Միջոցառումներ - 2013
25/12/13
Դեկտեմբերի 25
Տարեվերջին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած ամանորյա միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին «Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի» Կառլեն Հովսեփյանի անվան նկարչական ստուդիայի սաները և Երևանի թիվ 137 դպրոցի աշակերտները:
Միջոցառումը ուղեկցվում էր վերոնշյալ երկու դպրոցների սաների կողմից պատրաստված նկարչական աշխատանքների ցուցահանդեսով:
Երեխաները մատիտի, գրիչի, ջրաներկի օգնությամբ թղթին էին հանձնել Իսահակյանի առակների և հեքիաթների վերաբերյալ իրենց պատկերացումները:
Միջոցառման ավարտին երեխաներին հյուր եկան Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
31/10/13
Հոկտեմբերի 31
2013թ. հոկտեմբերի 31-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում նշվեց Վարպետի ծննդյան 138 և թանգարանի բացման 50-ամյակը:
Հոբելյանական միջոցառմանը հրավիրվել էին Վարպետի թոռ Ավիկ Իսահակյանը, ՀՀ գրողների միության նորանշանակ նախագահ Է. Միլիտոնյանը, «Ավ. Իսահակյանի անվ. գրադարանի» տնօրեն Հասմիկ Կարապետյանը, մի շարք թանգարանների տնօրեններ, մանկավարժներ, թանգարանի բարեկամներ:
Բացման և շնորհավորական ելույթով հանդես եկավ թանգարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանը: Շնորհավորական խոսքով հանդես եկան Ա. Իսահակյանը, Է. Միլիտոնյանը և այլոք:
Թանգարանի աշխատակից Ռուզաննա Մեսրոպյանը հյուրերի ուշադրությանը ներկայացրեց թանգարանի 50-ամյա գործունեությունը բնութագրող ժամանակագրական պրեզենտացիա` հերթականությամբ ցուցադրելով թանգարանում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները սկսած 1963 թվականից:
Միջոցառումը ուղեկցվում էր դասական երաժշտությամբ լարային դուետի կատարմամբ /Միքայել Նավասարդյան, թավջութակ, Տաթևիկ Ֆրանգուլյան, ջութակ/:
27/10/13
Հոկտեմբերի 27
Եղեռնի 100-րդ տարելիցի շեմին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ դասախոսություն «Հայոց ողբերգության հետևանքները. Հայկական սփյուռք» խորագրով: Մասնակիցների ուշադրությանը ներկայացվեց հայկական երբեմնի հզոր համայնքներից մեկի` Հնդկաստանի հայ համայնքի ծագումը, պատմությունն ու զարգացումը: Թեման վարում էր Ա. Սարգսյանը:
05/10/13
Հոկտեմբերի 5
«Իսահակյանի «Լիլիթը» և մենք» խորագրով թանգարանում անցկացվեց միջոցառում, որին մասնակցում էին ուսանողներ` ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի անդամները Սաթենիկ Աբրահամյանի գլխավորությամբ, Թալինի ավագ դպրոցի աշակերտները գրականության ուսուցչուհու` Կարինե Դիլանյանի հետ, ինչպես նաև տարբեր տարիքի և զբաղմունքի տեր մարդիկ: Ամիսներ առաջ որոշվեց ստեղծել «Երիտասարդ իսահակյանասերների ակումբ»: Նպատակը ոչ միայն երիտասարդության մեջ Իսահակյանի ստեղծագործությունները պրոպագանդելն էր, այլև ցույց տալ, բացահայտել, թե ինչ դեր ունեն այդ ստեղծագործությունները մեր կյանքում, որքան են դրանք համահունչ կամ կենսունակ մեր կյանքում, արդի պայմաններում: Իբրև քննարկման նյութ ընտրվեց Իսահակյանի «Լիլիթը»: Բովանդակալից և աշխույժ քննարկումը ցույց տվեց, որ ստեղծագործությունը մեծ հետաքրքություն էր առաջացրել մասնակիցների շրջանում: Առանձնապես տպավորիչ էր Թալինի ավագ դպրոցի գրականության ուսուցչուհի Կարինե Դիլանյանի խորը, վերլուծական, հարուստ և գեղեցիկ խոսքը, իսկ նրա աշակերտները կարդացին հատվածներ նշված ստեղծագործություններից:
Միջոցառումը ընդմիջվում էր «Վան» ազգագրական համույթի և երիտասարդ երգչուհի Գոհար Մկոյանի գեղեցիկ և հուզիչ կատարումներով: Միջոցառմանը ներկա էր նաև արցախյան հերոսամարտի անվանի հրամանատարներից գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը:
10/07/13
Հունիսի 29
«Գրքի և ընթերցանության պատմությունը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ երիտասարդ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հրաչիկ Սարուխանյանը։
10/07/13
Հունիսի 22
Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ՝ «Հայոց ողբերգության հետևանքները, հայկական սփյուռք» խորագրով, թանգարանում անցկացվեց հերթական դասախոսությունը, որը նվիրված էր Իտալիայի հայ համայնքին։ Զեկուցումով հանդես եկավ Ազնիվ Ասլիկյանը։ Բանախոսը շատ ուշագրավ և հետաքրքիր տեղեկություններ հայտնեց Իտալիայում ապրող մեր հայրենակիցների մասին։ Անդրադառնալով պատմական անցյալին ու ներկային նա խոսեց հայ համայնքի մշակութային, գիտական և տնտեսական ձեռքբերումների մասին, ներկայացրեց համայնքի անվանի մարդկանց, խոսեց մայր հայրենիքի հետ նրանց կապի և համագործակցության մասին։
10/07/13
Հունիսի 15
Թանգարանում կայացավ ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանի «Աբու-Լալա Սահարի» կտավը տուն-թանգարանին նվիրելու արարողությունը։ Անվանի գեղանկաիչն իր արվեստակից ընկերների ու հարազատների հետ թանգարանի հյուրն էր՝ եկել էր սիրելի Վարպետի տուն-թանգարանին նվիրելու վերջին տարիներին արված իր գործերից մեկը՝ «Աբու Լալա Մահարի» աշխատանքը, որը նա նկարել էր հեռավոր Ֆրեզնոյում, 2011թին։ Թանգարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանը և Վարպետի թոռը՝ Ավիկ Իսահակյանը շնորհակալություն հայտնեցին անվանի արվեստագետին նվիրատվության համար, ցանկացան առողջություն, այնքան ուժ ու եոանդ, որ նա կարողանա շարունակել և համալրել իսահակյանական շարքը։
10/07/13
Հունիսի 1
Երեխաների պաշտպանության օրվա առթիվ թանգարանում կազմակերպված ուրախ հանդեսը նպատակ ուներ ինչպես շնորհավորել նրանց տոնի կապակցությամբ, այնպես էլ ամփոփել դպրոցի միջին և ցածր դասարանների համար թանգարանի մշակած և իրականացրած՝ «Ավետիք Իսահակյանի հեքիաթները» կրթական ծրագրի շրջանակներում արված աշխատանքները։ Կրթական ծրագրին մասնակցած՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցի 5֊րդ դասարանի աշակերտների և «Ծիլ բուսաց լավագույն աշխատանքներով կազմակերպվեց ցուցահանդես՝ Իսահակյանի «Ամենապիտանի բանը» և «Արևի մոտ» հեքիաթների թեմաներով։ Աշխատանքները շատ գեղեցիկ էին և հետաքրքիր, իսկ տոնի առիթով կազմակերպված ուրախ ու գունեղ հանդեսը ոգևորել և ուրախացրել թե´ երեխաներին, թե´ նրանց ծնողներին։
10/07/13
Մայիսի 25
«Սասնա ծռեր» էպոսի պատումները և մշակումները» թեմայով դասախոսություն կարդաց երիտասարդ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկ Համբարձումյանը։ Ներկաները մեծ ուշադրությամբ լսեցին նրան, քանի որ բանախոսը նյութը ներկայացրեց շատ խորը, ընդգրկուն և հետաքրքիր։
22/05/13
Մայիսի 18Թանգարանային գիշեր 2013
