Միջոցառումներ - 2019


 
   

Առաջին անգամ Երևանի Ավետիք Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանները և Գյումրիի Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանը հանդես եկան  «Գրչի և վրձնի վարպետները. Իսահակյան - Սարյան» խորագիրը կրող համատեղ կրթական ծրագրով: Մեծահասակների համար նախատեսված ծրագիրն իրականացել է «ԴԻ-ՎԻ-ՎԻ» Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի և «Թանգարանային կրթության կենտրոնի» աջակցությամբ։
Ծրագիրը բաղկացած էր երեք փուլից, որի երրորդ, ամփոփիչ միջոցառումը՝ «Վարպետները վարպետների քաղաքում» տեղի ունեցավ հոկտեմբերի 25-ին: Ծրագրի ընթացքում՝


Առաջին անգամ Վարպետի մասին վարպետների քաղաքում պատմեցին նրա պոեզիայի հերոսուհիները...
Ծրագրի մասնակիցները ներկայացան «Տերյան» մշակութային կենտրոնի/ Teryan Cultural Center/ տրամադրած 20-րդ դարասկզբի ոճային հագուստներով:
«Գրչի և վրձնի վարպետները. Իսահակյան-Սարյան» ծրագրի ամփոփիչ 3-րդ «Վարպետները՝ վարպետների քաղաքում» խորագիրը կրող ծրագրի ակնթարթները ֆոտոշաքով։
Հատուկ շնորհակալություն Teryan Cultural Center-ին:

. MuseumUnity_CreativeCommunity
. dvvarmenia
. museumeducationcenter
. Գրչի_և_վրձնի_վարպետները_Իսահակյան_Սարյան
. Սիրելի_կանայք_պատմում_են_Վարպետի_մասին


Համատեղ, մեծ ցուցադրություն թանգարանից դուրս...
Երևանի Ավ. Իսահակյանի և Մ. Սարյանի տուն-թանգարանների ֆոնդերում խնամքով պահպանվող նյութերը առաջին անգամ ցուցադրվեցին Երևանի և Գյումրիի երկաթգծի կայարաններում, ճեպընթաց գնացքի վագոններում։
Երեք օր ՝ 25.10.19-27.10.19, Երկաթգծի կայարանի, ճեպընթաց գնացքների ուղևորները հնարավորություն ունեցան ծանոթանալու գրչի և վրձնի վարպետների կյանքին, ստեղծագործական ուղուն, նրանց մեծ բարեկամությանը վերաբերող արխիվային բացառիկ նյութերին հենց կայարանի սպասասրահներում և գնացքով ուղևորության ընթացքում։
 Ուղևորներին բաժանվեցին նաև Իսահակյանի բանաստեղծությունների և Սարյանի կտավների համադրմամբ հուշանվեր-քարտեր, թռուցիկներ:


Հանդիպում Գյումրիի երկաթգծի կայարանում...
Հոկտեմբերի 25-ին ծրագրի մասնակիցները ճեպընթաց գնացքով մեկնեցին Գյումրի: Կայարանում գնացքի ուղևորներին անակնկալ էր սպասվում. վարպետների քաղաքում նրանց  դիմավորեցին ազգային երգ ու պարով:  Առաջին անգամ Վարպետի մասին պատմեցին նրանց սիրելի կանայք՝ պոեզիայի հերոսուհիները՝ ուղևորներին տեղափոխելով վարպետների ապրած ժամանակաշրջանը: Ներկաները «հանդիպեցին» գրչի և վրձնի վարպետներին, առիթ ունեցան ծանոթանալու նաև նրանց ժառանգների հետ...


Իսահակյանական վայրերով՝ հանդիպում Վարպետի արձանի մոտ
Ծրագրի մասնակիցների հաջորդ կանգառը Գյումրիի դրամատիկական թատրոնի շենքն էր, որի բակում տաղադրված է Մեծ գյումրեցու՝ Ավետիք Իսահակայնի արձանը (հեղինակ` Ն. Նիկողոսյան): Վարպետի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, ծրագրի մասնակիցները, պատահական անցորդներ, պատմեցին հետաքրքիր դրվագներ,  պատմություններ գրողի կյանքից: Ընթերցվեցին անտիպ նամակներ, հուշեր… Ծրագրի մասնակիցները,  անցորդները ծաղիկներ դրեցին Վարպետի արձանի մոտ, այնուհետև իսահակյանական վայրերով քայլեցին դեպի գլխավոր հրապարակ…


Իսահակյանական վայրերով՝ Սուրբ Յոթ Վերք եկեղեցի
Հաջորդ կանգառը Գյումրիի վեհաշուք Սուրբ Յոթ Վերք եկեղեցին էր: Այս եկեղեցում է 1875 թ. հոկտեմբերի 30-ին գրանցվել Վարպետի ծնունդը։ Սուրբ Յոթ Վերք եկեղեցին եղել է նաև Իսահակյան ընտանիքի կիրակնօրյա աղոթատեղին։ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը ներկայացրեց  ուշագրավ տեղեկություններ, պատմություններ  Վարպետի կյանքից, որոնք կապված են հայոց եկեղեցիների պահպանման հետ՝ կարևորելով Վարպետի ունեցած դերը դրանց փրկության գործում:


Իսահակյանական վայրերով` էքսկուրսիա Վարպետաց փողոցով...
Վարպետաց փողոցը Գյումրու այցեքարտերից մեկն է: Վարպետաց փողոցում են գտնվում երեք մեծ գյումրեցիների՝ Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի և Մհեր Մկրտչյանի թանգարանները:
Էքսկուրսիայի մասնակիցները, պատահական անցորդները էքսկուրսիայի ընթացքում հնարավորություն ունեցան լսելու հետաքրքիր պատմություններ, հուշեր գրչի և վրձնի վարպետների՝ Ավ. Իսահակյանի և Մ. Սարյանի մասին, Վարպետաց փողոցում գտնվող նշանավոր շինությունների մասին (այդ ամենը ծրագրի մասնակիցներին ներկայացրին վարպետների ժառանգները՝ Ավիկ Իսահակյանը, Ռուզան և Սոֆյա Սարյանները, ինչպես նաև՝ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը, ավագ գիտաշխատող Շուշան Հովակիմյանը, Ռիմա Գալստյանը, հուշատուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը, տիկին Սուսաննան և այլք):


Իսահակյանական վայրերով` Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանում…
Վարպետաց 91 հասցեում է գտնվում այն տունը, որտեղ 1875թ. հոկտեմբերի 30-ին ծնվել է մեծանուն բանաստեղծը: Ավանդազրույցի համաձայն թոնրատան մի տաքուկ անկյունում է ծնվել բանաստեղծը: Հայրը՝ Սահակ Իսահակյանը, լսելով որդու ծննդյան ավետիսը, ասել է՝ թող ավետիս լինի ոչ միայն իմ ընտանիքի համար...
«Գրչի և վրձնի վարպետները. Իսահակյան-Սարյան» ծրագրի մասնակիցները շրջեցին թանգարանի հուշային սենյակներում՝ հաղորդակցվելով այն մասունքների հետ, որոնք  կրում են Վարպետի շունչը, թանգարանի բակում համտեսեցին Սարյանի սիրած թեյը Իսահակյանի սիրած թխվածքով:

Վարպետի հարկի տակ առաջին անգամ գրչի և վրձնի վարպետների մասին պատմեցին տարբեր սերունդներ՝ աշակերտներից մինչև մեծահասակներ: Վարպետի մասին պատմեցին նաև նրա պոեզիայի հերոսուհիները, գրչի և վրձնի վարպետներն  ընթերցեցին միմյանց հասցեագրված նամակները (վարպետների դերում հանդես եկան Գյումրու թատրոնի դերասանները): Ծրագրի ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան դիտելու նաև վարպետների մասին պատմող բացառիկ վավերագրական ֆիլմ:



Իսահակյանական վայրերով`ֆայտոնով պտույտ Գյումրիում

Վարպետների ժառանգները՝  ամուսիններ Ավիկ Իսահակյանն ու Ռուզան Սարյանը, առաջին անգամ ֆայտոնով շրջեցին գրչի և վրձնի վարպետների անցած ճանապարհներով, եղան Գյումրիի նրանց սիրած վայրերում…


Գլխավոր էջ | Էջի սկիզբ