Միջոցառումներ - 2026


Փետրվարի 19-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ թանգարան-գրադարան համագործակցության շրջանակում կազմակերպված միջոցառում, որի կենտրոնում «Ավետիք Իսահակյան» անգլերեն-հայերեն պատկերագրքի շնորհանդեսն էր՝ նվիրված Վարպետի ծննդյան 150-ամյակին։
ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով տուն-թանգարանի կողմից հրատարակված պատկերագրքում ներկայացված են թանգարանում պահվող լուսանկարներ, վավերագրեր ու արխիվային նյութեր՝ հայերեն և անգլերեն համառոտ մեկնաբանություններով։ Գրքում ներառված են նաև բացառիկ նյութեր՝ լուսանկարներ, անձնական իրերի պատկերներ և փաստաթղթեր, որոնք առաջին անգամ են հանրայնացվում՝ արժեքավոր վկայություններ դառնալով ժամանակաշրջանի և իսահակյանագիտության համար։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև հոբելյանական տարին ամփոփող տեսանյութը։ Ելույթներով հանդես եկան տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը և Ավետիք Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանը։
Միջոցառման ավարտին թանգարանի նոր հրատարակություններից նվիրատվություններ կատարվեցին գրադարաններին՝ նպաստելով նրանց գրքային ֆոնդերի համալրմանը: Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծեց թանգարանն ու գրադարանը որպես գիտելիքի և մշակութային ժառանգության կենդանի հարթակ՝ գրքի շուրջ հանդիպման, զրույցի և արժևորման համար: 


Գլխավոր էջ | Էջի սկիզբ