2013թ. մայիսի 18-ի երեկոյան մեկնարկեց արդեն ավանդույթ դարձած թանգարանների գիշեր ակցիան: Երեկոյան ժամը 18:00-ից մինչև ուշ գիշեր Երևանում մշակութային եռուզեռ էր: Ավ. Իսահակյանի տուն-թանգարան, Մատենադարան, Ռուսական արվեստի թանգարան, Երվանդ Քոչարի թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ…
Առաջին հայացքից փոքր թվացող Իսահակյանի հարկի տակ հյուրընկալվել էին ավելի քան 4100 այցելու: Սա թերևս աննախադեպ ցուցանիշ է հուշային թանգարանի համար, եթե հաշվի առնենք շրջակայքի հետաքրքիր թանգարանների առկայությունը: Ինչևիցե, հետաքրքիր էր տեսնել ինչ որ հայտնի գրողի դիմանկարը հայկական այբուբենի տառերով, կամ տեսնել, թե ինչպես են ավանդական ճանապարհով չինական թեյ պատրաստում, իսկ շատ ավելի հետաքրքիր էր գիշերվա լռության մեջ ունկնդրել Կոմիտասյան երաժշտություն Զանգակներ խմբի կատարմամբ:
15/05/13
Ապրիլի 23‹‹Ավ. Իսահակյանը և հայկական հարցը›› ժամանակավոր ցուցահանդես
Հայոց մեծ ողբերգության` Եղեռնի 100-րդ տարելիցի առիթով թանգարանը կազմակերպեց ‹‹Ավ. Իսահակյանը և Հայկական հարցը›› խորագրով ժամանակավոր ցուցահանդես` նպատակ ունենալով հանրությանը ներկայացնել Եղեռնի և Հայակական հարցի մասին Իսահակյանի խոհերն ու ապրումները:
19/04/13
Ապրիլի 13
‹‹Նախնականը և հավիտենականը Համո Սահյանի պոեզիայում›› թեմայով դասախոսություն կարդաց ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող բ.գ.թ. Լիլիթ Սեյրանյանը: Համո Սահյանի նուրբ և խորը պոեզիայի մասին նույնպիսի խորությամբ և ջերմությամբ խոսեց երիտասարդ գրականագետը, իսկ ներկաները մեծ ոգևորությամբ արտասանեցին սիրելի գրողի բանաստեղծություններից: Հնչեցին նաև Սահյանի խոսքերով գրված երգեր` Գոհար Մկոյանի և Նելլի Գրիգորյանի կատարմամբ: Նվագակցում էր Սոնա Աղաջանյանը:
19/04/13
Ապրիլի 11
Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը իր կողմից իրականացվող կրթական ծրագրերի շրջանակներում հերթական միջոցառումը անցկացրեց Երևանի Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտների հետ: Երեխաները կարդացին և վերլուծեցին Իսահակյանի առակները:
19/04/13
Ապրիլի 6
Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ` ‹‹Հայոց ողբերգության հետևանքները. հայկական սփյուռք›› խորագրով, թանգարանում անցկացվեց հերթական դասախոսությունը, որը նվիրված էր Շվեյցարիայի հայ համայնքին: Զեկուցումով հանդես եկավ Զարինե Պապիկյանը: Բանախոսը շատ ուշագրավ և հետաքրքիր տեղեկություններ հայտնեց Շվեյցարիայում ապրող մեր հայրենակիցների մասին: Անդրադառնալով պատմական անցյալին ու ներկային նա խոսեց հայ համայնքի մշակութային, գիտական և տնտեսական ձեռքբերումների մասին, ներկայացրեց համայնքի անվանի մարդկանց, խոսեց մայր հայրենիքի հետ նրանց կապի և համագործակցության մասին:
28/03/13
Մարտի 23
ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամը և Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը մարտի 23-ին ժամը 14:00 Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում կազմակերպեցին Ավ. Իսահակյանի ‹‹Աբու-Լալա Մահարի›› պոեմի ֆրանսերեն և հայերեն ընթերցումներ:
