Իսահակյան150 | Հոբելյանական համաժողով՝ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին
Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի շրջանակում Փարիզի Ինալկո համալսարանում տեղի ունեցավ հոբելյանական գիտաժողով՝ կազմակերպված Ինալկոյի (INALCO), Եվրոպա–Եվրասիա–CREE հետազոտական կենտրոնի, Ինալկոյի հիմնադրամի և «Հիշատակարան» ՀԿ-ի համագործակցությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Համաժողովը նվիրված էր մեծ բանաստեղծի հարուստ գրական և մշակութային ժառանգությանը՝ առանձնակի ուշադրությամբ ներկայացնելով Իսահակյանի կապը Ֆրանսիայի հետ և նրա փարիզյան շրջանը (1930–1936), որն առանձնահատուկ դեր ունեցավ Վարպետի ստեղծագործական ուղու ձևավորման մեջ։
Համաժողովին ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պարոն Օլիվիե Դեկոտինյեն (Mr. Ambassador Olivier Decottignies), Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան պարոն Արման Խաչատրյանը, ԻՆԱԼԿՈ հիմնադրամի գլխավոր տնօրեն պարոն Ֆիլիպ Ադվանին, Հիմնադրամի ղեկավար պարոն Արնո Ժենեուան, ինչպես նաև հայագիտության բաժնի ղեկավար տիկին Անահիտ Տոնապետյանը։
Միջոցառման շրջանակում`
ներկաները դիտեցին «Իսահակյանը և Փարիզը» կարճ վավերագրական ֆիլմը, իսկ ցուցադրությանը հաջորդեցին բանաստեղծի թոռ Ավիկ Իսահակյանի, Մ․ Սարյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման բաժնի ղեկավար, բ․գ․թ․ Ռուզան Սարյանի, Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանի և ցուցադրությունների բաժնի վարիչ Ռուզաննա Մեսրոպյանի ելույթներն ու զեկույցները։
Տեղի ունեցավ «Աբու-Լալա Մահարի» պոեմի հայերեն–ֆրանսերեն տարբերակի շնորհանդեսը. գրքի նկարազարդումների հեղինակը Մարտիրոս Սարյանն է, ֆրանսերեն թարգմանիչը՝ ֆրանսահայ գրող և թարգմանիչ Կարեն Խուրշուդյանը, իսկ ֆրանսերեն խմբագիրը՝ ֆրանսիացի նշանավոր հայագետ Ժան Պիեռ Մահեն։
Հնչեցին Իսահակյանի խոսքերով գրված դասական ստեղծագործություններ՝ Մկրտիչ Մկրտչյանի կատարմամբ
Տեղի ունեցավ «Վարպետը» անիմացիոն ֆիլմի ֆրանսերեն տարբերակի առաջին ցուցադրությունը (թարգմանիչ՝ Կարեն Խուրշուդյան, ֆրանսերենի խմբագիր՝ Ժան Պիեռ Մահե)
Միջոցառման ավարտին խոսքով հանդես եկավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պարոն Օլիվիե Դեկոտինյեն, որը կարևորեց Ավետիք Իսահակյանի դերը որպես Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կամուրջ՝ ընդգծելով նրա ստեղծագործական ժառանգության արդիականությունն ու համամարդկային արժեքը։
Հոբելյանական համաժողովը դարձավ հայ և ֆրանսիացի գիտնականների, մշակութային գործիչների և արվեստասեր հանրության միասնության կարևոր հարթակ՝ արժևորելով Վարպետի խոսքն ու հայ հոգևոր մշակույթի անժամանցելի ժառանգությունը։
Առանձնահատուկ շնորհակալություն « Հիշատակարան» ՀԿ- հիմնադիր տիկին Anna Leyloyan ին, համաժողովը ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար:
|