Միջոցառումներ - 2026


Մայիսի 16-ին և 18-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը դարձավ այն հարթակը, որտեղ «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը» խորագիրը վերածվեց կենդանի իրականության: Այս օրերին թանգարանի բոլոր սրահները հագեցած էին արվեստի, ներառականության և երիտասարդական էներգիայի յուրօրինակ համադրությամբ:
Ամփոփելով տոնական օրերի ամենատպավորիչ շեշտադրումները.
Տոների մեկնարկը տրվեց «Մենք և մեր սրտի թանգարանը» ջերմ միջոցառմամբ, որն իրականացվեց ԿԱՊԿՈՒ ուսանողների և «Մշակույթը ներառման հիմքում» ՀԿ-ի հետ համատեղ: Այն ևս մեկ անգամ ապացուցեց, որ մշակութային տարածքները հասանելի և միավորող են բոլորի համար:
Այցելուների հատուկ ուշադրությանն արժանացավ Երևանի թիվ 4 արհեստագործական պետական քոլեջի սաների աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: Ոսկերչական նրբագեղ գործերը, փայտամշակման, զոդման և հրուշակագործության իսահակյանական թեմատիկ նմուշները նոր շունչ տվեցին թանգարանային միջավայրին:
Եվրոպական շունչ և «Երազներ». Բացառիկ հնարավորություն էր Ավետիք և Սոֆի Իսահակյանների եվրոպական շրջանի հագուստների ու լուսանկարների արխիվային ցուցադրությունը, որին ներդաշնակորեն միացավ նաև «Երազներ» նկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Երաժշտական ակորդ. Երեկոները լցվեցին բարձրաճաշակ հնչյուններով. երգչուհի Մարիցա Թիլիքյանի կատարմամբ հնչեցին համաշխարհային դասական գործեր («Ապրած իմ կյանքից...»), իսկ կիթառահար Գենադի Միրզոյանցը ներկայացրեց համաշխարհային հիթերի իր երաժշտական անդրադարձը:
Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին, մասնակիցներին և անդադար հոսքով մեզ այցելած արվեստասերներին՝ Վարպետի օջախում անցյալն ու ներկան մեկտեղելու և այս տոնը միասին կիսելու համար:  


Գլխավոր էջ | Էջի սկիզբ