Միջոցառումներ - 2019


Սեպտեմբերի 29-ին «Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակներում մենք «Դալան» պատկերասրահում էինք (Dalan Art Gallery): «Իսահակյանական մթնոլորտը «Դալան» պատկերասրահում» միջոցառումը նպատակ ուներ Վարպետի ստեղծագործությունն ու կյանքը կարճ ժամանակով թանգարանի պատերից դուրս տեղափոխելու և մատուցելու հասարակությանը՝ նաև ժամանցի տեսքով: Միջոցառմանը ելույթ ունեցան հարգարժան Աիդա Ասաստուրյանը, ով ընթերցեց հատվածներ Վարպետի ստեղծագործություններից հայերենով, ԵՊՀ մշակույթի կենտրոն/YSU Culture Center-ի սաները՝ ընթերցելով անգլերեն և ռուսերեն, ինչպես նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի (UFAR - Université française en Arménie) սաներից՝ ֆրանսերենով: Ընթերցումներն ընդմիջվեցին երաժշտական համարներով, որոնք կատարում էին ԵՊՀ Մշակույթի կենտրոնի երգչախմբի սաները, ինչպես նաև Կիթառահարների ակումբի ղեկավարն ու անդամները:
Միջոցառումն անցավ մտերմիկ միջավայրում՝ մի գողտրիկ անկյունում, որտեղ համախմբվել էին իսահակյանասերներն ու վայելում էին նրա ներկայությունը: 

Հ.գ. Սրահում ցուցադրված էին նաև նկարիչ Սամվել Սաղաթելյանի աշխատանքները:
Ավ. Իսահակյանի տուն-թանգարանն իր խորին շնորհակալությունն է հայտնում ԵՊՀ մշակույթի կենտրոն/YSU Culture Center-ի տնօրինությանը՝ ի դեմս Կարինե Դավթյանի (Karine Davtyan)` ԵՊՀ 100-ամյակի միջոցառումների բովում գտնվելով հանդերձ մեր առաջարկն ընդունելու, «Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակներում Վարպետին հավուր պատշաճի ներկայացնելու և գեղեցիկ կատարումների համար:



Ողջ օրվա ընթացքում, «Դալան/ Abovyan 12 / Cafe Restaurant» բացօթյա սրճարանում կայացավ Ավ. Իսահակյանի ստեղծագործությունն (բանաստեղծություններ, աֆորիզմներ) ու կյանքը (լուսանկարներ, հուշեր) ներկայացնող ոչ ավանդական ցուցադրություն: Սրճարանի այցելուները հնարավորություն ստացան իրենց ժամանցը համադրելու գրականության հետ: Ցուցադրության մեջ էին ներառված նաև Վարպետի բանաստեղծությունների թարգմանությունները՝ չեխերեն, լեհերեն, գերմաներեն, ֆրանսերեն, չինարեն, անգլերեն, ռուսերեն (Ալ. Բլոկի, Վ. Բրյուսովի և Ա. Ախմատովայի թարգմանությամբ) և այլն՝ ընթերցանության հնարավորությունից չզրկելով օտարազգի հաճախորդներին: Շնորհակալ ենք «Դալան»-ի տնօրինությանը՝ առաջարկը գրկաբաց ընդունելու, մեզ գաղափարակից լինելու և աջակցելու համար:

Գլխավոր էջ | Էջի սկիզբ