Ծրագրի բացմանը պաշտոնական հյուրերից ներկա էին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային կցորդ Ժան Միշել Կասբարյանը և ՀՀ Արտաքին գործերի նախարարության Ֆրանկոֆոնիայի գործերով խորհրդական Քրիստիան Տեր-Ստեփանյանը: Բացման խոսքով հանդես եկավ, մասնակիցներին ողջունեց և հետագա հաջողություններ մաղթեց թանգարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանը:
Միջոցառման ընթացքում մասնակիցները ընթերցեցին հատվածներ պոեմից (ֆրանսերեն, հայերեն), հնչեցին իսահակյանական խոսքերով գրված երգեր, այնուհետև ծավալվեց մտքերի և տպավորությունների ակտիվ փոխանակում, որի ընթացքում` մասնակիցների դրսևորած ստեղծագործական մոտեցման արդյունքում, ստեղծվեցին նոր փոքրիկ պոեմներ, էսսեներ:
Ուշագրավ է, որ նման միջոցաոում, նույն օրը, տեղի ունեցավ նաև Գյումրիում` Կազա մարդասրական հիմնադրամի մասնաճյուղի և Գյումրիում Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի մասնակցությամբ:
Սա ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամի հետ թանգարանի առաջին համագործակցությունն էր, որը շարունակական կլինի:
11/03/13
Մարտի 2
Եղեռնի 100-ամյակի առիթով թանգարանը ծրագրել և իրականացնում է դասախոսությունների շարք. ‹‹Հայոց մեծ ողբերգության հետևանքները` հայկական սփյուռք›› խորագրով:
Շարքի առաջին դասախոսությունը Ստամբուլի հայ համայնքի մասին էր: Զեկուցումով հանդես եկավ Լուսինե Թորոյանը: Միջոցառմանը մասնակցում էր նաև Ստամբուլում ծնված և երկար տարիներ այնտեղ ապրած պարոն Տիրան Լոքմագյոզյանը: Բանախոսները շատ հետաքրքիր փաստերի և պատմական ակնարկների միջոցով խոսեցին Ստամբուլի /30-40.000մարդ/ ներկայիս հայ համայնքի խնդիրների, գործունեության` մշակութային սոցիալ- տնտեսական և քաղաքական վիճակի մասին:
Ներկաները մեծ ուշադրությամբ լսեցին զեկույցը, որը ելնելով թեմայի կարևորությունից, անշուշտ, շատ էր հետաքրքրում լսարանին: Հանդիպման վերջում ունկնդիրները թեմային առնչվող բազմաթիվ հարցեր ուղղեցին բանախոսներին:
21/02/13
Փետրվարի 16
‹‹Հայ վեպի տիպաբանությունը›› թեմայով դասախոսությամբ հանդես եկավ բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանը: Երիտասարդ գրականագետը շատ հետաքրքիր ներկայացրեց հայ վեպի զարգացման առանձնահատկությունները:
20/02/13
Փետրվարի 10
Փետրվարի 10-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում իրենց առաջին մենահամերգով հանդես եկան երիտասարդ երգիչներ Իրինա Գուլումյանը և Անդրեաս Բադալյանը պրոֆեսոր Ռ. Հակոբյանցի գլխավորույամբ: Ծրագրում հնչեցին հայ և դասական երաժշտության գոհարներից: Նվագակցում էին Գոհար Մուրադյանը և Տիգրան Բունիաթյանը:
26/01/13
Հունվարի 25
Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ ‹‹Ավետիք Իսահակյան. Գիտական ընթերցումներ 2011›› գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին Գրողների միության նախագահ Լ. Անանյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, ինչպես նաև հայտնի գիտնականներ, թանգարանների տնօրեններ և այլք:
Շնորհանդեսի բացման խոսքով հանդես եկավ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանը: Թանգարանի տնօրենը հույս հայտնեց, որ Վարպետի ծննդյան 140-ամյակի կապակցությամբ ևս տեղի կունենա գիտական ընթերցումների նստաշրջան:
Ելույթ ունեցան նաև Լ. Անանյանը, Ավիկ Իսահակյանը, Վարդան Դևրիկյանը, Սամվել Մուրադյանը:
Շնորհանդեսը ուղեկցվեց դասական համերգով: