ԹԱՆԳԱՐԱՆ »» ԿԱՐԾԻՔՆԵՐ
Այցելուները թանգարանի մասին.
Անչափ շնորհակալություն այս հարստացնող, մեծ սիրալիրությամբ ու ժպիտով ընդունելության համար:
16/06/2007 | Երջինիա Բալյու, Ֆրանսիա
Շնորհակալություն ջերմ ընդունելության` հիշողություններով ու հոգեպարար հանգստությամբ լի այս տանը լավ ժամանակ և բովանդակալից էքսկուրսիա անցկացնելու համար: Անչափ տպավորված եմ:
06/05/2007 | Տ. Ջ. Մարան, Լեհաստան
Պարզապես հիացած ենք: Երբեմն խոսքերն ավելորդ են լինում` արտահայտելու անմիջական տպավորությունները, հիմա մենք հենց այդ զգացողությունն ունենք: Մի առանձին սիրով ենք համակվում, երբ մեր իսկ աչքերով ենք տեսնում Մեծն Իսահակյանի իրերը: Այստեղ զգում ենք նրա կենդանի շունչն ու մտածողի վեհությունը: Մեզ համար մեծ երջանկություն է լինել Վարպետի տանը, տեսնել նրանից մնացած մասունքները: Անշուշտ, այս գեղեցիկ ազդեցությունը կուղեկցի մեզ ողջ կյանքում:
‹‹Վիլյամ Սարոյան›› համալսարանի ուսանողներ
Ես` Վարսենիկ Ղարախանյանս, մեծ սիրով և հպարտությամբ ամուսնուս, մորս և եղբորս հետ այցելեցի իմ ամենասիրած բանաստեղծի` Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը: Հոգիս թնդում է սիրով և հույզով: Եկա հեռավոր Սիդնեյ քաղաքից և մի քանի րոպե ապրեցի իմ Հայաստանում, իմ Երևանում: Ես սիրում եմ Ձեզ իմ հայ ժողովուրդ և իմ հայրենիք:
06/06/2007 | Վարսենիկ Ղարախանյան
Հրաշալի տուն-թանգարան, մեր մշակույթի Կենտրոններից մեկը, նաև մեր Վարպետներից մեկը: Նույնպիսի տնօրինություն՝ մեծից փոքր, որ այսպես հոգատար ու հրաշալի պահում, պահպանում են մեծ Վարպետից մնացած թանկագին մասունքները:
20/05/2006 | Շնորհակալություն՝ Հենրիկ Մամյան (ժողովրդական նկարիչ)
Անչափ հուզիչ է հյուրընկալվել մեծ Վարպետի տանը: Թանգարանը յուրահատուկ է իր մեծ հավաքածուով: Թերևս ոչ մի թանգարանում բնօրինակն այնքան նույնությամբ պահպանված չէ, որքան այստեղ, որն, ինչ խոսք, անչափ հետաքրքիր է: Կարծում եմ և համոզված եմ, որ այսօր թանգարան այցելած մեր ապագա ճարտարապետներն ու շինարարները հետագայում իրենց ներդրումը կունենան Վարպետի տան համար` ի նշան խորին երախտագիտության:
Ամեն անգամ այս թանգարան այցելելիս միշտ անջնջելի և հիանալի տպավորություն ես ստանում: Անչափ հետաքրքիր և ուսանելի էր հատկապես աշակերտների համար: Տեսնել, լսել և սովորել մեր մեծերից, հպարտանալ նրանցով: Շատ հաճելի էր: Մենք հպարտ ենք, որ ունենք այսպիսի մեծ բանաստեղծ:
Կոտայքի մարզի Քանաքեռավանի միջնակարգ դպրոց, 9-րդ դասարան
Բազմիցս եղել ենք Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում և այնտեղ միշտ զգացել հանճարեղ գյումրեցու տաղանդի մեծությունը, նրա տիեզերական փիլիսոփայությունը մարդու կյանքի ու հավերժության մասին: Լսել ենք աշխատակիցների բարձրարվեստ, գիտակ խոսքը հանճարեղ բանաստեղծի կյանքի ու գրականության մասին, նրանց մեծ բանատեղյակությունը պոետի անցած գրական ուղու շուրջ: Շնորհակալություն:
Թիվ 78 դպրոց
Սփյուռքի զանազան գաղթօջախներից վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար Երևան այցելած սփյուռքահայ ուսուցիչներս գտնվեցինք Վարպետի տուն-թանգարանում և հոգեկան մեծ գոհունակությամբ և բավարարվածությամբ հաղորդակից դարձանք անոր շունչին: Մեծ գնահատանք այս տուն-թանգարանը պահող աշխատողներին:
