Միջոցառումներ - 2011

1 2

Հունիսի 18-ին թանգարանում կայացած միջոցառումը նվիրված էր Իսահակյանի ամենագեղեցիկ, ամենագունեղ, ամենախորը և խորհրդավոր ստեղծագործություններից մեկին` ‹‹ԼԻԼԻԹ››-ի ստեղծման 90-ամյակին:
Ուղիղ 90 տարի առաջ` 1921թ մայիսին, Վենետիկում Իսահակյանը գրեց այս գործը, որում արծարծված գաղափարներն ու խոհերը մինչև օրս էլ չեն կորցրել իրենց թարմությունը, խորությունն ու արդիականությունը: Իսահակյանի ստեղծագործությունները միշտ էլ եղել են իր ժողովրդի հոգևոր սնունդն ու ներշնչանքի աղբյուրը:
Բազմաթիվ կոմպոզիտորներ են անդրադարձել նրա ստեղծագործություններին: Ժամանակին Իսահակյանի ստեղծագործություններով ոգևորվել են նաև ռուս կոմպոզիտորները` Ս. Ռախմանինով, Գ. Սվիրիդով և այլք: Սակայն ուրախալին այն է, որ այսօր, մեր օրերում էլ Իսահակյանը հուզում և ոգևորում է հայ մարդուն` մասնավորապես երիտասարդներին: Այսօր էլ նրա ստեղծագործությունների հիման վրա գրվում են նոր երգեր և երաժշտական այլ կտավի ստեղծագործություններ, ինչու չէ նաև պոպ–օպերա:
Հունիսի 18-ին թանգարանում հյուրընկալվել էին Երաժշտական կամերային թատրոնի դերասանները` ռեժիսոր Դավիթ Հակոբյանի գլխավորությամբ: Նրանք ներկայացրեցին հատվածներ ‹‹ԼԻԼԻԹ›› պոպ-օպերայից: Կոմպոզիտոր` Արամ Սաթյան, դերակատարներ` Ներսես Մարկոսյան, Արթուր Պետրոսյան և Իլոնա: Հնչ. ռեժիսոր` Դավիթ Հակոբյան:
Ներկաներին շատ դուր եկավ այդ ստեղծագործությունը: Նրանք մեծ հաճույքով և ոգևորությամբ լսեցին այդ գեղեցիկ և հոգեթով կատարումները:

Թանգարանների միջազգային օրվա առթիվ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում հյուրընկալվել էին ‹‹Փոքրիկ Իշխան›› կրթահամալիրի թատերական խումբը` տնօրեն Մարիա Խախամյան, թատերախմբի գեղ. ղեկավար Մարգարիտա Շահգալադյան: Թատերախումբը ներկայացրեց հատվածներ հայ դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններից` ‹‹Թատերական խճանկար›› խորագրով:
Ներկաները հիացած էին երեխաների դերասանական հետաքրքիր խաղով և գեղեցիկ խոսքով, հատկապես արևմտահայերենի անթերի հնչողությամբ: Սակայն ամենակարևորն ու գովելին թատերական խմբակի առաքելությունն էր, ինչի համար ջանք ու եռանդ չէին խնայել մանկավարժները. այն է` սիրել գիրն ու գրականությունը, անաղարտ պահել մեր մայրենին, հպարտանալ մեր պատմության ու մշակույթի գանձերով, որպեսզի մեզ երբևէ չսպառնա ‹‹ոգու սովը››, ինչի համար ժամանակին այնքան ցավ ու տառապանք են ապրել մեր մեծերը: Երևում էր, որ բանիմաց մանկավարժների շնորհիվ երեխաներն այս պատգամները շատ լավ գիտակցում և կյանքի էին կոչում: Պատահական չէ, որ խաղացանկի վերջին ստեղծագործության վերջին տողերն էլ հենց կոչ ու հոգու ճիչ էր` մայրենի լեզուն մաքուր ու անաղարտ պահելու համար:
Հանդիպմանը ներկա կրթության և մշակույթի ոլորտի մասնագետներն իրեց գովեստի և հիացմունքի խոսքերով ոգևորեցին երեխաներին և ուսուցիչներին:

