|
ՍԱՍՄԱ ՄՀԵՐ
ՎԻՊԵՐԳ
ԱՌԱՋԻՆ ԳԼՈՒԽ
Ելավ քաջ Դավիթ` իշխան Սասունա,
Կըռիվ խոյացավ ի Մսրա վըրա:
Ու նրա ետնուց Խանդութ մեծ Տիկին
Լիր_լրումն առավ,
Լույս աշխարհ բերավ
Մեկ արու զավակ` տեր ու ժառանգին
Ջոջանց աթոռքին, Սասմա աշխարքին:
Ու հնուց ավանդ սուրբ սովորութքով
Ժողվեցան եկան Ջոջանց Տան պետեր
Մանկան բարուրի բինդերու փոխան
Գութանի շղթան փաթթեցին վրան,
Ու ասին իրար Ազնանց ավագներ,-
-Թե կոտրեց տղան կապանքն երկաթին,
Նա ազատ կուզե ու կրնա ձեռնել,
Նա մեր ցեղեն է` առյուծ հոր որդին:
Մանուկն էր. ճըչավ, ճըկեց ձեռն ու ոտ,
Կոտրեց շղթայի ամեն հոդն ու զոդ:
Համբավը տարան կռվի դաշտ` Դավթին.
Ու պատգամ ճամփեց Դավիթ Խանդութին.
_Իմ ակն-արեգակ հորըս անունով
Իմ կորյուն որդուս
Կանչեցեք Մհեր.
Նա պիտի դառնա մեր աշխարհին տեր,-
Ով զերկաթն իշխե` իշխանն է մարդուս:
Ու չար օրն հասավ`
Մահացավ Դավիթ` դյութազըն-առյուծ,
Մահացավ Խանդութ սրտի կսկըծուց.
Մնաց որբ-մանուկ, անհեր ու անմեր
Իրենց մեկ հատիկ զավակը` Մհեր:
Ու Դավիթ եղբայր, Ճնճըղափորիկ,
Ելավ, տիրացավ Սասման անառիկ,
Տեր դարձավ Դավթի գանձին ու կայքին,
Որ պահե, շահե Սասմա ժառանգին:
Մհեր թեև դեռ տղա էր տկար,
Իրեն ուժի տեր Սասուն մարդ չկար:
Հոր նման պարթև, աչքերն` ակն-արև,
Հայացքն` արծվենի, ճակատն` արքենի,
Մազերը` բոց-հուր,
Մեջք ու բազուկներ` պողպատիկ ու կուռ:
Յոթ մարդու կերը կուտեր մեկ ժումով,
Ով տարով կաճեր` նա կաճեր ժամով:
Վես էր բնութքը, խրոխտ ու ըմբոստ,
Հրով, խանդով վառ.
Զայրույթքի պահին` մթար ու մլար,
Հանց որ Նեմրութ սար:
Սասմա սեպ սարեր ոտներն անդունդին,
Գլուխն` երկնքին, ամպին ու շանթին,
Կըվազեր Մհեր շանթի ետևեն,
Փետուր կպոկեր արծվի թևեն:
Հորեղբայրն ասավ Մհերին մեկ օր.
-Գյուղի հոտաղներ կերցըրին բոլոր
Մեր հանդն ու ածու. Գընա,ակը տու,
Բան արա, որդի, պարապ մի´ նստի:
Ու կելներ Մհեր առավոտ-լուսին,
Կըկապեր ուսին
Գոմշենի մախաղ` հացով ու թացով,
Կերթար ժուռ կուգար Սասմա դար-դուրան,
Կըհսկեր Սասմա հանդ ու հանդաստան:
Սասմա դար-դուրան` աղբյուր հազարան,
Նման սուրացող սեգ առյուծներուն`
Բաշերն արծաթի` փռած քերծերուն:
Կըթիկներ Մհեր աղբրանց ակին,
Ողջ հացը կուտեր մեկ բրդուճ արած,
Ու օրը բոլոր կըմնար քաղցած:
Իրիկուն տուն դարձին կասեր հորեղբոր.
-Էսօր էլ օրըս անցավ անոթի:
-Ինչո՞ւ, այ որդի,
Սասմա մեր հանդեր լիքն են սինձ, բանջար,
Քաղե´, կե´ր, ինչո՞ւ կմնաս անճար:
-----------------------
Կելներ Մհեր
Գուշպերու մեջ կըսողոսկեր,
Ու վայրենի մեղուներու
Խորիսխն ազնիվ կըհավաքեր,
Կուտեր Մհերն ու կուժովնար:
Կըմագլցեր քերծերն ի վեր,
Արծիվներու վես բներեն
Կըհավաքեր ձվերն ամեն,
Ժեռ քարերը իրար կուտար,
Բոց կհաներ ժեռեն զնար,
Կրակ կաներ, կըխորովեր
Արծվի ձվեր,
Կուտեր Մհերն ու կուժովնար:
Կոլորտեր որսի համար
Շամբերու մեջ Անգղա գետի,
Անտառներով մութ ու մըլար,
Առանց հունի, արահետի,
Ու կըվարգեր հովերու հետ
Փապերու մեջ ու վիհերու,
Ետևն ընկած կրընկևեթ
Վարազներու խենթ գիհերու:
Կելներ Մհեր լեռներու վիհ,
Հանց սուր աշտե,
Կատար ու քերծ, ամենաբերձ,
Ուր չի հասել վիթն իր ոտով,
Հավքն իր թևով,
Ու կընձեներ խանդով խրոխտ,
Արծըվի պես,
Ազատ ու վես:
Գոռուն-գոչուն Անտոկա քաշեն
Մեկ հեղ մեկ վեմ-քար
Փլել ու կուգար
Ջոջանց ոչխարի փարախի վրեն:
Մհերն էր. վազեց, թիկունքը հզոր
Քարին դեմ տվավ, քարը կանգ առավ,
Ու մինչ էսօր
Կըմնա կանգուն` փարախի գլխուն:
Իրիկուն տուն դարձին` ասավ հորեղբոր.
