Միջոցառումներ - 2017


Թանգարանում տեղի ունեցավ հանդիպում` «Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը» գրքի հեղինակ Գևորգ Էմին-Տերյանի հետ:
Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Ա. Խորենյանը, որը խոսեց գրքի կարևորության մասին`շեշտելով, որ Վահան Տերյանը հայ գրականության մեծանուն բանաստեղծներից է, որին ժողովուրդը սիրում և ճանաչում է որպես տաղանդավոր, նուրբ և զգայուն հոգու տեր քնարերգուի: Սակայն այս գիրքը ընթերցողին հնարավորություն է տալիս ծանոթանալ նաև մեծ բանաստեղծի հասարակական, քաղաքական գործունեությանը:
Գրքում զետեղված նամակները Եղեռնի ականատես ու անմիջական կրող երեխաների հուշերն են, որոնք ամենայն մանրամասնությամբ ներկայացնում են այդ զարհուրելի տեսարանները, ուստի շարադրությունները հուզական պատումից բացի ձեռք են բերում նաև պատմական վավերագրերի և փաստաթղթերի արժեք:
Հանդիպման ընթացքում ներկաները հենց հեղինակից ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները, տեղեկացան մեծ գրողի կյանքի և գործունեության նոր և անհայտ էջերին:
Միջոցառումը նվիրվում է Հայոց մեծ ողբերգության՝ Եղեռնի 102-րդ տարելիցին:

Գլխավոր էջ | Էջի սկիզբ