---- Մայիսի 14-ին ----
ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ 2011

Այս տարի ‹‹Թանգարանների գիշեր›› միջազգային ակցիան կրում էր ‹‹Հիշողություն›› խորագիրը, սակայն հայ տպագրության 500-ամյա հոբելյանին ընդառաջ /2012թ./, հանրապետությունում այն կրեց ‹‹Գրավոր հիշողություններ›› անվանումը: Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը սիրով միացավ այդ ակցիային:

Թանգարանի մուտքի մոտ այցելուների ուշադրությունն էր գրավում իսահակյանական խոսքերով ձևավորված վահանակը, որի վրա էլ նրանք, օրվա խորհրդով ոգևորված, թողնում էին իրենց տպավորությունները, մաղթանքները և ջերմ խոսքերը:
Մայիսի 14-ին թանգարանն ունեցել է շուրջ 2170 այցելու:
Այցելուների 65% 12-25 տարեկան, իսկ մնացածը` միջին և բարձր տարիքի: Ունեցել ենք նաև այցելուներ արտասահմանից` Էկվադոր, Բելգիա, Կանադա և Ռուսաստան, Թեհրան:



‹‹Թանգարանների գիշեր 2011››-ի շրջանակում տեղի ունեցան հետևյալ միջոցառումները.

18.00 – 18.40` ‹‹Եվ այր մի Մաշտոց անուն››` գրական – երաժշտական կոմպոզիցիա:

Միջոցառումը բացեցին ‹‹Մեսրոպ Մաշտոց›› խոսքի մշակույթի կենտրոնի սաները` ղեկավար Ն. Անտոնյան: Հայ անվանի գրող Պարույր Սևակի ստեղծագործությունների հիման վրա` ‹‹Եվ այր մի Մաշտոց անուն›› խորագրով, նրանք ներկայացրեցին գեղեցիկ գրական-երաժշտական կոմպոզիցիա:


19.00 – 20.00` ‹‹Նարեկացի››` արվեստի կենտրոնի ժողգործիքների համույթի ելույթը:

Միջոցառման հաջորդ հյուրն էր ‹‹Նարեկացի›› արվեստի միության ‹‹Նարեկացի›› ժողովրդական նվագարանների համույթը` գեղ. ղեկավար Հովիկ Սահակյան: Հնչեցին ժողովրդական, գուսանական երգեր և նվագներ` քանի որ մեր ազգի պատմությունը, հոգևոր հարստությունները հիշողություններ են դարձել ոչ միայն գիր ու գրականության, այլև երաժշտության միջոցով:


20.30 – 21.30` ‹‹Սիրտս խաղաղվեր, հանգչեի հավերժ Անիի անմահ պարիսպների տակ … ››` գրական – երաժշտական կոմպոզիցիա:

‹‹Սիրտս խաղաղվեր, հանգչեի հավերժ Անիի անմահ պարիսպների տակ … ››: Այս խորագրով միջոցառումը նվիրված էր պանծալի Անիի հիմնադրման 1050-ամյակին: Իսահակյանի հուշերի հիման վրա ստեղծված գրական-երաժշտական կոմպոզիցիայի ընթացքում /ռեժիսոր Դավիթ Հակոբյան/ ներկայացվեցին Իսահակյանի հուշերը` այցելությունները Անի, ասույթները և Անիին նվիրված ստեղծագործությունները:
Այցելուները մեծ հետաքրքրությամբ դիտեցին հատկապես Անիի մասին պատմող լուանկար-բացիկների ցուցահանդեսը: Իսահակյանի անձնական հավաքածուից ցուցադրվում էին 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի բացիկներ, որոց վրա հայերեն և ֆրանսերեն գրված էր. ‹‹Վերք Հայաստանի: Անի. մայրաքաղաք Բագրատունեաց››:


22.00 – 23.00` ‹‹Ավետիք›` ֆիլմի դիտում:
Հանդիպում ֆիլմի ռեժիսոր Ռուբեն Քոչարի հետ թեյի սեղանի շուրջը:

ՙ‹‹Թանգարանային գիշեր›› միջոցառումների շարքը եզրափակվեց ‹‹Ավետիք›› ֆիլմի դիտումով` քանզի հուշերի և հիշողությունների վերարտադրման ամենամեծ միջոցը կինոն է և Իսահակյանի մտքերն ու խոհերն էլ իրենց գեղարվեստական արտացոլումն են գտել Ռուբեն Քոչարի ‹‹Ավետիք›› ֆիլմում:
Ֆիլմի դիտումից հետո, Վարպետի հարկի տակ` թեյի սեղանի շուրջ, կայացավ հանդիպում հեղինակի` ռեժիսոր Ռուբեն Քոչարի հետ: Միջոցառմանը ներկա էին գրականության և արվեստի ժող. համալսարանի ունկնդիրները` Յուրի Հովհաննիսյանի ղեկավարությամբ, Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանողները, գրականության, արվեստի և երաժշտության բնագավառի մարդիկ, ինչպես նաև բազմաթիվ այլ այցելուներ:
Ներկաները հաճույքով և հետաքրքրությամբ դիտեցին ֆիլմը, լսեցին հեղինակին: Հարց ու պատասխանի միջոցով ծավալվեց աշխույժ և բովանդակալից զրույց: Մթնոլորտն այնքան ջերմ էր ու մտերմիկ, որ ներկաները` չնայած կեսգիշեր էր, չէին շտապում հեռանալ:

 

Ապրիլի 28-ին ‹‹Ավետիք Իսահակյան›› խաղ-վիկտորինայի այս փուլի մասնակիցներն էին Մայակովսկու անվ. թիվ 7 դպրոցի ‹‹Վիկտորիա››, Խրիմյան Հայրիկի անվ. թիվ 10 դպրոցի ‹‹Խրիմյանցիներ›› և Տիմոշենկոյի անվ. թիվ 39 դպրոցի ‹‹Մետաքս›› թիմերը:
Ժյուրիի կազմում էին մեծանուն բանաստեղծի թոռը` Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, Կենտրոն վարչական շրջանի կրթության և մշակույթի աշխատակից Արփինե Մուրադյանը, թանգարանի տնօրեն Հ. Մելքոնյանը, գլխ. ֆոնդապահ Ա. Խորենյանը, հանրահռչակման և ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Ռ. Մեսրոպյանը:
Խաղը վարում էր ավագ գիտաշխատող Ց. Նազարյանը: Խաղն ընթացավ հետաքրքիր և համառ պայքարում: Երեք թիմերն էլ շատ լավ էին պատրաստվել: Նրանք ցուցաբերեցին գիտելիքների խորը իմացություն և ակտիվություն: Ուրախալին այն էր, որ մասնակիցներն ոչ միայն ճիշտ էին պատասխանում վիկտորինայի հարցերին, այլև մեծ ոգևորությամբ արտասանում էին հատվածներ Իսահակյանի ստեղծագործություններից, նամակներից և հուշերից:
Թե՛ ‹‹Վիկտորիա›› և թե՛ ‹‹Մետաքս›› թիմերը շատ լավ տպավորություն թողեցին, սակայն իրենց գեղեցիկ և հետաքրքիր խաղով, բովանդակալից խոսքով հատկապես աչքի ընկան Խրիմյան Հայրիկի անվան դպրոցի սաները, որոնք էլ խաղի հաղթողները դարձան: Ներկաները մեծ գոհունակություն հայտնեցին կազմակերպված միջոցառման ուսուցողական և ճանաչողական բովանդակության համար: Ուսուցիչները նշեցին, որ լավ պատրաստվելուն հատկապես շատ էր օգնել այցելությունը թանգարան և այստեղ լսած էքսկուրսիան: Մասնակից թիմերը պարգևատրվեցին թանգարանի կողմից սահմանված պատվոգրերով և փոքրիկ հուշանվերներով:

Ապրիլի 9-ին թանգարանում տեղի ունեցավ անվանի բանաստեղծ Օսիպ Մանդելշտամին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ` ՌԴ ‹‹Ռոսսոտրուդնիչեստվո›› գործակալության ռուսական գիտության և արվեստի կենտրոնի հետ համատեղ: Զեկուցումով հանդես եկան ‹‹Ռոսսոտրուդնիչեստվո›› գործակալության մշակութային կապերի համակարգող Էմմա Բուդաղյանը և բանասիրական գիտությունների դոկտոր Ավիկ Իսահակյանը: Բանախոսները հանգամանորեն խոսեցին Մանդելշտամ-Հայաստան առնչությունների մասին, որը անշուշտ շատ էր հետաքրքրում լսարանին: Հնչեցին պատառիկներ բանաստեղծի Հայաստանին նվիրված շարքից:
Վերջում, Մարինա Վարդանյան և Հայարփի Գրիգորյան դաշնամուրային դուետի կատարմամբ, հնչեցին հատվածներ ռուս դասական երաժշտությունից:

Ապրիլի 6-ին թանգարանում կայացավ ‹‹Ավետիք Իսահակյան›› խաղ-վիկտորինա կրթական ծրագրի հերթական փուլը: Մասնակցում էին Վ. Տերյանի անվ. թիվ 60 դպրոցի ‹‹Արևամանուկներ››, Կ. Զարյանի անվ. թիվ 117 դպրոցի ‹‹Արագած›› և Մակսեդան օտար լեզուների խորոցված ուսուցման դպրոցի ‹‹Մակսեդան›› թիմերը:
Ժյուրիի կազմում էին թանգարանի տնօրեն Հ. Մելքոնյանը, Վահան Թոթովենցի անվան դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հերմինե Դավթյանը, թանգարանի գլխ. ֆոնդապահ Ա. Խորենյանը, հանրահռչակման և ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Ռ. Մեսրոպյանը: Խաղը վարում էին թանգարանի ավագ գիտաշխատողներ Ց. Նազարյանը և Մ. Սոխակյանը:
Խաղն ընթացավ թեժ և լարված պայքարում: Երեխաներն աչքի ընկան մեծանուն գրողի` Ավ. Իսահակյանի կյանքի ու գրական գործունեության բավականին խորը և հիմնավոր իմացությամբ, ցուցաբերեցին մեծ ակտիվություն և ոգևորվածություն: Խաղի ընթացքում բոլոր թիմերն էլ հիմնական պատասխանից բացի տալիս էին արժեքավոր և կարևոր լրացումներ: Համառ և հետաքրքիր պայքարում բոլոր 3 թիմերն էլ հավաքեցին հավասարաչափ միավորներ և ինչպես ասում են` հաղթեց Իսահակյանը, քանի որ մեր նպատակն էլ հենց այն էր, որ աշակերտները կարդան և ուսումնասիրեն մեծ գրողի կյանքն ու գրական գործունեությունը:
Ներկաները մեծ գոհունակություն հայտնեցին կազմակերպված միջոցառման ուսուցողական և ճանաչողական բովանդակության համար: Ուսուցիչները նշեցին, որ լավ պատրաստվելուն հատկապես շատ էր օգնել այցելությունը թանգարան և այստեղ լսած էքսկուրսիան: Մասնակից թիմերը պարգևատրվեցին թանգարանի կողմից սահմանված պատվոգրերով և փոքրիկ հուշանվերներով:

Մարտի 25 Աշխատանքային այցով թանգարանում էին գտնվում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ադմինիստրացիոն կազմը` կենտրոնի տնօրենի ժ/պ Վահագն Մարաբյանի գլխավորությամբ: Նրանք նպատակ ունեին ծանոթանալու ինչպես թանգարանի կառուցվածքին ու գործունեությանը, այնպես էլ աշխատակիցների հետ:
Վարպետի թանգարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանը սիրով ընդունեց և ողջունեց հյուրերին, այնուհետև ավագ գիտաշխատողներ Ց. Նազարյանի և Մ. Սոխակյանի օգնությամբ նրանք ծանոթացան թանգարանի նոր ցուցադրությանը: Գլխավոր ֆոնդապահ Անժելա Խորենյանը կոլեգաներին ծանոթացրեց թանգարանի ֆոնդերի և դրանց հետ կապված աշխատանքներին, իսկ ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ռուզաննա Մեսրոպյանը` հասարակության հետ տարվող աշխատանքներին (այցելուների սպասարկում, միջոցառումների և կրթական ծրագրերի կազմակերպում): Այնուհետև ավագ գիտաշխատող Լուսինե Մարյանյանի օգնությամբ հյուրերին ներկայացվեց թանգարանի 2010թ. միջոցառումերի մասին պատմող տեսանյութեր:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանն էլ հանգամանորեն խոսեց իրենց բազմաբովանդակ աշխատանքային գործունեության մասին` թանգարանին նվիրելով կատարած և առաջիկա աշխատանքների մասին պատմող նյութերի փաթեթ: Կարևորելով փորձի փոխանակումն իբրև աշխատանքի արդյունավետ միջոց` երկու թանգարանների աշխատակիցները կլոր սեղանի շուրջ քննարկեցին աշխատանքի կազմակերպման և գործունեության կարևոր հարցեր, անդրադարձան իրենց հուզող հարցերին և դրանց լուծման եղանակներին:
Հանդիպումը շատ ջերմ էր և արդյունավետ: Բնականաբար, յուրաքանչյուր թանգարան ունի իր առանձնահատկություններն ու յուրահատկությունները, իսկ քննարկումն օգնեց միմյանց` ծանոթանալու և ընկալելու նոր ու հետաքրքիր աշխատանքային մանրամասներ, որոնք երկուստեք օգտակար են և ընդունելի: Վստահ ենք, որ նման հանդիպումները կնպաստեն և կխթանեն էլ ավելի արդյունավետ գործունեության և համագործակցության:

Տաթև դպրոցի սաները փետրվարի 23-ին Վարպետի հարկի տակ անցկացրեցին բանաստեղծին նվիրված շատ գեղեցիկ միջոցառում: Երեխաները ներկայացրեցին Իսահակյանի կյանքն ու գրական գործունեությունը ընդգրկող հարուստ և բովանդակալից գրական-երաժշտական կոմպոզիցիա: Բանաստեղծի տուն-թանգարանում անցկացրած էքսկուրսիան այնքան էր ոգևորել երեխաներին, որ նրանք ցանկություն էին հայտնել կազմակերպել Իսահակյանին նվիրված միջոցառում:

Փետրվարի 20-ին թանգարանում կազմակերպվեց համերգ Երևանի պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնի շնորհալի ուսանողների մասնակցությամբ, Ղեկավար` Ռաֆայել Հակոբյանց: Ելույթ ունեցան Հովսեփ Նշանյանը, Կարո Խաչատրյանն ու Եպրաքսյա Պողոսյանը: Նրանք կատարեցին Վերդիի, Դոնիցետտիի, Տիգրանյանի և Ռախմանինովի ստեղծագործություններից: Երիտասարդ կատարողները մեծ վարպետությամբ կատարեցին համաշխարհային երաժշտական գանձարանի այդ անվանի գոհարները` ներկաներին պատճատելով հիացմունք և զարմանք:

Փետրվարի 5-ին թանգարանում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր, հրապարակախոս Մարգո Ղուկասյանի հետ: Հետաքրքիր էր լսել մեր անվանի գրողին ու հրապարակախոսին, որի հոդվածներն ու լրագրողական վերլուծությունները ժամանակին մեծ արձագանք են գտել ընթերցողների շրջանում:
Դրանք միշտ էլ աչքի են ընկել սուր և հրատապ հարցադրումներով, իսկ հեղինակը հետևողական է եղել դրանց հետագա ընթացքին: Մարգո Ղուկասյանը 12 գրքի և բազմաթիվ հոդվածների հեղինակ է:
Ներկաները մեծ հետաքրքրությամբ և խորին ակնածանքով լսեցին Մարգո Ղուկասյանին:


1 2

Էջի սկիզբ