-Սասմա ժեռ քարեր շեղբերու նըման
Տըրեխներն ոտիս` մաշեցին, կերան:
-Կարկըտի, հագի, ասավ նեղսրտած
Ճնճըղափորիկ:
Քըթմնջաց Մհեր ու լարեց անահ
Աղեղն հոնքերու` հորեղբոր վրա:
-Էս դևեն մեկ օր ձորձանք պիտի գա,
Քաջք է աժդահա, վիշապ զարհուրիկ,
Չի լսե սաստի, ոչ էլ խրատի:
Ահը սիրտն առած
Խոսեց կնոջ հետ Ճնճըղափորիկ:
Ու խորհուրդ արին,
Որ մեկ պատճառով, հնար-հնճարով,
Վանեն Մհերին
Տնեն ու տեղեն.
Դավով ու խաբով, մեկ անդարձ ճամփով,
Վտարեն իսպառ Սասունա հողեն:
Որ իրենց որդին` Փոքրիկ-Ճնճըղիկ,
Որ գիր կըսորվեր Մարութա սուրբ վանք,
Դարձնեն տեր-ժառանգ
Ազնանց աթոռքին,
Իշխան տիրական Սասմանց աշխարհքին:
Ելան ճամփեցին ջոջ-Վերգոյի հետ
Մանուկ Մհերին, պարեն-պաշարով,
Կապուտկողի բերդ,
Խանդութի հոր քով:
-Քո ջոջ պապ, Մհեր,-
Հորեղբայրն ասավ,-
Քո կարոտն ունի,
Գնա,մայրիկ տես, աշխարհ պտըտի,
Բան սովրի, որդի:
Ու եկավ Մհեր, հասավ Կապուտկող,
Իրեն պապի հող:
Յոթ տարի բոլոր մնաց պապաոնց տուն:
Մկունք կըխաղար քեռիներու հետ,
Կելներ ոսկեսար,
Ու նրանց հավսար`
Կռիվ կըմտներ` հագած ճոշ-ասպար:
Եղավ որ պապը օրն հասավ, մեռավ:
Ու Թևա-Թորոս` անդրանիկ քեռին,
Կանչեց Մհերին, ծաղրերես ասավ.
-Տո´, տխմար Մհեր, դու չգիտե՞ս, որ
Քո հոր բռին էր Սասունը հզոր.
Քո հայրը ուներ տըկերով ոսկի,
Հողեր ու գյուղեր, ավան ու ապատ,
Հուր-հրեղեն ձին,
Ու Թուր- Կայծակին:
Դու հիմի անհող քաշ գաս մեր դռա~ն.
Հորեղբայրդ ուտե քու հորըդ գանձը,
Դու օտար երկիր մաշես քու անձը:
Վա~յ Ջոջանց խելառ, մուխըդ չմարի:
-----------------
Մհերն էլ ելավ,
Լախտը ձեռքն առավ,
Ճամփան ոտքն առավ,
Վարգեց ու ահսավ Բանձրաթող Սասուն:
Որ եկավ Սասուն, ծունր իջավ գետին,
Համբուրեց հողը Սասմա աշխարքին.
Ու սուրաց հանց նետ` դեպ Առյուծաբերդ,
Ազնանց հնուց երդ:
Իրիկնաժամին մտավ դարպասն հոր,
Ու լցված սրտով ասավ հորեղբոր.-
-Ես լինե´մ Սասմա ժառանգ ու իշխան,
Ինձ էսպես ձգես ուրիշի դռա՞ն…
Խոսքը դեռ բերնին` Ճընճըղափորիկ
Ոտ զարկեց տարփին,
Գոռաց անառիկ.
-Անիծվի էն մարդ, որ մեծ-սիրտ որբին
Թևի տակ կառնի ի վեր աշխարհին:
Լախտն առավ Մհեր, որ զարկեր նրան,
Ձեռը չգնաց հորեղբոր վրան:
Գազազեց սաստիկ Ճընճըղափորիկ
Գոռաց ահառիկ,
Ու մահակն առավ,
Ծեծեց Մհերին, տնեն դուրս արավ:
Ետ դառավ Մհեր, որ զարկե նրան,
Նորեն Մհերի ձեռքը չգնաց
Հորեբոր վրան:
Ու ելավ գնաց լալով, լաց-աչքով,
Եկավ հոր ու մոր գերեզմանի քով,
Թողություն խնդրեց հորեն ու մորեն,
Հեռացավ Սասմա հողեն ու ջրեն:
ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈՒԽ
Մհեր զուրկ ու մերկ, ծարավ, անոթի
Ու վտարանդի
Հեռուն աչքն առավ.
Ճամփան ոտքն առավ,
Գնաց ու հասավ Ճապաղջուրի դաշտ.
Որ եկավ հասավ Ճապաղջուրի դաշտ,
Տեսավ ամառվա շոգին- կրակին.
Նստել է ծառի քաղցրիկ շըվաքին
Հարուստ մարդու մի կնոջ հետ մեկտեղ,
Կըխմե գինին, կուտե ձըվածեղ.
-Բարով քեզի, բարին քեզի,
Մհեր ասավ,
Անոթի եմ, հաց տուր ուտեմ:
Հարուստն ասավ,-Արտս գնա,
Խիճերն հանե, քաղհան արա,
Քրտինք թափե, հաց կուտամ` կե:
Եկավ Մհեր ճորտերու քով.
Տեսավ` ճորտեր
Եղունգներով, ագուռներով
Խիճ կըհանեն արտի հողեն,
Արտ կըմաքրեն գուղձեն, կոշտեն,
Մոլախոտեն:
Ինքն էլ նման ձեռնեց գործին
Ծնկածալիկ, արևբոցին,
Մեջքակոտոր ու քրտնաթոր,
Դատեց, բանավ մինչև իրիկուն;
Եղավ իրկուն
Ճորտերու հետ դառ ու դադրած
Մտավ մեկ հյուղ` գեջ ու խավար,
Իրար վրա ելան ծվար:
Մեկ աստուճ հաց տըվին` ուտի,
Մեկ չոր խշտի` պառկի, քընի;
Մհեր պառկեց, քուն չըտարավ.
Աչք չըփակեց ու ողջ գիշեր
Աշխարհի բան միտք կաներ միտք
Ջոջանց Մհեր.
-Ռամիկ չարադատ
Չոր կուտե
Հարուստ պարապ-մարդ
Մեղր կուտե;
Առտուն կանուխ ճորտեր բոլոր
Ելան ոտքի
Անխոս, անձեն կանգնան բանի;
Ու համբերեց մեկ-երկու օր,
Վրա երեքին
Խոսց Մհեր մեջ իր մտքին,
-Էս էլ կյանք չէ.
Էս չար մահ է,
Հացն ու ջուրը էս պիղծ տեղի-
Օձու լեղի...
Լախտը ձեռն առավ,
Ճամփան ոտքն առավ,
Գընաց ու մտավ Ոստանա քաղաք;
Ու մեկ փռնապան
Մհերին առավ իրեն ձեռի տակ;
Մհեր օր բոլոր ջուր, փայտ կըկըրեր
Ու գիշերն անքուն` ալուր կըմաղեր,
Խմոր կըշաղվեր, խմոր կըգնդեր.
Գլուխը բարձին, աչքը չըկպած`
Կըկանգներ ոտաց:
Իր բաժին հացը չէր բավե իրեն,
Հաց կառներ կուտեր ձեռն ընկած տեղեն;
Փռնապան տեսավ,
Բարկացավ, ասավ.
-Տո, ծակաչք, ծակփոր,
Սասունա վիշապ.
Ի՞նչ մնաց՝ ծախեմ,
Կերար ողջ-բոլոր;
Աչքերը Մհեր խոլորեց վրան,
Վախեն ձեն ու ձուն կտրեց փռնապան,
Ու հացերն առավ, փակի տակ դրավ;
Մհեր մեկ մատով փականք կըկոտրես
Հացերը կուտեր:
Փռնապան նորեն սաստեց ու ասավ.
-Մհե˜ր, դու ինչո՞ւ փականք կըկոտրես,
Հացերը կուտես:
Ուրիշի հացին իրավունք չունես,
Օրե´նք կա, օրե˜նք,
Պատի´ժ կա, պատի˜ժ:
Պողպատ իր ուսեր վեր քաշեց Մհեր,
Ասավ զարմացած.
Էդ պատիժ, օրենք ես չեմ հասկանա:
Բա, էս օրե՞նք է՝
Դժվար բաները ես եմ անողը,
Համով բաները դու ես ուտողը,
Թե գանձ կապողը:
Ու Ոստան քաղքեն Մհեր
Սիրտը խոլոր՝ չըվեց գընաց,
Եկավ հասավ Լաթարա հող,
Մտավ մեկ գյուղ:
Ռեսն էր. առավ վեստ Մհերին,
Հանց որ ճորտի, հացափորի,
Ճամփեց կոռի,
Ճամփեց կոռի դաշտն ու մերին
Ու այգեստան ավատի տան:
Օրն է հասել,
Գեղջուկ, ռամիկ արտն է հնձել,
Հունձը փնջել, բերել կալսել,
Ու կալի մեջ դիզել շեղջ-շեղջ
Ցոլցլալեն ոսկի ցորեն:
Եկավ հեռվեն մեկ ծեր գուսան,
Ձեռքին քընար՝ գանգ մի եզան,
Եղջյուրներեն երեք կատ լար
Քաշած՝ ի վար:
Բարև տվավ, նստավ խուրձին,
Զարկեց դաշըն պիրկ լարերուն,
Փառք երգեց ավուր հացին.
Փառք տվեք հացին
Ապա աստըծուն.
Հացն է աշխարքիս
Իսկն ազատություն:
Ասենք բուխ սրտով
Ռամիկին արև շատ.
Պահող-շահողին
Աշխարհ-արարատ:
Գովքն արեք ռամկին,
Ռամկի սուրբ գործին,
Ձեր ազատության,
Ձեր արդար-հացին:
Շարան-շարան երկնուց իջան
Հավք ու թռչուն,
Ծլվլացին շուրջը կալին
Ու բաժիններն առան թռան:
Եկավ իշխան էն արտատեր,
Կիսեց տարավ ցորենի շեղջ.
Իրար ետնուց եկան հասան
Թե´ գյուղապետ, թե´ խանութպան,
Առան տարան բեռով-թեռով,
Հարկի դիմաց, վաշխ ու պարտքին
Իր աչքի լույս ցորեն-ոսկին:
Բան չըմնաց խեղճ ռամիկին-
Լոկ ծեղ ու կուտ կալատակին:
Էս որ տեսավ՝ կրակ ու բոց
Բռնկեցավ Մհերի ծոց.
Ախ կըքաշեր օր ու գիշեր
Ու կխորհեր մռայլ Մհեր.
-Ռամիկ, մշակ,
Դուք կըլցնեք
Մառան, մարագ
Հոր ու հնձան
Թե´ իշխանին, թե´ մեծատան,
Որ անոթի, մերկ ի մորեն
Մնաք նորեն:
Ռեսը կանչեց, ասավ.-Մհե´ր,
Հարկ տուր հիմի,
Գլխահարկ տուր թագավորի:
-Ի՞նչ հարկ, ի՞նչ կոռ,
Ի՞նչ թագավոր,
Պարտք է տվել, կուզե հիմի,-
Ասավ խիզախ Մհերն Ազնանց
Ու բերդի պես կանգնավ, մնաց:
Ռեսը ձենեց, ձենին եկան
Գեղ-գեղովի, ճորտ ու մշակ,
Ուսերով վար՝ փոկ ու ճոպան,
Անթերու տակ՝ բիր ու մահակ:
-Կապե´ք, ասավ, կապե´ք ձեռ-ոտ
Երկաթ զարկեք, տարեք ձգեք
Մութ բռնատուն:
-Վա´յ ձեզ, ճորտեր խեղճ ու տխմար,-
Ինձ զորավիգ կանգնելու տեղ
Ոսոխին դեմ ձեր հոգեառ,
Վերցրել եք զեն՝
Թափվել վրաս, հանց ձեր ահեղ
Թշնամու դեմ…
Մեկդի´ քաշվեք, մեկդի´ հիմի,
Ճամփա´ տվեք, թող ռեսը գա,
Թագավորի հարկը տանի…
Ասավ Մհեր,
Ու անառիկ բերդի նման
Կանգնավ մնաց:
Գեղ-գեղովի ձեռք զարկեցին
Մհեր բռնեն.
Մհեր հոնքեր ժողվեց իրար,
Լախտը փարտեց,
Ծայրը լախտին դիպավ սանդին,
Աղասանդը փրթավ տեղեն,
Թռավ գնաց՝ կրակ կտրած,
Ու կըթռնի մինչև հիմի:
Շորշոփն հզոր՝ լարած լախտին,
Շանթի նման փռեց գետին,
Փռեց գետին գեղապետին
Յոթըն օրվա մեռելի պես:
Գեղ-գեղովի էս որ տեսան,
Գումար փախան, եղան ցրիվ,
Հանց չոր խռիվ քամու բերան,
Ծերպ ու ծործոր շունչներն առան:
Ելավ Մհեր սիտը խոլոր,
Միտքը՝ մոլոր,
Ճամփա ընկավ,
Ճամփան տեսավ՝
Սարի կանանչ մարմանդներով,
Ձորի մարմանջ աղբյուրներով,
Վայրի հավքեր ուրախ-զվարթ
Կըռթռնեին, ծափ կուտային,
Տաղով-խաղով, ուրախ-զվարթ:
Մհեր դարձավ՝ նրան ասավ.
-Երանի˜կ ձեզ, վայրի հավքեր,
Դուք օրհնված եք, մարդն անիծած,
Ազատ, անպարտ,
Ընկերներով ու ախպոր պես
Կապրիք անհոգ ու սեր կանեք,
Ո´չ արտատեր կըճանճնաք,
Ո´չ հարկ ու կոռ, ո´չ թագավոր,
Երանիկ ձեզ, վայրի հավքեր…
Անձնահուր Մհեր
Չվեց ու հասավ Պղնձե-քաղաք:
Պղնձե-քաղքի պարիսպներ ու դուռ
Պինդ-Պղնձակուռ.
Կամուրջ, բուրգ ու բերդ՝
Պինդ-պղնձակերտ:
Ժուռ եկավ քաղքի գռեհ ու փողան
Հազար մանեման
Կանգ առավ մոլոր մեջ պողոտային
Առջև փառանցփառ մեկ ապարանքին.
Տեսավ՝ վարպետներ բանձրիկ պատերեն
Կըկանչեն ամուր.
-Էհե˜յ, քար բերեք,
Շաղախ ու խիպար:
Բանվորներ՝ առած ուսերին, մեջքին
Քարեր ահառիկ, դույլեր ահագին,
Ու սանդուղքներով ոլոր-ոլորուն,
Կելնեն-կիջնեն,
Ծնկներով՝ դեդև,
Սրտով՝ հևիհև:
Որ տեսավ Մհեր մեկ տղա բանվոր՝
Քարը շալակին բանձրաքաշ տեղեն
Վար ընկավ գետին ու եղավ ցրեխ
Գլուխն ու ըղեղ…
Էս որ տեսավ Ազնանց Մհեր,
Հանց փոթորանք ծովու վրա,
Որ հազարան վագրերու պես,
Կըմռմռա ու կըկորզե
Պատ ու պատնեշ,
Բորբ որ բորբոք դարձավ ասավ
Իրեն սրտին ու աշխարքին.
-Է´յ, դուք, մշակ, ճորտ ու բանվոր,
Կըշինեք հար դուրք ու դարբաս,
Ու ձեզ համար
Լուծ ու անուր, զնդան ամուր:
Երթամ շինեմ բերդ ու պատվար՝
Նեղ ու դժար օրվա համար.
Առնեմ իմ հոր զենքերն ու ձին,
Ու Սասմանց տան կուռ կտրիճներ՝
Կռվիս համար վիգ ու սատար.
Ելնենք գուպար
Աշխարքի դեմ զրկող ու չար.
Ողջ ավերենք
Ու ռամկություն բերենք աշխարհ,
Ռամկի օրենք ու իրավունք,
Որ տեր դառնա ռամիկն իրեն
Սուրբ վաստակին, արդար հացին:
Երրորդ գլուխ
Ու կրակված թռավ Մհեր
Եկավ, ելավ
Սիմ ու Սասուն-Սասունա սար:
Սասունա սար՝ վեստ ու վիթխար,
Հանց երկնամուխ
Ցըլի գլուխ,
Ու կըփնչե գոռ ու ահռիկ
Բուք-մըրըրիկ:
Կիրճերու մեջ Սասմա գետեր,
Հանց մերկ ու կեռ կայծակ-թրեր,
Էն ձյունափառ սեգ Ծովասար,
Որ աստղերուն է հավասար:
Կըդեգերեր Մհեր անդուլ
Անգըղ գետեն մինչ Սեղան-սար,
Մարաթուքեն՝ Ծծմակաքիթ:
Ու կըփնտրեր բերդի համար
Քար ու կապան, լեռ առապար.
Անկ ու հարմար:
Օրանց մեկ օր՝ մութն ու մոլոր՝
Մեջ կապանին, խոր ծմակին,
Մեկ վագր վիրագ ու ահագին,
Դեմ Մհերին խոպաց, վարգեց
Ու մռնչաց խոլ զարհուրիկ:
Մհեր լախտը քաշեց, զարկեց,
Ճեղքեց գանգը վագրի ահռիկ,
Միսը կերավ, մորթը ձգեց
Կուռ թիկունքին, գլխու վըրան՝
Գիշտ ու խալամ:
Գտավ Մհեր մեկ խրոխտ լեռ
Մեջ բավիղին Մարաթուքա,
Զերդ բանձրիկ գահ,
Կողն ու կռնակ՝ գուղձ երկաթին,
Ուր կընայեն ամեն դիեն
Վիհեր մթին վեժ-անդունդին.
Քար ու կապան, լեռ առապար
Բերդի համար անկ ու հարմար:
Ազնանց Մհեր լախտն առավ ձեռ
Վազեց իջավ Տարոնա դաշտ:
Տարոնա դաշտ մեծ գետ ունի,
Խոր ու բըրոր.
Ու անունն է Արածանի.
Հարյուր քառսուն վտակ ու վետ,
Կըխառնվեն իրարու հետ
Ու կըհյուսեն Տարոնա գետ:
Տեսավ Մհեր՝ ջուրն է հորդել,
Վարար-վարար,
Ու կավերե գեղ ու հանդեր,
Արոտ ու վար
Շինականին ու ռամիկին:
Խղճաց Մհեր, մրմուռ սրտով
Վարգեց հասավ Քարքե սարին.
Մեկ ապառաժ վեհ վիթխարի
Ժեռ քարերեն Քարքե սարի
Մղեց, բերեց
Գլո´ր-գլո´ր,
Դղո´ր-դղո´ր
Բերեց ձգեց էն գետի մեջ.
Գետը բաժանեց երկու ճյուղի,
Մեկն աջ գնաց ու մեկը՝ ձախ:
Ջուրերն իջան,
Առաջվա պես արևերես
Ելան գեղերն ու հանդաստան
Շինականին ու ռամիկին:
Տարոնցիք էս որ տեսան,
Զարմացք ահեն ջուր կտրեցան.
Փախան, մտան
Արև-Առինճ մեծ շահաստան,
Վիշապաբերդ, արուրակերտ:
Արուրի դուրք քառսուն նիգով
Իրենց ետնուց պինդ գոցեցին:
Մհեր հասավ լախտը ձեռին
Ու յոթն հեղ որոտմունքով
Կոփեց բերդի դուրք արուրին,
Դոփեց գետին պողպատ ոտքով,
Ձենը ձգեց ահեղագոչ,
Ծխնու վրա դողաց դողդոջ
Դուրք արուրին:
-Էյ Տարոնա իշխան ջոջեր,
Ականթոթափ
Ժողվեք բերեք, տվեք ինձի
Ձեր արծաթով, հացով-ջրով,
Հարյուր վարպետ, որ վեմ տաշեն,
Հարյուր վարպետ, որ պատ քաշեն.
Բերեք հազար բանվոր, մշակ,
Որ քար կըրեն, երկաթ կըռեն.
Բերեք հազար բանվոր, մշակ,
Որ հող թալեն, արճիճ հալեն:
Բերեք, թե ոչ ձեր տուն ու տեղ
Ավեր կանեմ, հող ու աղուր,
Չորսդին կուտամ՝ հողմերուն կուր:
Ու Մհերի ոտքը եկան
Աղ ու հացով, խնդիրք-լացով,
Արև-Առինճ քաղքի ջոջեր՝
Վաճառապետ ու գանձաշատ.
Ականթոթափ
Բերին տվին հացն ու արծաթ,
Հարյուր վարպետ, որ վեմ տաշեն,
Հարյուր վարպետ, որ պատ քաշեն,
Բերին հազար բանվոր, մշակ,
Որ հող թալեն, արճիճ հալեն:
Վարպետ-բանվոր Մհեր առավ,
Գումար տարավ
Բարձրիկ Սասուն, Սասմա աշխարհ,
Խոլ ու խոժոռ քերծի վրա:
Ու շինեցին հզոր քերծին
Բերդ ու պատվար, զերդ կուռ ասպար,
Կայծակ քարով ու որձ-քարով
Կամրջապատ փապ ու վիրապ:
Արճիճ լցրին կրի տեղակ,
Մեջ հիմերուն,
Արճիճ լցրին խիճի տեղակ,
Մեջ որմերուն:
Կանգնեցրին գոռ աշտարակ
Սուր սնարին՝ վես ու անել,
Ուր լոկ արծվի թևն է դիպել:
Աղխ ու նիգով մուխ երկաթի
Դուռ-դռանդի:
Ու շինեցին խըրոխտ բուրգեր՝
Բանձր ու բոլոր,
Պատուհաններ՝ աչքով խոլոր,
Կընայեին ճամփաներուն
Ոլոր-մոլոր,
Թե´ մոտավոր, թե´ հեռավոր:
Ու անունը բերդի դրավ՝
«Մհերի Քեն».
Անունը սոսկ, բերդը վրան
Մինչև էսօր սպառազեն
Գոռ պահապան:
Գնաց Մհեր՝ բարկ ու կըրակ,
Իջավ Սասմա Աթոռ-քաղաք.
Արև նոր էր աչքը բացել,
Ողջ երկինքն էր ծով-ծիրանի,
Ծուխը կելներ պալա՛ն-պալա՛ն
Ակութներեն ու երդերեն:
Ու օրն էսօր տոն-կիրակի,
Ժամն էր կանգնած պատարագի:
Մհեր մտավ Առյուծաբերդ,
Ջոջանց իր տուն,
Յոթը կողպեք պատուհանեն
Հանեց Դավթի զրահ ու վերտ,
Ոսկի գոտիկ՝ յոթը պատիկ,
Վահան լանջքին
Վառ սաղավարտ դրավ գլխին,
Կապեց մեջքին
Թուր-Հավլունին, Թուր-Կայծակին:
Ելավ ոտքով զարկեց գոմի
Տասը նիգով աղխուկ դռան,
Ընկավ ջախջախ ու ծխնեհան
Դուռն երկաթի.
Հանեց Դավթի
Ձին հրեղեն՝ բռնած բաշեն:
Ձեռքը նյուսին դրավ՝ հեծնի,
Ճնճըղափորիկ հասավ ժամեն,
Եկավ մթնած՝ վրան թնդաց,
Ու արմունկեն քաշեց կատղած.
-Չքվի՛ս, Մհեր,
Չար, անառակ,
Նաշըդ տեսնեմ,
Գետինն անցնես:
Հանց արմունկով հըրեց Մհեր
Հեստ հորեղբոր,
Արմունկն առավ ակռաներուն
Ու ակռաներն եղան փշուր
Հեստ հորեղբոր:
Հեծավ Մհերն արևազուն,
Հեծավ խթեց հրեղեն ձին:
Թռավ կանգնեց քաղաքամեջ,
Աջու ձեռքին
Հազարաշող Թուր-Կայծակին:
Հանց գոռ-ամպրոպ Անդոկ լեռան
Կըկայծկլտե, կըորոտա
Գոռաց Մհեր Սասնու վրան.
-Է՛յ դուք, Սասմա ծռեր ու ճետ,
Է՛յ դուք, գեղջուկ, մշակ ու ճորտ,
Ձեռնել գիտցող նիզակ ու նետ,
Ձեռնել գիտցող գուրզ ու գեղարդ.
Թող ամենքը ասպազինվեն,
Գան ինձի հետ-
Քանդենք հիմեն աշխարհը չար
Ու ռամկություն բերենք աշխարհ,
Ռամկի օրենք ու իրավունք,
Որ տեր դառնա ռամիկն իրեն
Արդար հացին, սուրբ վաստակին:
Ու ետ եկավ Մհերի ձեն
Սալնո ձորեն, Ծոփաց Դուռեն,
Ճապաղ-Ջուրեն, Մշու Դուրեն,
Խութա Քարեն, Գրգուռ սարեն,
Փռվեց նորեն
Գոռգոռալեն, հազարաձեն,
Սասնո վըրեն:
ՉՈՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ
Ջոջ տան պետեր, խոլ հսկաներ-
Ձենով Օհան ու Խոր Գուսան,
Թառ-Ճնճղուկ ու Խոր-Մանուկ,
Վժիկ-Մխո, Բռնած-Կուռիկ,
Ջոջ-Վիրապ ու Ճող-Վիրապ
Ոստանիկներ ու Սեպուհներ,
Ու Ազատներ ու Ավատներ,
Հագած-կապած վերտ ու վահան,
Սուր ու աշտե, տեգ ու նիզակ,
Իրենց առջևն առած-բերած
Հոծ ժողովուրդ- գեղ ու քաղաք,
Գեղջուկ, մշակ, ճորտ ու ռամիկ,
Հագած-կապած զրահ-շապիկ,
Գունդ ու մկունդ, պարս ու աղեղ,
Գրոհ տվին, եկան մեկտեղ
Դեմ Մհերին ու ձենեցին.-
-Է՛յ դև Մհեր,
Վար էջ ձիեն, ժամտուն գընա,
Լա՛ց, որոտա ու դարձ արա
Խորհուրդներեն չար սատանա
Կռի՞վ կուզես…Մեղքը վըրեդ,
Էսօր ևեթ
Քեզ կըխառնենք հազար տարվա
Մեռելոց հետ…
Մհեր կեցավ անպատասխան,
Անպատասխան լեռ անսասան:
Բոլոր մեկտեղ դառան ետ-ետ.
Բոլոր մեկտեղ կանգնան մեկեն,
Բոլոր մեկտեղ սալ ու գետին
Ոտներով պիրկ՝ պինդ դոփեցին,
Տեգերով կուռ հանց կռվի կանչ
Վահանները պինդ կոփեցին,
Թինդ ու թափով թռան առաջ,
Շկահելով, գոռգոռալով,
Հողմի նման խիստ խոյացան,
Եկան վետ-վետ ու իրենց հետ
Ամպ ու փոշի, մուղտ ու մղեղ,
Գռութ տվին
Դռութ տվին,
Կուռ կռուփներ ցցած ահեղ,
Թռան, եկան, եկան հասան՝
Մհեր գլեն,
Մհեր ճմլեն:-
Մհեր խթեց Ձին հրեղեն
Ու մխրճվեց մեջ ամբոխին
Ճեղքեց ամբոխն երկու մասի,
Մեկն աջ թալեց ու մեկը ձախ.
Կեսն՝ արևցաթ, կեսն՝ արևպատ,
Մղեց, եկավ, կանգնավ խիզախ
Դեմ -հանդիման, ճակատ-ճակատ
Իշխաններուն, Սեպուհներուն,
Ավատներուն, Ազատներուն,
Քաշեց զարկեց Թուր-Հավլունին,
Թուր-Հավլունին, հանց հուր-կայծակ՝
Մեջ մթագին ամպ ու զամպին,
Կտրեց, թափեց,
Այրեց, լափեց
Ով որ ընկավ թրի վրան,
Ինչ որ ընկավ հրի բերան:
Արյունն ելավ գոչ-գոչ գմաց…
Մնացածներ գումար փախան,
Եղան ցրիվ, հանեց չոր խռիվ…
Սև ագռավի մռայլ կառանչ՝
Սև լուրն հասավ Սասմա ականջ:
Իշխան, ջոջեր, ժամերեցներ
Ելան ժամի կռչնակ տվին.
Ու չորս դիեն ծեր-հալևոր,
Մեր ու մանուկ, աղքատ, հարուստ
Ժամ ժողվեցան, նորեն եկան,
Ալիք-Ալիք ծովու նման,
Ծով կապեցին ժամի բոլոր:
Իշխան, ջոջեր, ժամերեցներ
Ու իրենց հետ երդումարդով
Սասուն լման
Նզովք արին գոռ Մհերին.
-Անիծվես դո՛ւ,
Չարը՛դ Մհեր,
Դո՛ւ, ներհակ Նեռ,
Դո՛ւ, Դև ցասման
Դո՛ւ, որ կուզես՝ աշխարհ քանդես,
Ծարավ մընաս ու անոթի,
Անճետ մընաս ու անորդի,
Մահ ուզենաս, չգտնես մահ,
Մինչ Քրիստոս դատաստան գա՝
Քո դատ կըտրե:
Ու անեծքը հասավ բռնեց
Մհերին.
Գետինն էլ չէր կարող տանի
Մհերին:
Ձիու ոտքը ծունկերն՝ ի վեր
Հողերու մեջ կըմխրճվեր:
Մհեր ուժով, ուժով-զոռով
Հասավ հոր-մոր գերեզմանին,
Գրկեց հողվարքն, ասավ լալով.
-Վե՛ր ել, հերիկ
Վե՛ր ել, մերիկ
Մեկ ճար արեք
Ձեր Մհերին:
Ու հերն ու մեր գերեզմանեն
Լացին, ասին.
-Գնա՛, որդի, Տոսպան բլուր,
Ագռավու այր,
Ու քար քաղե, ավազ մաղե
Լա՛ց ու զղջա,
Որ Քրիստոս քեզի խղճա,
Թողություն տա:
Երկիրն էլ չէր ուզի տանի
Մհերին,
Արեգակն էլ՝ աչքի նման
Մեռելին
Պաղ կընայեր ու լույս չէր տա
Մհերին:
Ձիու ոտքը ծունկերն ի վեր
Հողերու մեջ կըմխրճվեր.
Ուժով-զոռով գնաց Մհեր,
Եկավ, հասավ Վանա ծովուն:
Ագռավու Քար բացվեց մեկեն,
Ագռավ-կալավ մեջ իր ծոցին
Մհերն ու Ձին:
Ագռավու Քար գոցվեց նորեն
Նըրա վըրեն:
Մեջ անձավին անմահ, անմեռ,
Կա ու կապրի Ցասման Մհեր.
Գլխու վերև-նըսեմ ճրագ՝
Գիշեր-ցերեկ հավիտյան վառ.
Խմած ջուրը՝ մեկ ըսկահակ.
Հաց օրեն՝ երեք նշխար:
Մեկ խուրձ առույտ Ձիու առաջ
Ամառ-ձմեռ դալար-կանաչ:
Ու կըմտքե անմահ Մհեր
Աշխարքի բան.
Աշխարքի բան, հանց որ իժ-օձ,
Կըխեթըթե սիրտն ու հոգին:
Ու ո՛չ կուլա,ո՛չ կըզղջա,
Որ Քրիստոս խղճա-գթա,
Վես արարքին թողություն տա:
Ու թիռ կուգան
Բարդ-բարդ ամպեր՝ հրով-ջրով
Լույս Մասիսի վեհ գագաթեն,
Սիփան Սարեն, Ծիպան ծովեն,
Կայծակ կուտան
Ագռավու լերկ Քարի վրեն
Ու Մհերի գոց Դուռն ի վեր
Կըգոռգոռան, կըորոտան,
Փըխրին, կերթան:
Մհեր այրեն, Քարի խորեն
Խոլ կըթնդա, դղորդ կուտա
Բարկութենեն:
Կըվրընջա ու կըդոփե
Ձին սանձակոծ, կրակ ու բոց,
Ու կըժաժեն Մհերն ու Ձին
Աշխարհն հիմեն:
Ամեն տարի օրն Համբարձման,
Երբ իրարու համբույր կուտան
Երկինք-երկիր, թե հուր ու ջուր,
Ամեն տարի օրն Համբարձման,
Երբ կըբացվի ամեն փակ դուռ,
Կըվախենան գեղ ու քաղաք,
Թե կըբացվի Ագռավու Քար,
Կելնի Մհեր արև-աշխարհ:
Գեղ-գեղովի, քաղաք-քաղքով,
Արտասուքով
Կըպաղատեն Քրիստոսին՝
Չար Մհերին կապե-բանդե,
Որ դուրս չըգա՝ աշխարհ քանդես:
Մեկ Համբարձման օր, երբ Մհերի Դուռ
Նորեն բաց եղավ, Ագռավու անձավ
Մեկ ծերոն հովիվ ներս մտավ, տեսավ՝
Մեկ պարթև վեմ-մարդ՝
Գլխին սաղավարտ,
Հեծած կրակ Ձին,
Կայծակը ձեռին,
Մթան մեջ կանգուն:
Հարցուց.- Ո՞վ ես դուն:
-Մհերն եմ ես, Դավթի տղան,
Դու, հալևոր, ուստի կուգաս:
-Լույս աշխարքեն, հովիվն ասավ:
-Աշխարքն է՞ն է, ինչպես որ էր,
Համբավ տվավ հովիվը ծեր:
-Նորե՞ն ռամիկ դառ կըդատի,
Աշխարհ կուտե,
Որ կըմնա ինքն անոթի՞,
Հարցուց Մհեր:
-Հա´, էսպես է, Ազնանց Մհեր:
-Դե, դարձ, գնա քո չար աշխարհ,
Խոր զայրութքով ասավ Մհեր:
-Դու ե՞րբ պիտի դուրս գաս աշխարհ,
Հարցում արավ հովիվը ծեր:
-Երբ շեղբն հասնի
Ոսկորին,
Ռամիկ կանչե
Մհերին,
Պատգամ տվավ Ցասման Մհեր:
Որ դուրս ելավ հովիվն այրեն,
Ագռավու Քար գոցվեց նորեն:
Մինչև էսօր դեռ
Էնտեղ է Մհեր.
Հուրնի Ձին հեծած,
Սաղավարտ կապած,
Կայծակն աջ ձեռին,
Վահան`ձախ ձեռին,
Հագած կուռ ասպար.
Միշտ ու միալար
Կըսպասե աննինջ՝
Հոգին ականջին
Ու ականջը՝
Ռամկի կանչին:
ՎԵՐՋԵՐԳ
Էն օրեն վեր անցան դարեր,
Երբ ռամկասեր Մհերը վես՝
Անձավի մեջ բանդվեց անել.
Անցան հազար տարիներ չար,
Նորեն հազար չար տարիներ,
Դառն ու դաժան, մութն ու մլար:
Ռամիկը, հանց ճորտ ու ստրուկ,
Բանվոր, մշակ, գերի-գրաստ,
Կտառապեր ու կաշխատեր,
Կտառապեր ու կըտքներ
Արքաներու, իշխաններու,
Սեպուհներու, հարուստներու
Շահի համար անհագ, անկուշտ:
Ամենուրեք ու ամեն տեղ
Կչարչարվեր անդուլ, անխոնջ.
Ծովերու մեջ ու բովերու,
Բարկ ու կրակ արևի տակ,
Սառնամանի հողմերու տակ,
Խեղճ, անոթի, մերկ ի մորեն.
Ու կըմնար նորեն-նորեն
Անիրավունք ու անբաժին:
Տարվա տարի ու օրե օր
Լուծը դաժան չար բռնության
Կըծանրանար ռամկի վրան:
Ու մինչև որ շեղբը հասավ,
Հասավ ռամկի չոր ոսկորին:
Երբ շեղբն հասավ չոր ոսկորին,
Ահեղ ցավեն ճըչաց ռամիկ:
Քաղաքներեն ու գյուղերեն,
Ու ծովերեն ու բովերեն,
Դարբնոցներու հրեն-բոցեն
Ճորտ ու ըստրուկ, բանվոր, մշակ,
Աղքատ ու զուրկ ձեն տվեցին
Մահի պատրաստ, ռազմահրավեր,
Ձեն տվեցին ու կանչեցին
Վես Մհերին:
Ամեն դիեն կանչերը հուր՝
Հազար, հազար, հազար ու բույր,
Հանց ծովերու փոթորիկներ,
Հանց ծովերու գոռ ալիքներ,
Եկան, եկան ու կոփեցին
Մհերի Դուռ, Ագռավու Քար:
Լսեց Մհեր մեջ անձավին
Կանչերը հուր, հազար ու բյուր`
Մահի պատրաստ, ռազմահրավեր.
Բազուկն երկաթ պրկեց Մհեր,
Խոլ մրրկվեց սիրտն ու հոգին,
Ու ժաժեցին աշխարհն հիմեն
Ու ճեղքեցին քար-ապառաժ:
Թուր-Հավլունին կայծակ տվավ՝
Գոռ կայծակներ ահեղաթափ,
Խորտակեցին կապանք ու դուռ,
Ելավ Մհեր արև-աշխարհ:
Ու վարգեցին, թռան, եկան
Հազար, հազար, հազար ու բյուր
Ճորտ ու ըստրուկ, բանվոր, մշակ,
Ծով կապեցին Մհերի շուրջ,
Ծով կապեցին փոթորկաշունչ.
Գրոհ տվին բոլոր մեկտեղ՝
Արքաներու, իշխաններու,
Սեպուհներու, ավատներու,
Հարուստներու վրա մեկտեղ.
Ավերեցին աշխարհը չար,
Ու ռամկություն բերին աշխարհ,
Ռամկի օրենք ու իրավունք,
Որ տեր դառնա ռամիկն իրեն
Սուրբ վաստակին, արդար հացին: |