Միջոցառումներ - 2011
1 2 |
28/12/11
Դեկտեմբերի 24-ին թանգարանում կազմակերպվեց Ամանորյա նախատոնական հանդես, որին մասնակցում էին երևանի թիվ 76 դպրոցի և Ֆ. Նանսենի անվան թիվ 150 դպրոցի աշակերտները: Ուրախ երգերով, պարերով ու խաղերով երեխաներին զվարճացրեց Բումբումիկ ծաղրածուն, իսկ Ձմեռ պապի ու Ձյունանուշի գալը իսկական տոնախմբության վերածեց հանդեսը:
Ընթացքում միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան դիտելու Իսահակյանի ‹‹Արևի մոտ›› հեքիաթի թեմաներով արված իրենց իսկ աշխատանքների ցուցահանդեսը: Երեխաներն ուրախ հեռացան թանգարանից:
20/10/11
Նոյեմբերի 18-ին
թանգարանում անցկացվեց գիտական ընթերցումներ` նվիրված «Աբու-Լալա Մահարի» պոեմի 100-ամյակին: Իսահակյանական թեմաներով զեկուցումներով հանդես եկան ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի և այլ բուհերի անվանի գիտնականներ հետևյալ ծրագրով.
Ավ. Իսահակյանի ակադեմիական հրատարակության ներկա վիճակը և ծրագրերը
Ավիկ Իսահակյան, բ.գ.դ., պրոֆեսոր
Թումանյանը և Իսահակյանը զուգադրական փոխադարձ բնորոշումներում
Ս. Հովհաննիսյան, բ.գ.դ.
Ավ. Իսահակյանի մի շարք անտիպ երկերի մասին
Ա. Վարդանյան, բ.գ.թ.
Ավ. Իսահակայան և Հովհ. Շիրազ առնչությունները
Ս. Մուրադյան, բ.գ.դ.
Միջնադարյան հայ գրականությունը և Ավ. Իսահակյանը
Վ. Դևրիկյան, բ.գ.թ.
Արևմտահայ բանաստեղծները և Ավ. Իսահակյանը
Վ. Կիրակոսյան, բ.գ.դ.
Ազատության ձգտող հերոսի տիպը Ավ. Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմում
Ա. Խորենյան, բ.գ.թ.
Ավ. Իսահակյան պոետիկայի առանձնահատկություննեևը ռուսերեն թարգմանություններում
Զ. Հայրյան, բ.գ.թ.
Ավ. Իսահակյանը և Լևոն Շանթը
Ա. Մանուկյան, բ.գ.թ.
Զեկուցումները շատ հետաքրքիր էին և բովանդակալից: Ներկաները հիացմունքով և մեծ ոգևորությամբ լսեցին:
18/10/11
Նոյեմբերի 17-ին
թանգարանում կրկին հյուրընկալվել էին թիվ 76 դպրոցի աշակերտները` մասնակցելու «Իսահակյանի հեքիաթները» կրթական ծրագրի հերթական փուլին:
Այս անգամ նրանց համար ընթերցվեց «Արևի մոտ» հեքիաթը: Դասն անցկացրեց թանգարանի ավագ գիտաշխատող Ցողիկ Նազարյանը: Երեխաները մեծ ուշադրությամբ և հետաքրքրությամբ լսեցին հեքիաթը, նրա օգնությամբ վերլուծեցին, վերապատմեցին, որից հետո նրանց առաջարկվեց նկարել, թղթին հանձնել իրենց լսածը և զգացածը:
Երեխաները մեծ ոգևորությամբ անցան հանձնարարության կատարմանը` մանավանդ որ գիտեին, որ լավագույն աշխատանքները ցուցադրվելու են թանգարանում: Դասի վերջում երեխաներից յուրաքանչյուրը ներկայացրեց և մեկնաբանեց իր աշխատանքը, իսկ դասընկերները թանգարանի աշխատակցի օգնությամբ գնահատում էին դրանք: Աշխատանքները ինքնատիպ էին և յուրօրինակ: Այդ պատճառով էլ որոշվեց բոլորն էլ ընտրել ցուցադրության համար:
18/10/11
Նոյեմբերի 15-ին «Իսահակյանի հեքիաթները» կրթական ծրագրին մասնակցում էին Ֆ. Նանսենի անվան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի աշակեչտները ուսուցիչների` Անուշգրիգորյանի, Կարինե Համբարձույանի և Անահիտ Առաքելյանի գլխավորությամբ: Միջոցառումն անցկացրեց թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ռ. Մեսրոպյանը:
Երեխաների համար կազմակերպված համառոտ, ճանաչողական էքսկուրսիայից հետո ընթերցվեց «Ամենապիտանի բանը» հեքիաթը:
Այնուհետև Ռ. Մեսրոպյանի օգնությամբ երեխաները վերլուծեցին, վերապատմեցին հեքիաթը և ներկայացրեցին դերերով: Դասն անցավ աշխույժ և ակտիվ մթնոլորտում: Երեխաները տպավորված էին և ոգևորված մանավանդ,որ այդ ամնեը անցկացվում էր Իսահակյանի տուն-թանգարանում հեքիաթի համար հաուկ կարված հանդերձանքով: Միջոցառման վերջում երեխաները խստովանեցին, որ անհամբերությամբ կսպասեն հաջորդ հանդիպմանը, որի ընթացքում նրանք կծանոթանան Իսահակյանի մեկ այլ` «Արևի մոտ» հեքիաթի հետ, իսկ հեքիաթի թեմաներով արված լավագույն նկարազարդումները կցուցադրվեն տարեվերջին թանգարանում ցուցահանդեսին:
17/10/11
Նոյեմբերի 12:
Հանդիպում «Արմենիա» անձնակազմի հետ:
Թանգարանում կազմակերպվեց հանդիպում «Արմենիա» նավի անձնակազմի հետ: Անձնակազմի անդամներ` Արմեն Նազարյանը, Հայկ Բադալյանը և Սամվել Բաբասյանը պատմեցին «Արմենիա» առագաստանավի` հայ ժողովրդի պատմության մեջ առաջին շուրջերկրյա նավարկության առաքելության, նպատակների, անցած ուղու և ձեռքբերումների մասին: Ուշագրավն այն է, որ Մեսրոպ Մաշտոց անունը կրող գիտարշավը, որ նվիրված էր օտարության մեջ հայկական բոլոր պատկանելությունները պահպանած հայ մայրերին, իրագործվել է Հայաստանի Հանրապետության, Հայ առաքելական եկեղեցու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրողների ներքո և որ այս ազգանվեր առաքելությամբ «Արմենիա» առագաստանավը ճամփորդել է բոլոր 5 աշխարհամասերում` նախկինում եղած և ներկայում գոյություն ունեցող հայկական գաղթօջախներում` հայկական պատմական և արդի բոլոր հուշարձանների մասին տեղեկություններ հավաքելով:
«Արմենիա» նավի անձնակազմի ղեկավարն էր անվանի գրող, հրապարակախոս Զորի Բալայանը: Ներկաները մեծ ուշադրությամբ և հպարտությամբ լսեցին այս հայրենասեր և հերոս մարդկանց, միաժամանակ իրենց երախտիքի խոսքը հղելով անձնակազմի մյուս անդամներ` Սամվել Սարգսյանին, Սամվել Կարապետյանին, Մուշեղ Բարսեղյանին, Վահագն Մաթևոսյանին, Սարգիս Կուզանյանին:
30/09/11
Հոկտեմբերի 30
Մեծանուն բանաստեղծի ծննդյան 136-ամյակի կապակցությամբ թանգարանում տեղի ունեցավ հանդիսություն և շնորհանդես` Ավ. Իսահակյան, Երկերի լիակատար ժողովածու 14 հատորով, հտ. 2 գրքի:
Ներկա էին բազմաթիվ հյուրեր` ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդատու, գրող, քաղաքագետ Վիկտոր Կրիվոպուսկովը, ակադեմիկոսներ Սեն Արևշատյանը, Արամ Գրիգորյանը, Սերգեյ Սարինյանը, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, բանասիրական գիտությունների դոկտոր Սամվել Մուրադյանը, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի աշխատակիցներ` գրականագետներ Անահիտ Վարդանյանը, Վարդան Դևրիկյանը, Շողեր Խաչատրյանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, զորավար Անդրանիկի թանգարանի տնօրեն Իլիչ Բեգլարյանը, Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, հարազատներ` Իսահակ Իսահակյանը, Ռուզան Սարյանը և ընդհանրապես, իսհակյանական խոսքով ու մտքով ապրող մարդիկ:
Հանդիսությունը վարում էր բանաստեղծի թոռը` Ավիկ Իսահակյանը /Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր/, որը ներկայացրեց հյուրերին: Ելույթ ունեցողները խորին ակնածանքով խոսեցին Իսահակյանի ինչպես գրական, հասարակական-քաղաքական գործունեության, այնպես էլ մարդկային բարձր նկարագրի մասին`շեշտելով, որ մեծանուն գրողի կյանքն ու գործը միշտ էլ ներշնչանքի աղբյուր և հոգեկան նեցուկ է եղել իր ժողովրդի համար:
Միջոցառման ընթացքում հնչեցին Իսահակյանի անտիպ բանաստեղծություններից` թանգարանի աշխատակիցների ընթերցմանբ, իսկ վերջում համերգով հանդես եկան կոնսերվատորիայի վոկալ բաժնի ուսանողները` Ռաֆայել Հակոբյանցի գլխավորությամբ:
Ելույթ ունեցան Նունե Գրիգորյանը, Եպրաքսյա Պողոսյանը և Ազգային օպերայի մեներգչուհի Ալինա Փահլևանյանը: Նվագակցում էր Լիլիթ Հակոբյանը: Հնչեցին ինչպես Իսահակյանի խոսքերով գրված, այնպես էլ դասական այլ ստեղծագործություններ:
26/10/11
Հոկտեմբերի 17-ին կրկին մարդաշատ էր Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնը: Մեծ բանաստեղծի մահվան 54-րդ տարելիցի առթիվ Վարպետի շիրիմին էին այցելել Իսահակյանի տուն-թանգարանի և գրադարանի աշխատակիցները, նրա անունը կրող դպրոցի աշակերտները, ուսուցիչները, անվանի գրողներ, գրականագետներ, ինչպես նաև Իսահակյանի գրական ժառանգության երկրպագուներ:
Ելույթ ունեցան, իրենց սրտի և գնահատանքի խոսքն արտահայտեցին բանաստեղծի թոռը` Մ.Աբեղյանի անվ.
Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, Բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը, Զորավար Անդրանիկի թանգարանի տնօրեն Իլյիչ Բեգլարյանը, Վարպետի տուն-թանգարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանը, գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը և այլք:
Ընթացքում հնչեցին պատառիկներ Իսահակյանի անմահ ստեղծագործություններից` ասմունքող Գայանե Սամվելյանի և Վարպետի անունը կրող դպրոցի աշակերտների կատարմամբ:
12/10/11
Հոկտեմբերի 1-ին ‹‹Եվրոպական ժառանգության օրեր›› միջոցառման շրջանակներում ‹‹Գրավոր ժառանգություն›› խորագրի ներքո թանգարանում բացվեց ժամանակավոր ցուցահանդես` ‹‹Իսահակյանի ‹‹Ուստա Կարո›› վեպի ձեռագրերից››:
Հաջորդ օրը` հոկտեմբերի 2-ին կայացավ դասախոսություն` ‹‹Իսահակյանի ‹‹Ուստա Կարո›› վեպը››, դասախոս` Անժելա Խորենյան, թանգարանի գլխավոր ֆոնդապահ, բանասիրական գիտությունների թեկնածու:
03/10/11
Սեպտեմբերի 30-ին թանգարանում անցկացվեց հերթական կրթական ծրագիրը` Իսահակյանի հեքիաթները: Ծրագրին մասնակցում էին թիվ 76 դպրոցի միջին դասարանի աշակերտները ուսուցչուհու` Անահիտ Հովհաննիսյանի հետ: Միջոցառումն անցկացրեց թանգարանի ավագ գիտաշխատող Մարիամ Սոխակյանը:
Ճանաչողական էքսկուրսիայից հետո ընթերցվեց ‹‹Ամենապիտանի բանը›› հեքիաթը: Այնուհետև Մ. Սոխակյանի օգնությամբ երեխաները վերլուծեցին, վերապատմեցին հեքիաթը և ներկայացրեցին դերերով: Մեծ էր երեխաների տպավորությունն ու ոգևորությունը, մանավանդ որ, այդ ամենը անցկացվում էր հուշայի այգում և ծրագրի համար պատրաստված հանդերձանքով: Միջոցառման վերջում երեխաները խոստովանեցին, որ անհամբերությամբ կսպասեն հաջորդ հանդիպմանը, որի ընթացքում նրանք կծանոթանան Իսահակյանի մեկ այլ հեքիաթի հետ:
25/09/11
Սեպտեմբերի 24 Կայացավ դասական երաժշտության համերգ նվիրված Հայաստանի անկախության 20 ամյակին: Ելույթ ունեցան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժնի ուսանողները` Ռաֆայել Հակոբյանցի գլխավորությամբ: Հնչեցին հայ և եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
20/09/11
Սեպտեմբերի 17-ին ‹‹Անկախության գործընթացը և հայ գրականությունը›› թեմայով դասախոսությամբ հանդես եկավ բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանը:
Ներկաները մեծ ուշադրությամբ և հետաքրքրությամբ լսեցին բանախոսին, քանի որ թե զեկուցման թեման էր ուշագրավ, թե երիտասարդ գրականագետի վերլուծությունն ու մտածելակերպը: Ա. Նիկողոսյանը խոսեց նաև արդի գրականության ներկայիս խնդիրների մասին:
Դասախոսության վերջում ունկնդիրները նրան ուղղեցին թեմային առնչվող բազմաթիվ հարցեր:
30/07/11
Հուլիսի 21-22` Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի հետ համատեղ Ստեփանավանում անցկացրեց միջոցառում հետևյալ ծրագրով. ցուցահանդես` ‹‹Ավետիք Իսահակյան›› կյանքն ու գործը, գրական ընթերցումներ` նվիրված ‹‹Լիլիթի›› ստեղծման 90-ամյակին և բանաստեղծի մասին պատմող տեսաֆիլմի ցուցադրում:
Միջոցառման բացմանը մասնակցում էին Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի տնօրեն Լ. Մագթաղյանը և աշխատակիցները, Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանը, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի աշխատակիցները: Այցելուները դիտեցին ցուցադրությունը` Իսահակյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Մ. Սոխակյանի ուղեկցությամբ, այնուհետեւ տեղափոխվեցին դահլիճ, որտեղ գեղեցիկ ձևավորված միջավայրում ներկայացվեց Իսահակյանի` սիրո թեմայով գրված ամենագեղեցիկ, խորը և խորհրդավոր ստեղծագործություններից մեկը` ‹‹Լիլիթի››.
Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Ա. Խորենյանը շատ գեղեցիկ խոսեց նշված ստեղծագործության մասին, իսկ թանգարանի աշխատակիցներ Ռ. Մեսրոպյանը և Մ. Սոխակյանը Ա. Խորենյանի հետ միասին ընթերցեցին հատվածներ: Միջոցառման ընթացքում հնչեցին նաև պատառիկներ Իսահակյանի սիրային պոեզիայից և հուշերից:
Միջոցառումն ավարտվեց Իսահակյանի մասին պատմող տեսաֆիլմի ցուցադրումով: Ներկաները մեծ հետաքրքրությամբ և հուզմունքով դիտեցին այն. մանավանդ որ ֆիլմում հնչում էր Իսահակյանի ձայնը` բանաստեղծը կարդում էր իր իսկ ստեղծագործությունները: Ներկաները մեծ բավականություն ստացան միջոցառումից: Ուրախալի էր, որ միջոցառմանը ներկա էին նաեւ Ստեփանավանի զինվորական զորամասի մի խումբ զինծառայողներ:
Ժամանակավոր ցուցադրությունը այցելուները կարող են վայելել մեկ ամիս շարունակ:
03/07/11
Հունիսի 25-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում կայացավ դասախոսություն ‹‹Արդի գրականության զարգացման միտումները›› թեմայով, կարդաց երիտասարդ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանը: Թեման շատ արդիական էր և հետաքրիքիր: Այդ էր պատճառը, որ ներկաները մեծ ուշադրությամբ լսեցին բանախոսին, իսկ զեկուցումից հետո նրան ուղղեցին արդի գրականության հետ առնչվող բազմաթիվ հարցեր: Երտասարդ գիտնականի խոսքը համոզիչ էր, բովանդակալից և հետաքրքիր:
02/07/11
Հունիսի 19-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ համերգ ‹‹Երիտասարդ ձայներ›› խորագրով: Մասնակցում էին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնի ուսանողները պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի գլխավորությամբ:
Հնչեցին դասական երաժշտության գոհարներ հայ և համաշխարհային երաժշտության ոսկե ֆոնդից:
1 2 |