Միջոցառումներ - 2026


Հունիսի 4-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հուշային այգում տեղի ունեցավ ֆրանսահայ անվանի քանդակագործ Հարություն Եկմալյանի հեղինակած փայտյա քանդակ-նստարանի պաշտոնական բացման արարողությունը։
Ռիալտոյի կամրջի տեսքով պատրաստված նստարանի վրա հայերենով և իտալերենով փորագրված է Ավետիք Իսահակյանի հայտնի՝ «Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամուրջին...» բանաստեղծությունը, որն ամբողջանում է աղջկա դեմքի քանդակով։
Միջոցառումը մշակութային երկխոսության շարունակություն է. այս տարի ապրիլի 17-ին Վենետիկում՝ Դորսոդուրո N2266 հասցեում գտնվող տանը, որտեղ ապրել է մեծ գրողը, բացվեց Ավետիք Իսահակյանին նվիրված հուշատախտակ, որի վրա պատկերված է Ռիալտոյի կամրջի էսքիզը և Իսահակյանի սիրելի ճարտարապետական կառույցից՝ Երերույքի տաճարից զարդանախշ։
Միջոցառմանը ներկա են եղել նաև նախագծի հեղինակ, անվանի քանդակագործ Հարություն Եկմալյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, Երևանի բազմամասնագիտական պետական քոլեջի տնօրեն Աննա Սաղաթելյանը, Վարպետի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, ընտանիքի անդամները, մտավորականներ, արվեստագետներ։
Նախագիծն իրականացվել է «Երևանի բազմամասնագիտական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ. փայտի մշակման և պատրաստման աշխատանքներին իրենց մասնակցությունն են ունեցել քոլեջի ուսանողները։ 


Գլխավոր էջ | Էջի սկիզբ