18/08/2005 | Սփյուռքահայ ուսուցիչներ
Շատ հուզված և գոհ եմ, որ այցելեցի, ճանաչեցի այս հրաշալի թանգարանը, ուր ապրել է հայ մեծ բանաստեղծ Ավ. Իսահակյանը: Երջանիկ եմ, որ հաղորդակից դարձա նրա կյանքին ու ստեղծագործությանը և ծանոթացա այստեղ աշխատող լավ մարդկանց հետ: Սիրում եմ քեզ, Հայաստա՛ն: Մինչ նոր հանդիպում, Հայաստա՛ն:
16/02/2005 | Քո ընկեր Գուստավո: Իսպանիա
30/09/2003թ այցելեցի Ավ. Իսահակյանի տուն-թանգարան. շատ հետաքրքրական գտա իր կյանքը և թանգարանը: Ասիկա յուրահատուկ այցելություն էր ինձի համար, քանի որ կբնակվիմ Միացյալ Նահանգներ` Նևադա նահանգին մեջ: Իսահակյանի մասին շատ լսած ու կարդացած էի, բայց այս այցելությունը հարստացրեց և ամբողջացրեց իմ ծանոթությունը: Շնորհակալություն ամենի համար:
30/09/2003 | Հերմինե և Արմեն Մնացականյաններ, ԱՄՆ
Այցելելով Ավ. Իսահակյանի տուն-թանգարան մեծ՝ բավականություն ստացանք: Մեկ անգամ ևս հաղորդակից եղանք և ճանաչեցինք մեր հոգևոր արժեքները: Շնորհակալություն ենք հայտնում թանգարանի աշխատողներին բարեխիղճ և նվիրումով աշխատանքի համար:
2003թվական | Քաղաք Աշտարակ, Ն. Աշտարակեցու անվան դպրոց, 5-րդ դասարան
Մեծ Վարպետի տուն-թանգարանը արժանավայել ուշադրությամբ և սիրով է պահվում աշխատակազմի շնորհիվ: Մտածված ու կայացած հանդիպումները դպրոցականներից մինչև Վարպետի ժամանակակիցների հետ հուշապատումների ձևով, տունը լցնում են կենդանի շնչով ու հուզիչ ջերմությամբ, անսահման սիրով ու ակնածանքով դեպի անմահ Վարպետը:
Շնորհակալություն ի սրտե:
06/06/2003 | Ալեքսանդր Գրիգորյան` ժողովրդական նկարիչ
Ամեն անգամ, երբ մտնում եմ ներհուն, իմաստուն և հանճարեղ բանաստեղծի այս հարկի տակ, զգում եմ մարդկային հոգու էություն, նրա ջերմությունն ու հավերժությունը: Սա մեր երկրում այն եզակի հոգևոր կենտրոններից է, ուր մարդը գտնում է ինքն իրեն: Թող Աստված ընդմիշտ պահպանի այս հոգևոր աշխարհը, առանց որի մենք գոյություն չունենք:
15/09/2003 | Հենրիկ Էդոյան` բանաստեղծ
‹‹... այն ազգը, որ ոճ չունի, չի կարող հարատևել››,- ասում էր Վարպետը: Այդ խրատը ոսկե գինդ դարձավ մեր նորօրյա ճարտարապետների ականջներին, Թամանյանի հիմնադրած ուղղությանը պատկանող վարպետներին: Վարպետի ծննդյան տարելիցի առթիվ ճարտարապետները Վարպետի տան այգում տեղադրեցին շնորհաշատ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կերտված տուֆաքարե նստարանը:
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում տուն- թանգարանի աշխատակազմին, սիրով մասնակցում եմ այստեղ կազմակերպված բոլոր միջոցառումներին:
Շնորհակալություն ի սրտե:
30/05/2002 | Վարազդատ Հարությունյան` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, վաստակավոր ճարտարապետ
Առաջին անգամ այս տանը եղել եմ շատ ու շատ տարիներ առաջ, հասկանալի է սկզբում վարանումով, նույնիսկ երկյուղով, բայց այդ երկյուղը չքանում էր իսկույն տանտիրոջ սիրալիր, ժպտադեմ վերաբերմունքից: Հիմա արդեն մեր այնքան սիրելի Վարպետը չկա և մենք` Վարպետի հետնորդներս, երախտապարտ ենք այն մարդկանց, ովքեր հանձն են առել Վարպետի տունն ու տեղը պահել, պահպանելու սրբազան գործին:
14/05/2002 | Լևոն Հախվերդյան
Ես տարիներ շարունակ ելումուտ եմ արել այստեղ, երբ այս` Պլեխանովի փողոցի թիվ 30 շենքը դեռ տուն էր, այս սեղանը, գրասեղանը, բազկաթոռը, ընդամենը սեղան էր, գրասեղան, բազկաթոռ: Մի ակնթարթի մեջ, երբ կանգ առավ այս տան տիրոջ սիրտը, տունը դարձավ տուն-թանգարան` սեղանը, գրասեղանը, բազկաթոռը և բոլոր մյուս իրերը դարձան ցուցանմուշներ, թանկագին մասունքներ... Խորապես գնահատում եմ տուն-թանգարանի բոլոր նվիրյալների ջանքերը, պահել-պահպանել այս մասունքները և հաղորդել ամեն այցելուի:
18/04/2002 | Սիլվա Կապուտիկյան
Ես ինձ զգում եմ երջանիկ, որ 82 տարեկան հասակումս հաճախեցի իմ սիրելի, իմ թանկագին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան և հիշեցի ինչքան օրեր, ժամեր եմ անցկացրել այդ մեծ Վարպետի հետ:
Հայ-Բրիտանական խորհրդարանական խմբի անունից շնորհակալություն ենք հայտնում այս ընդունելության համար:
Հիացած եմ պատմության, մշակույթի և մեծանուն պոետի հանդեպ ձեր նվիրումով:
Նույնպիսի զգացումով Բարոնի հայրենիքից:
05.02.02 | Բարոնուհի Քերոլայն Քոքս
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության լորդերի պալատի անդամ, Բրիտանահայկական համակուսակցախորհրդարանական խմբի նախագահ
Սա շատ ճոխ թանգարան է հայ պատմության համար: Կեցցե Ձեզ, որ այսպես հարուստ թանգարան եք ստեղծել և այս լավագույն վիճակով պահել:
1995թվակա | Սերգեյ Մնացականյան, Գլենդել Կալիֆոռնիա
Թախծոտ մի օր այցելեցինք Իսահակյանի տուն-թանգարան և մեզ թվաց, թե նա նոր է դուրս եկել տնից: Շատ ուրախ կլինեիք, եթե դուռը բացեր ինքը` Իսահակյանը:
1990թվական | 41 միջն դպրոցի աշակերտներ
Այցելելով Ավ. Իսահակյանի տուն-թանգարան ես ավելի լավ ծանոթացա Հայաստանին, նրա գեղեցկությանը և պոեզիային: Իզուր չէ, որ Գյոթեն ասել է` պոետին ճանաչելու համար պետք է լինել նրա հայրենիքում: Իսահակյանի անունը զարդարում է ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային գրականությունը: Շնորհակալություն ամեն ինչի համար բոլոր նրանց, ովքեր վառ են պահում բանաստեղծի հիշատակը:
21/09/1985 | Տուրիստ Օրեխո Զուևոյից, Մոսկվայի մարզ` Կոնստանտին Տիտով ինժեներ
Մեծ հուզմունքով ու սիրով դիտեցի իմ պաշտելի բանաստեղծի` Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը: Երջանիկ եմ, որ Վարպետի տանը եղել եմ նրա կենդանության օրոք, լսել նրա իմաստուն զրույցները: Տուն-թանգարանը բազմաթիվ հուշեր արթնացրեց իմ մեջ: Այսօր ես մեկ անգամ ևս խոնարհում եմ իմ գլուխը հանճարեղ Վարպետի անթառամ հիշատակի առջև:
06/04/1983 | Սամվել Գրիգորյան
Մենք` Դիլիջանի թիվ 1 միջն դպրոցի 10-րդ դաս-ի աշակերտներս այցելեցինք Ավ. Իսահակյանի տուն-թանգարան: Մեծ ոգևորությամբ դիտեցինք ցուցադրությունը և մասնակից եղանք բանաստեղծի խոր ու մարդկային զգացմունքներին, որ մարմնավորված են նրա ստեղծագործություններում: Այցելությունը թանգարան ավելի հարստացրեց և խորացրեց մեր գիտելիքները Վարպետի մասին:
12/12/1976 | Դիլիջանի թիվ 1 միջն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ
Մենք բոլորս մեր երախտագիտությունն ենք հայտնում մեծ պոետի ստեղծագործության նկատմամբ բարեխիղճ և հիանալի վերաբերմունքի համար: Իսահակյանի ստեղծագործությունը թանկ է թե' հայ, թե' ռուս ժողովուրդների համար: Պատմական անցյալի և գալիքի Ձեր սրտակից ընկերներ:
06/10/1976 | Մի խումբ ռուս գրողներ.
Պյոտր Պրոսկուրին,
Ֆյոդոր Աբրամով,
Նիկոլայ Դամդիմով,
Յուրի Կոմարով
Շատ մեծ ուրախությամբ եղանք մեծ բանաստեղծի տուն-թանգարանում և սրտի թրթիռով դիտեցինք այն ամենը, ինչ թողել է մեր սիրելի բանաստեղծը ապագա սերունդներին: Հոգաչափ շնորհակալություն թանգարանի աշխատակիցներին իրենց շնորհալի աշխատանքի և այս ամենը լավ պահելու համար:
1974թվական | Շ. Սիմավոնյան և Մանյա Թորոսյան
Դոնի - Ռոստով
Խոր հուզումով կըհիշեմ, թե 1957-ի սկզբներուն այցելեցի Վարպետին և իրեն նվիրեցի արաբական ‹‹ակալը››: Նայեցավ, դրավ գլխուն և ժպալով ըսավ. ‹‹Դարձա իսկական Աբու-լալա Մահարիակալը››: Հիմա քսաներկու տարիներ ետք, երբ կայցելեմ իր տուն-թանգարանը, կարծես այստեղ է միշտ և կըխոսի ինձի հետ: Վարպետը բացակա է, բայց ներկա է միշտ:
21/01/1979 | Գառնիկ Ադդարյան
Երևանի Շիրվանզադեի անվան միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներս եղանք մեծ Վարպետի տուն-թանգարանում: Ընդունելությունը շատ ջերմ և հարգալից էր, իսկ բացատրությունները`հագեցած, կենդանության շունչը պահպանող: Հարսը` Բելան կարծես թե հավերժին հավերժացնողն է իր զգացմունքների խորությամբ ու Վարպետի նկատմամբ տածած սիրո, հարգանքի, պատկառանքի հատուցմամբ: Նրա ներկայությունը միշտ պահպանում է պոետին կենդանի և Իսահակյանը միշտ կմնա մարդկանց սրտերում:
02/02/1968 | Շիրվանզադեի անվան դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ
Հայ ժողովրդի մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանն այցելելիս անսահման հուզմունքով լցվեց իմ սիրտը: Ճանաչել էի նրան Փարիզում և անչափ տպավորվել էի նրա հմայքով` խորը աչքերն ու բարի ժպիտը: Ինձ թվում էր, թե ես հանդիպում եմ նրան իր բնակարանի ամեն անկյունում: Ավ. Իսահակյանը անչափ սիրելի էր ամենին իր ներշնչող բանաստեղծություններով:
18/07/1967 | Սիրանուշ Մարմարյան, Փարիզ
Այցելեցի պաշտելի Վարպետի տուն-թանգարան և հուզմունքով վերապրեցի նրա ներկայությունը: Հարազատ ու սիրով լցված աշխատակիցների հոգածությունը զգացվում է ամեն մի առարկայի նկատմամբ:
27/12/1964 | Կարո Ղաֆադարյան` պրոֆեսոր
Մեծ հպարտությամբ և հուզմունքով այցելեցի Իսահակյանի տուն-թանգարան: Հայաստանի պոեզիայի հրաշալի Վարպետը միշտ կլինի նրա հավերժական փառքը: Թանգարանից ստացած մեծ տպավորությունն ընդմիշտ կմնա իմ հիշողության մեջ:
02/11/1963 | Վիկտոր Կաչևսկի՝ բանաստեղծ
Սիրով, շատ սիրով դիտեցինք տուն-թանգարանը հայ գրականության նահապետի, որի անունը կապրի դարեդար:
31/10/1963 | Յա. Զարոբյան՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարուղար