Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումների շրջանակում Վենետիկի Մխիթարյան Միաբանությունում տեղի ունեցավ «Իսահակյանը և Վենետիկը» համատեղ ցուցահանդեսի բացումը, հնչեցին զեկուցումներ Վարպետի վենետիկյան շրջանի մասին, ցուցադրվեց «Վարպետը» անիմացիոն ֆիլմը:
Զեկույցներով հանդես եկան տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Ցողիկ Նազարյանը «Իսահակյանը և Մխիթարյան Միաբանությունը» և Աննա Սարոյանը «Վենետիկի հայ պրոֆեսորը» թեմաներով։
Ներկաները դիտեցին տուն-թանգարանի նկարահանած «Վարպետը» ֆիլմը, որը պատմում էր Իսահակյանի կյանքի և ստեղծագործական ուղու մասին։
Համատեղ ցուցահանդեսում ցուցադրվեցին նաև տեղի գրադարանում պահվող Իսահակյանի մակագրությամբ և բանաստեղծի թոռան՝ Ավիկ Իսահակյանի մակագրությամբ գրքեր և բացիկներ։
Ցուցահանդեսը Միաբանությունում կգործի երեք ամիս:
Թանգարանի պատվիրակությունը դեկտեմբերի 10-ին հանդիպում ունեցավ Վենետիկում ՀՀ Պատվո հյուպատոսարանի ներկայացուցիչների հետ՝ հանձին Վենետիկում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանի։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Վարպետի հուշատախտակի տեղադրման վերաբերյալ մանրամասներ և հետագա համագործակցության ծրագրեր։
|