Միջոցառումներ - 2019


«Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակներում «Ռետրո երեկո ռետրո տանը/Retro Night at Retro House» միջոցառումը կայացավ սեպտեմբերի 28-ին: Միջոցառման նպատակն էր՝ այցելուներին տեղափոխել այն ժամանակաշրջան, որում ապրել և ստեղծագործել են Վարպետը, նրա ընտանիքի անդամները՝ ստեղծելով համապատասխան մշակութային միջավայր: Ռետրո երաժշտություն, պարեր, հագուստ, պատմություններ... այցելուները հնարավորություն ունեցան նաև շրջելու թանգարանում, ծանոթանալու Վարպետի անձնական իրերին, ինչպես նաև հաղորդակցվելու թանգարանի պատշգամբում և այգում տեղադրված այլ ռետրո իրերի հետ և կարդալու դրանց ստեղծման հակիրճ պատմությունները՝ հայերենով և անգլերենով: Թանգարանում ցուցադրվեցին նաև Ավ. Իսահակյանի տիկնոջ՝ Սոֆյա Քոչարյանի անձնական իրերից: Ներկա էն օտարերկրյա հյուրեր:



Ռետրո երեկոյին հանդես եկան «Էլեն Գրիգորյանի թատրոն ստուդիա»-յի սաները՝ գեղարվեստական ղեկավար Էլեն Գրիգորյանի գլխավորությամբ: Շնորհակալ ենք սպրոտային պարերի միջազգային կարգի մրցավար,
պարուհի և ստուդիայի հիմնադիր տնօրեն Էլեն Գրիգորյանին մեր ռետրո երեկոն իր բեմադրած թվիստ պարով, իր և իր գեղեցկուհի պարուհիների ներկայությամբ զարդարելու և մեզ անմոռանալի պահեր պարգևելու համար:


Իսկ Դուք գիտեի՞ք, որ 1930-36 թթ. Ավ. Իսահակյանի կինը՝ Սոֆյա Քոչարյանն ու որդին՝ Վիգեն Իսահակյանը, բնակվել են Փարիզում: Տիկին Սոֆյան ստացել է դիմահարդարի մասնագիտություն և աշխատել կոսմետիկայի ինստիտուտում, որի հաճախորդներն էին թատերական աշխարհի ականավոր անձիք, օրինակ՝ հռչակավոր ռուս պարուհի Աննա Պավլովան, երգչուհի Լիլի Պոնսը, Ժոզեֆինա Բեքերը, օրիորդ Միստենգետը, և այլոք: Ռետրո երեկոյի ընթացքում այս մասին, ինչպես նաև Փարիզում այդ տարիներին դիմահարդարման թրենդի մասին մեզ հետաքրքրաշարժ տեղեկատվություն հաղորդեց «ԼՈՒՍԷ/LUSE» դիմահարդարման ստուդիայի հիմնադիր-տնօրեն Լուսինե Բաղդասարյանը: Բանախոսության ընթացքում ցուցադրվեցին նաև տիկին Սոֆյայի դիմահարդարման պարագաներից՝ դիմափոշու, սևաներկի, օծանելիքի տուփեր, սանրեր, գլխարկներ, հայելի և այլն: Շնորհակալ ենք Լուսինեին հրավերն ընդունելու համար:


«Ռետրո երեկո»-յին մեզ դաշնամուրային հոգեզմայլ կատարումներ նվիրեց Ալ. Հեքիմյանի անվ. երաժշտական դպրոցի տաղանդաշատ սան Լևոն Մխիթարյանը: Լևոնին նկատեցինք թանգարան կատարած իր այցերից մեկի ընթացքում և սիրով բարեկամացանք: Լիահույս ենք՝ համագործակցության նորանոր առիթներ դեռևս ի հայտ կգան:


Հետաքիր բանախոսությամբ հանդես եկավ «Az.O» հագուստի մոդելավորման ստուդիայի հիմնադիր-ղեկավար, հագուստի պատմության մասնագետ Օֆելյա Ազիզյանը: Բանախոսության թեման Վարպետի ապրած ժամանակաշրջանի՝ 1930-ից 50-ական թթ. նորաձևության զարգացումն էր: Այցելուները հնարավորություն ստացան Վարպետի պատշգամբում երեկոյան ժամին նաև դիտելու նշյալ ժամանակաշրջանի նորաձև հագուստի նմուշներ:


«Ռետրո երեկո»-յի մասնակիցներն անպայման կնշեն, թե որքան թովիչ և քաղցր ձայն ունի գեղեցկուհի Նենեն, ով ջազ կատարումներով համեմեց մեր երեկոն:


«Եւ նույնիսկ երբ աչքերս փակում եմ, Կյանքը վարդագույնով եմ տեսնում...» «Ռետրո երեկո»-ն իր ներկայությամբ գունավորեց նաև Ռեբեկա Մեսրոպյանը՝ շնորհաշատ կիթառահարուհին: Սա Ռեբեկայի առաջին ելույթը չէր թանգարանում, ուստի՝ այստեղ էր ոչ թե որպես հյուր, այլ որպես թանգարանի հավատարիմ և սիրելի բարեկամ:


«Ռետրո երեկո»-յին անակնկալ կերպով մեզ միացավ նաև Հովհաննես Կարապետյանը, ով իր ձայնի և յուրատեսակ տեմբրի շնորհիվ ռետրո երեկոն գունավորեց բոլորովին այլ գույներով՝ տեղափոխելով մեզ տվյալ երգերի ստեղծման ժամանակաշրջան: Այցելուները հիացած ըմբոշխնում էին նրա կատարումները:


Մեր ամենամե՜ծ շնորհակալությունը «Համահայկական Կամավորական Միություն» ԵՀԿ-ի նվիրյալ, պարտաճանաչ և պատասխանատու, ուշադիր, հոգատար և բարեհամբույր, «Եվրոպական ժառանգության օրեր»-ի երկօրյա միջոցառումների շրջանակներում մեզ մշտապես աջակցող կամավորներին որակյալ և անխափան աշխատանքի համար:


«Ռետրո երեկո»-յին անակնկալ կատարումով հանդես եկավ միջոցառման օպերատորը՝ Տիգրան Վանյանը: Շնորհակալ ենք «VT Production»-ին և նրան՝ անշահախնդիր կերպով թանգարանի այս կարևոր միջոցառումը անմահացնելու և եվրոպական ժառանգության հանրահռչակման գործում իրենց աջակցությունը ցուցաբերելու համար:


Գլխավոր էջ | Էջի սկիզբ