, թե´ նրանց ծնողներին:

Թանգարանների միջազգային օրը և թանգարանային գիշերը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում
18-19 մայիս 2012

18 մայիսի
«Իսահակյան – «Գրական թերթ» առնչությունները». Ժամանակավոր ցուցահանդես նվիրված թերթի 80-ամյակին:
19 մայիսի
1. «Իսահակյանի անձնական գրադարանի նշանավոր անձանց ընծայագրերով գրքերը» ժամանակավոր ցուցահանդես:
2. «Ժամանակների երկխոսություն» Իսահակյանի և նրա տիկնոջ` Սոֆյայի անցյալ դարի 30-ականներին Փարիզում կրած հագուստների ցուցադրումը զուգորդված ժամանանակից նորաձևությանը:
Մասնակցությամբ Գեղեցիկ արվեստների ակադեմիայի ուսանողների:
Ժամը 19.00
Ժամը 20.00
3. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռոք ուսանողական խմբի ելույթ:
Ժամը 22.00

Մայիսի 5

Թանգարանում տեղի ունեցավ Անահիտ Կորյունի «Նկարիչներից նկարիչը» գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված էր ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանի հիշատակին:

Ապրիլի 7

«Սայաթ Նովան սիրո մեծ երգիչ» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրդյանը:
Ներկաները մեծ հաճույքով լսեցին անվանի գրականագետի հետաքրքրիր և հուզառատ ելույթը: Եվ քանի որ ապրիլի 7-ն էր` մայրության և գեղեցկությանտոնև, ուստի սիրված դասախոսը իր այս ելույթը նվիրեց բոլոր կանանց:

Մարտի 17-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում «Փավստոս Բուզանդի» «Հայոց պատմությունը և նրա գեղարվեստական արժանիքները» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Մանուկյանը:
Ունկնդիրները համակ ուշադրությամբ լսեցին դասախոսությունը, քանի որ թեման շատ հետաքրքիր էր և ընդգրկուն:

Մարտի 3-4-ը.
Նկարիչների միությունում Մշակույթի նախարարությունը կազմակերպել էր «Արտէքսպո» 2012 մշակութային ցուցահանդեսը: Ցուցահանդեսին` կրթական ծրագրերի շնորհանդեսով, մասնակցեց նաև Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը:
Նկարիչների միության 3-րդ հարկի դահլիճում, որտեղ կազմակերպվոմ էին շնորհանդեսներ և համերգներ, թանգարանի ավագ գիտաշխատող Մ. Սոխակյանը ներկայացրեց «Իսահակյանի հեքիաթները» կրթական ծրագիրը, իսկ Նանսենի անվան դպրոցի աշակերտները ուսուցչուհու` Անուշ Գրիգորյանի գլխավորությամբ բեմականացրին Ավ. Իսահակյանի «Ամենապիտանի բանը» հեքիաթը:
Դահլիճում ներկա էին նաև ծրագրին մասնակցած մի շարք դպրոցների ուսուցիչներ, ովքեր ցանկություն հայտնեցին շարունակել համագործակցությունը և մասնակցել կազմակերպվող կրթական ծրագրերին:

Գարնան առաջին օրը թանգարան էին այցելել թիվ 135 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները: Նրանք շնորհավորեցին թանագարանի աշխատակիցներին գարնան առաջին օրվա առթիվ և ներկայացրեցին գրական կոմպոզիցիա մեր անվանի գրողների` գարնանը նվիրված, ինչպես նաև Իսահակյանի ստեղծագործություններից:

Փետրվարի 21-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում անցկացվեց մայրենիի օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցում էին Մ. Աբեղյանի անվան թիվ 3 դպրոցի սաները, ուսուցիչները, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու` Կարինե Շիթիկյանի գլխավորությամբ:

Մայրենիի օրվա առթիվ ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ տիկին Շիթիկյանը, իսկ աշակերտները ներկայացրին շատ գեղեցիկ գրական կոմպոզիցիա` «Ձոն մարենի լեզվին», մեր անվանի գրողների` մայրենի լեզվին նվիրված ստեղծագործություններից:

Փետրվարի 5-ին թանգարանում կազմակերպվեց հանդիպում բանաստեղծուհի Ժանետա Հակոբյանի հետ: Բանաստեղծուհու ստեղծագործությունների մասին հանգամանորեն խոսեց Գրողների միության անդամ Վազգեն Առաքելյանը, իսկ բանաստեղծի մտերիմներն ու ընկերները վերհիշեցին հաճելի դրվագներ Ժանետա Հակոբյանի հետ հանդիպումներից: Միջոցառման վերջում ներկաներին իր սրտի խոսքն ասաց ինքը` բանաստեղծուհի Ժանետա Հակոբյանը:

Փետրվարի 4-ին թանգարանում կայացավ համերգ՝ «Երիտասարդ ձայներ»: Մասնակցում էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնի ուսանողները` պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի գլխավորությամբ: Հայ և համաշխարհային դասական երաժշտության գոհարների կատարմամբ հանդես եկան Լիպարիտ Ավետիսյանը, Լյուբով Թադևոսյանը, Եպրաքսյա Պողոսյանը: Նվագակցում էր Լալագե Աբրահամյանը:

Ընթացքում միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան դիտելու Իսահակյանի ‹‹Արևի մոտ›› հեքիաթի թեմաներով արված իրենց իսկ աշխատանքների ցուցահանդեսը: Երեխաներն ուրախ հեռացան թանգարանից:

Էջի սկիզբ