Միջոցառումներ - 2016


Թանգարանում անցկացվեց Ամանորի ուրախ հանդես:  

«Մի նկարի պատմություն» խորագրով թանգարանում անցկացված ցուցադրություն-դասախոսությանը նվիրված ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանի 85-ամյակին: Միջոցառմանը ներկա էր վաստակաշատ նկարիչ Վլադիմիր Գրիգորյանը: Զեկուցումով հանդես եկավ թանգարանի հանրահռչակման և ցուցադրության բաժնի վարիչ` Ռ. Մեսրոպյանը:
Ներկա էին նաև Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի սաները:  

Թանգարանում նշվեց Ավ. Իսահակյանի «Աղա Նազարը» հեքիաթի ստեղծման 105-ամյակը: Լ. Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոցի աշակերտները հանդես եկան հեքիաթի շատ հետաքրքիր և գեղեցիկ բեմադրությամբ:  

 

«Հիշարժան հոբելյաններ» խորագրով շարքից թանգարանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Միսաք Մանուշյանի ծննդյան 110-ամյակին: Զեկուցումով հանդես եկավ թանգարանի հանրահռչակման և ցուցադրության բաժնի վարիչ՝ Ռ. Մեսրոպյանը, իսկ Միսաք Մանուշյանի անվան դպրոցի աշակերտները ներկայացրին հետաքրքիր դրվագներ Մանուշյանի կյանքից ու ստեղծագործություններից՝ հայերեն և ֆրանսերեն: Ցուցադրվեց նաև տեսաֆիլմ:  

Նոյեմբերի 12-ին թանգարանում տեղի ունեցավ Ավ. Իսահակյանի «Լիլիթ» ստեղծագործության բրայլյան տարբերակով տպագրված գրքի շնորհանդեսը:
Նոյեմբերի 13-ը կուրություն ունեցող մարդկանց միջազգային օրն է: Այս նախաձեռնությամբ թանգարանը նպատակ ուներ Իսահակյանի ստեղծագործությունը հասանել դարձնելու նաև այդպիսի խնդիրներ ունեցող մարդկանց: Հարկ է նշել, որ բրայլյան տարբերակով Իսահակյանի ստեղծագործությունը լույս է տեսնում առաջին անգամ:
Թանգարանի տնօրեն Ա. Խորենյանը խոսելով նախաձեռնության մասին, նշեց, որ թանգարանը նպատակ ունի հնարավորության դեպքում տպագրել նաև Իսահակյանի մյուս ստեղծագործությունները: Գիրքը լույս է տեսել ՀԿՄ հրատարակչությունում, տնօրեն` Թելման Բոյաջյան:
Ստեղծագործությունը բացի բրայլյան տարբերակից հրատարակվել է նաև «խոսող գիրք» ձևաչափով: Տեքստը կարդացել է Կարեն Վարդանյանը: Գրքի օրինակները բաժանվեցին այն կազմակերպություններին, որոնց համար նախատեսված էր: Գրքի մի օրինակը նվիրվեց «faceգիրք» մրցույթի մրցանակակիր Արսեն Գևորգյանին, որը երազում էր ունենալ բրայլյան տարբերակով հրատարակված գրականություն: Ելույթ ունեցան ՀԿՄ երաժշտական կոլեկտիվների երգչախումբը, դիրիրժոր`Կարո Ալեքսանյան:
Պատանի Արսենը նվագեց Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից մեկը, իսկ Բորիս Չթչյանը արտասանեց Ավ. Իսահակյանի բանաստեղծություններից:  

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում նշվեց Վարպետի ծննդյան 141-ամյակը: Միջոցառմանը ներկա էին և ելույթ ունեցան ֆրանսիացի նշանավոր հայագետ Ժան-Պիեռ Մահեն, բ.գ.դ. պրոֆ. Ավիկ Իսահակյանը, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, մանկագիր Սուրեն Մուրադյանը, բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանը: Միջոցառմանը մասնակցեցին թիվ 37 դպրոցի աշակերտները, ղեկավար` Անուշ Բաբայան, ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ և գործիքային բաժնի ուսանողները, Քառօրյա պատերազմի մասնակից, «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի սան Արթուր Խաչենցը: Բացվեց թանգարանի ֆոնդերում պահվող լուսանկարների ցուցահանդես՝ «Իսահակյանը և հայրենի բնաշխարը» խորագրով:  


«ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ»
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Նոր Նորքի Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի նկարչության խմբակի սաների աշխատանքների ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված Վարպետի ծննդյան 141ամյակին:

Մեծերի ժամանակն անվախճան է. Հոկտեմբերի 17-ին՝ Վարպետի մահվան օրը, Երևանի Կոմիտասի անվան պանթեոնը կրկին մարդաշատ էր.Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի աշխատակիցները, Ավ. Իսահակյանի անվան գրադարանը, Վարպետի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, բազմաթիվ մտավորականներ, բանաստեղծներ, աշակերտներ եկել էին հարգելու մեծ բանաստեղծի՝ Ավետիք Իսահակյանի հիշատակը:  

Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը կազմակերպել էր մեծարման միջոցառում՝ նվիրված ուսուցչի տոնին: «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի ուսանողները (ղեկավար՝ ՍաթենիկԱբրահամյան) պատրաստել էին շատ հուզիչ և գեղեցիկ ողջույնի խոսք: Միջոցառումը զարդարեց «Վան» ազգագրական երգի-պարի համույթը: Թանգարանը ներկայացրեց նոր կրթական ծրագրերը:  

Դասախոսություն-ցերեկույթ` նվիրված Օսիպ Մանդելշտամի 125-ամյակին:  

«Մշակութային երկխոսություն» խորագրով միջոցառում Հայաստանում ազգային փոքրամասնությունների համայնքների հետ:  

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Հին Երևանը 20-40–ական թվականների հայ դասականների պատմվածքներում և հուշերում» ռուսերեն գրքի շնորհանդեսը («Ծիծեռնակ» հրատարակչություն): Կազմող և թարգմանիչ՝ Կարինե Խալաթովա: Կազմակերպիչներ` Ավ. Իսահակյանի տուն-թանգարան, Հայաստանի գրողների միություն, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:

«Ավ. Իսահակյանի հեքիաթները և առակները» համակարգչային մրցույթի մրցանակաբաշխություն:  


 

Միջոցառում` նվիրված աշուղ Ջիվանու 170- ամյակին:  

Ծիրանի անսամբլի «Գործ 1» ձայնասկավառակի նորամուտը կայացավ:
Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի հյուրընկալ սրահում հանդիսատեսը ծանոթացավ ձայնասկավառակի պարունակությանը անսամբլի կենդանի կատարմամբ:  

Թանգարանի հյուրերն էին «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության շահառուները:


«ԱՐԵՎԻ ՄՈՏ»
Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում գործում է ամառային դպրոց: Իսահակյանական աշխարհում երեխաները ստանում են գիտելիքներ և հմտություններ՝ ինտերակտիվ խաղերի, ձեռքի աշխատանքների, թեմատիկ խաղ-էքսկուրսիաների միջոցով: Շտապե´ք գրանցվել, տեղերը սահմանափակ են:  

Թանգարանում տեղի ունեցավ Մարտիրոս Սարյանի անունը կրող դպրոցի աշակերտների նկարների ցուցադրությունը` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Վարպետի տունը լի էր գույներով և ուրախ ժպիտներով:  

Թանգարանում կայացավ «Հայրենի տուն» խորագրով միջոցառում Արաբկիր համայնքի N31 մանկապարտեզի նախադպրոցական խմբի մասնակցությամբ: (Տնօրեն` Մարինա Ամիրյան, խմբի դաստիարակ` Իսկուհի Քերմելյան): Միջոցառումը նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյակին: Երեխաները մեծ ոգևորությամբ հանդես եկան Իսահակյանի հարկի տակ:  


 
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ

      «Վան» ազգագրական համույթի ելույթը
  Համերգ. նվագում են երիտասարդ երաժիշտներ Էդգար Ենգիբարյանը (կիթառ) և Գնել Հարությունյանը (ֆլեյտա):
Դասական երաժշտության երեկո:
Մարտին Գրիգորյանի գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը՝ Ավ. Իսահակյանի «Լիլիթ» լեգենդի մոտիվներով:
Քայլերթ Ավ. Իսահակյանի արձանի մոտից մինչև Ավ. Իսահակյանի տուն-թանգարան:

Թանգարանների միջազգային օրը` «Դու հավերժող իմ Հայաստան» խորագրով միջոցառմանը մասնակցեցին Ավ. Իսահակյանի, Ստ. Շահումյանի, թիվ 140 դպրոցի աշակերտները և ԵՊՀ «Վարդանանք» ակումբի ուսանողները:

Թանգարանում տեղի ունեցավ դասախոսություն` նվիրված Ավ. Իսահակյանի «Լիլիթը» լեգենդի ստեղծման 95-ամյակին: Դասախոսությունը վարեց թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը:

Թանգարանում կազմակերպվեց հերթական դասախոսությունը՝ նվիրված Եղեռնի 101-րդ տարելիցին: «Օտարազգի նշանավոր գործիչների հայանպաստ գործունեությունը» թեմայով զեկուցում կարդաց թանգարանի աշխատակից Ցողիկ Նազարյանը: Ներկաները մեծ հետաքրքրությամբ լսեցին բովանդակալից և ընդարձակ զեկուցումը:  

Թանգարանում իրականացվեց «Ավ. Իսահակյանի հեքիաթները» խորագրով հերթական կրթական ծրագիրը: Ծրագրին մասնակցում էին Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցի աշակերտները, այդ թվում նաև ներառական համակարգ ընդգրկված երեխաները:

Անկախության 25 ամյակին նվիրված միջոցառմանը հյուրընկալվել էին Արցախյան ազատամարտում զոհված համալսարականների մայրերը և հարազատները:
Ներկաներին իրենց ելույթով ողջունեցին «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի սաները (ղեկավար` Սաթենիկ Աբրահամյան) և թիվ 140, Ավ. Իսահակյանի և Ս. Շահումյանի անվան դպրոցների աշակերտները:

Թանգարանում իրականացվեց «Իսահակյանի հեքիաթները և առակները» կրթական ծրագիր` Գեղագիտական կենտրոնի սաների մասնակցությամբ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում թանգարանում բացվեց ժամանակավոր ցուցադրություն. ներկայացվեցին Իսահակյանի անձնական գրադարանում պահվող ֆրանսիական դասական գրականության գրքեր, որոնք Վարպետը ձեռք է բերել Փարիզում: Այնուհետև մասնակիցներ Լիլիթ Գևորգյանը, Լիանա Մելքոնյանը և Ժանետա Ռուշանյանը ներկաներին ծանոթացրին ֆրանսիացի սիմվոլիստ գրողների կյանքն ու ստեղծագործությունը: Հնչեցին նաև Ստեֆան Մալարմեի, Պոլ Վեռլենի հիասքանչ բանաստեղծությունները: Լիանա Մելքոնյանը հանդիսատեսին հիացրեց ֆրանսիական հայտնի երգերի կատարումներով:  

Պոեզիայի միջազգային օրվա առթիվ թանգարանը մարդաշատ էր: Իրենց գեղեցիկ ասմունքով ներկայացան ԵՊՀ-ի տարբեր ֆակուլտետների ուսանողներ: Հաճելի դաշնամուրային երաժշտության ներքո հնչեցին ինչպես հայ դասական հեղինակների` Սայաթ-Նովա, Իսահակյան, Տերյան, Չարենց, Սևակ, Սահյան, այնպես էլ համաշխարհային պոեզիայի գոհարներից` Պետրարկա, Շեքսպիր, Բայրոն, Շառլ Ազնավուր: Միջոցառումը վերածվեց իսկական տոնի. մասնակից էր նաև հանդիսատեսը: Ներկաները մեծ ոգևորությամբ ասմունքում էին իրենց սիրելի հեղինակների բանաստեղծությունները:  

 

 

Թանգարանի գիտակրթական ծրագրերի շրջանակներում` հերթական դասախոսությունն անցկացրեց ԵՊՀ-ի դասախոս, բ.գ.թ. Նվարդ Վարդանյանը: Բանախոսը խոսեց հայ բանահյուսության մեջ կնոջ դերի մասին` հետաքրքիր անդրադարձ և համեմատական կատարելով հայկական հեքիաթների, հայ ժողովրդական էպոսի` «Սասնա Ծռերի», կանանց և մեր օրերում ապրող կանանց կերպարների մեջ:
Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ լսում և հարցերի միջոցով քննարկում էր թեման:

Թանգարանում տեղի ունեցավ կրթական միջոցառում` Երևանի 140-րդ հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ: Միջոցառումը կազմակերպել էր ուսուցչուհի Թ. Գույումջյանը: Երեխաները ոչ միայն բովանդակալից ներկայացրին Վարպետի կյանքի ու գործունեության հետաքրքիր դրվագները, այլև շատ հուզիչ ու գեղեցիկ արտասանեցին Վարպետի անմահ բանաստեղծությունները:  

Հերթական միջոցառումը նվիրված էր մայրության և գեղեցկության, գարնանային գեղեցիկ տոներին:
Թանգարանը հյուրընկալել էր Արցախյան ազատամարտում զոհված համալսարականների մայրերին, քույրերին և կանանց: «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի սաները (ղեկավար` Սաթենիկ Աբրահամյան) պատրաստել էին երախտագիտության և նվիրումի գեղեցիկ խոսք` նվիրված արժանավոր զավակների արժանավոր մայրերին և հարազատներին: Միջոցառումը հուզիչ էր և ջերմ:  

Փետրվարի 21-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ մայրենիի տոնին նվիրված գեղեցիկ միջոցառում: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան ԵՊՀ-ի «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի ուսանողները: Հնչեցին մայրենիին նվիրված ստեղծագործություններ և ազգային երգեր: Միջոցառման վերջում մասնակիցներին հուզիչ խոսք հղեցին արցախյան հերոս, գեներալ-մայորԱրկադի Տեր-Թադևոսյանը (Կամանդոս) և ակումբի ղեկավար Սաթենիկ sԱբրահամյանը:  

Փետրվարի 20-ին թանգարանի հյուրն էր բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:  












Էջի սկիզբ