Բանաստեղծություններ | Պոեմներ | Լեգենդներ և բալլադներ | Արձակ բանաստեղծություններ և պոեմներ
Լեգենդներ և զրույցներ | Առակներ | Հեքիաթներ | Պատմվածքներ | Հատվածներ ‹‹Ուստա Կարո›› վեպից

1 2 3 4 5 6 7 8 9 10 11      

Նազան-աղջի՛կ, Շուշան-Շուշի՛կ,
Տես մութն ընկավ-հովն ընկավ,
Ցոլցլալով աստղերն ելան,
Քունն աչերիս ցած իջավ:

Նխշուն ծաղիկ – սիրուն եղնիկ,
Թող գիրկդ ընկնիմ, քուն մտնիմ,

Ա˜խ, զով սարում, յարի գրկում
Լռիկ քունն ի՞նչ անուշ է.
Հովը օրոր կըշվշվա,
Առուն երգեր կըշշնջա՛.

Նազիկ, ծաղիկ – նուշիկ Շուշի՛կ,
Երնե˜կ քեզի… թուխ ծամերդ
Ծփծփալով հո՛վն է տանո՛ւմ,
Սև դարդերդ ջուրն է տանո՛ւմ:

1892
Ս. Հառիճո վանք

Բովանդակություն | Էջի սկիզբ

ՆՎԵՐ ՏԻԿԻՆ Շ.<-ԻՆ>

Ինչպես անցյալի տխուր ավերակ,
Կամ ճոխ պսակի թոշնած ծաղիկներ,
Ինչպես մանկության աղոտ հիշատակ,
Կամ մոռացած երգի նսեմ հնչյուններ,
Հիշիր ինձ, քույրիկ, ա˜խ, անուշ քույրիկ,
Հիշիր, թե ինչպես ես քեզ սիրեցի,
Անքուն գիշերներ մենակ ու լռիկ,
Քո կյանքի համար ջերմ աղոթեցի…
Հիշիր, թե ինչպես իմ տանջանքներից
Քո քաղցր անունով երգեր փնջեցի,
Վառ ծիածանը ամպերի մեջքից
Խլեցի, բերի քեզ համար գոտի…
Հիշիր, թե ինչպես իմ արցունքներից
Պսակ փնջեցի, քույրիկ, քեզ համար,
Աստղիկ ու լուսնյակ քեզ զարդեր բերի,
Քեզ նվեր բերի սիրտս վշտահար…

1893
Լայպցիգ

Բովանդակություն | Էջի սկիզբ

Նայում են ցոլուն աստղերը անշեջ
Լուռ անապատին քնքուշ հայացքով.
Եվ ծավալվում է մըռայլ հոգուս մեջ
Լուռ անապատը խո՛ր գաղտնիքներով:

Եվ նրա անհուն, հավերժ ղողանջուն
Վեհ լըռության մեջ մըտորում եմ ես,
Հոգիս այրում են և թևավորում
Այն վառ աստղերը պատգամների պես…

1895
Անի

Բովանդակություն | Էջի սկիզբ

Ներկա եղա սիրեկանիս պսակին`
Ուրախ դեմքով, կրծքիս ծաղիկ արնավառ,
Որ ինձ տեսներ, իրեն ուտեր զայրագին,
Թե դրուժն իր` արժեք չունի ինձ համար,
Աչքիս նայեր, կարդար անհույս իմ հոգին,
Խիղճը խոցվեր, իրեն դահիճ միշտ զգար:

1902
Բաքու

Բովանդակություն | Էջի սկիզբ

Նորից եկան գարնան անո˜ւշ օրերը,
Ցուպս առնիմ, ընկնիմ սար ու ձորերը. –
Սիրտըս կուզե հեռո˜ւները սավառնել,
Նո՛ր ուղիներ, նո՛ր աշխարհներ թափառել:

Սեգ ժայռերի վայրի, խոլոր բարձունքեն
Վարդեր քաղեմ ու ճակատըս պըսակեմ.
Սարերն ի վեր ամպերի պես բարձրանամ,
Արծըվի հետ այրված կուրծքըս հովին տամ:

Արևն ելավ ոսկի հուսքերն ուսերին,
Զառ հավքերը իրար անո՛ւշ ձեն տվին.
Սիրտըս զվարթ` արտուտի պես թըռվռուն`
Դեպի արև, դեպի ճամփա է թըռնում:

Եղնիկները ցողաշաղաղ սարն ելան,
Նրանց հետքից թռչկոտելով սարն երթամ.
Խարույկի շուրջ, հովիվների, հոտի քով,
Սերըս երգեմ` քաղցր շըվին ծոր տալով:

Որտեղ մըթնի, այնտեղ քնիմ միայնակ,
Վառ աստղերի, կապույտ երկնի ծածկի տակ.
Ուռիները հովերի հետ միասին
Ինձ գուրգուրող օրոր կասեն` որ քնիմ:

Եվ ծեգը ինձ համբուրելով ձեն կըտա.
Կուրծքըս լիքը թարմ բուրմունքով կըթնդա.
Ու կարկաչուն աղբյուրների ցողերով
Կըլվացվիմ և կըճախրեմ նոր ճամփով:

Կերթամ հեռո˜ւ անապատներ ու ծովեր,
Կըթափառեմ անհայտ վայրեր, աշխարհնե˜ր,
Ուրիշ ազգեր, ուրիշ սըրտեր տեսնելու
Եվ ամենը հասկանալու, երգելու:

Եվ բընության հըրաշքները կըտեսնեմ,
Նըրա լեզուն, հազար տեսակ, կըլսեմ.
Ուրիշ երկինք, ուրիշ աստղեր գրկելու…
Եվ ամենը խորն զգալու, երգելու…

- է˜յ դու, անգին, թափառական, վսեմ կյանք,
Հեռուների, անհունների իմ տենչանք.
Քո շնորհիվ հըրեղե˜ն եմ, թևավոր,
Աշխարհն իմս է, գըլխիս տերն եմ ու հզոր…

1903

Բովանդակություն | Էջի սկիզբ

Նրանք իմ կյանքը երազ դարձուցին –
Կուսական մաքուր աչերը անո՛ւշ.
Ցամաքած սիրտըս նորից լացուցին,
Հոգիս վառեցին երգերով քնքո՛ւշ,
Շուրջըս փռեցին աստղիկ ու ծաղիկ –
Կուսական մաքուր աչերը անո՛ւշ…   

1904
Թիֆլիս

Բովանդակություն | Էջի սկիզբ

Նման գայլերի խըմբին ամեհի,
Ձըմռան գիշերին ոռնում է քամին.
Եվ իմ պարտեզում – մռա՛յլ, ամա՛յի,
Խեղճ ուռիներիս ջարդում է քամին;

Ա˜խ, մանկուց լացեց քո սերը, սի՛րտ իմ,
Ոչ ո՛ք չհասկացավ երազդ աղվոր.
Զուր մի՛ որոնիր սիրտ մի մտերիմ, -
Ծնվել է ոգին հավերժ մենավոր;

Հանի՛ր քո սերը սըրտիցըդ անհույս,
Այդ խորթ, ապօչեն զավակն աշխարհի, -
Ձգի՛ր այս դաժա՛ն, մո՛ւթ գիշերին դո՛ւրս`
Ցուրտ քամու բերան… թո՛ղ երթա սառի…

Թո՛ղ լա, հեծեծա սերըս` որբ, անմա՛յր,
Եվ քամին լացը նրա թո՛ղ տանի
Ալեկոծ ծովեր, անապատ մի վայր,
Սակայն մարդո՛ւ մոտ… երբեք չըտանի…

Ոռնում է քամին, վայում դըժնդակ
Մռայլ գիշերին ձյուն-ձմեռնայնի.
Եվ սերըս ջարդված ուռիների տակ
Մեռնում է մենակ. Թո՛ղ երթա` մեռնի…

1904
Ալեքսանդրապոլ

Բովանդակություն | Էջի սկիզբ

Նա մի փոքրիկ աղջիկ է`
Լուսափթիթ աղավնի,
Կհանդիպեմ ամեն օր,
Խելքս գլխես կտանի:

Ո՞ւրկից կըգա, չգիտեմ,
Ո՞վ է, ի՞նչ է, ո՞ւր կերթա.-
Կուզեմ ընկնեմ ետևեն,
Երթամ, ուր որ նա կերթա;

1917
Ժընև

Բովանդակություն | Էջի սկիզբ

ՆՈՐ ՏԱՐՈՒ ԳԻՇԵՐԸ

Գիշերվա կեսին զանգակատնից
Հնչեց նոր տարվա ժամը ցնծալից:
Անցավ հին տարին, անցել է ինչպես
Մի հավերժություն մինչև այս րոպես,
Մի հավերժություն անհուն, անսահման,
Որ չքացել է ոչընչի նըման:

Եվ բեռնավորված հույսով ու վախով`
Մեռավ հին տարին իր հետ թաղելով
Ապարանքները իմ երազանքի,
Որ շինել էի միշտ ժամանակի
Քանդվող ծովափին…

Եվ ի˜նչ կա այսօր,
Կանգնել եմ մենակ և ուղեմոլոր`
Ու միտք եմ անում – չըքացավ անդարձ
Հրճվանքը կյանքիս, և՛ վիշտը մնաց
Սրտիս հատակում, ինչպես սև մըրուր…

Կանգնել եմ հիմա անհույս և թափուր`
Աչքերըս սուզած խավար անհայտում
Գալիք օրերի, - ականջ եմ դընում
Զանգակատնից խորին գիշերին
Նոր տարվա ժամի հընչող զարկերին,
Որ ինչպես սըրի հարվածներ բեկ-բեկ
Կտրում են կյանքիս թելերը մեկ-մեկ…

1920
Ժընև

Բովանդակություն | Էջի սկիզբ

Շուշան աղջի՛կ, քու գերին եմ,
Կալ ու կապված անշղթա.
Սիրտըս վառվավ սիրուդ բոցեն,
Պապաք-ծարավ էրվեցա:
     Իսկ Շուշանը գավը ուսին
    Դեպի ձորն է թռչկոտում,
     Աչք չի քըցում խեղճ տըղին:

Ծով-աչերիդ ծով-կարոտով
Շվաք եղա, ման եկա.
Օրերս անցան ախ ու վախով,
Ես հալ ու մաշ թել դարձա:
Իսկ Շուշանը աղբրազովին
Կուրծքը` արձակ, հուսքն` արձակ
Վարդ երեսն է լվանում:

Էս քարի պես ժեռ է հոգիդ,
Էս այրի պես` լուռ ու մութ.
Էրվեց, մոխիր դառավ գերիդ,
Ա˜խ, Շուշա՛ն ջան, ա˜խ, անգու՛թ…
Իսկ Շուշանը գավը ուսին`
Զուլալ ջուրն է տուն տանում,
Աչք չի քըցում խեղճ տըղին:

1892
Կարս

Բովանդակություն | Էջի սկիզբ

Շղարշ-ամպերն երկինքն առան,
Լուսնակն անդորր կշողա,
Լռիկ ճահճում հարհանդ-մարմանդ,
Նուրբ եղեգը կդողա:

Արագիլը` մենակ ու լուռ,
Եղեգնի մոտ կքայլե.
Կմտորե` խոր ուտխուր,
Ճահիճն աղոտ կփայլե:

Մռայլ ափին մենակ նստած`
Սիրտս անուշ կթաղծի.
Եվ անուրջում միտքս թաղված`
Քունն աչերիս կհանգչի…

1895
Անի

Բովանդակություն | Էջի սկիզբ

Շարա˜ն-շարա˜ն ամպերն եկան.
Ա˜խ, մուժն առավ իմ չամփեն.
Ո՞ւրտից կուգամ, ո՞ւրտեղ կերթամ,
Միտքըս` շըվար, ու չիտեմ:

Էս ինչ կըսկիծ սիրտըս ծեծկեց,
Քուրի՛կ, քեզնեն հեռու կերթամ:
Վարդի փուշը սիրտըս ծակեց,
Դարդը սըրտիս խոլոր կերթամ:

Սար ու ձորեր ձունն է իջեր,
Քամին պա՛ղ-պա՛ղ կըփըչե.
Ես մենակ եմ, ես` անընկեր,
Քամին ճակտիս կըփըչե;
Շարա˜ն-շարա˜ն ամպերն եկան.
Ա˜խ, մուժն առավ իմ ճամփեն.
Ո՞ւրտից կուգամ, ո՞ւրտեղ կերթամ,
Միտքըս` շըվար, ու չիտեմ;

1897
Ալեքսանդրապոլ

Բովանդակություն | Էջի սկիզբ

Շառաչելով մի վառ աստղիկ,
Երկրի կրծքին վայր ընկավ.
Բայց երկիրը մնաց լռիկ,
Աստղն էլ լռեց ու հանգավ:

Իմ վառ սերս բոցով-երգով
Սրտես սուրաց, սիրտդ ընկավ,
Սիրտդ մնաց մունջ-անվրդով,
Սակայն… սերս չհանգավ…

1897
Ալեքսանդրապոլ

Բովանդակություն | Էջի սկիզբ

Շատ մի՛ տխրիր, շատ մի՛ խնդար, սիրելիս,
- Այս աշխարհում և ոչ մի բան հիմք չունի.
Վաղանցուկ են, կան ու չկան, սիրելիս,
Բոլոր իրերն ու աստղերը անհունի:

Լայնսիրտ եղիր, ողջը երազ համարե,
- Այս աշխարհում և ոչ մի բան միտք չունի.
Լացը` ժպիտ ու սերը` ցավ համարե,
Թե որ ապրես, կյանքըդ ինչո՞ւ համար է:

Ախ, մի՛ տխրիր, վիշտը կանցնի, - այդ ոչինչ,
- Այս աշխարհում և ոչ մի բան գին չունի.
Շատ մի՛ հրճվիր, սերն էլ կանցնի, բայց ոչինչ,
Կյանքն էլ կանցնի, - այդ որ ոչինչ ու ոչինչ:

1904

Բովանդակություն | Էջի սկիզբ

Շափա˜ղ կուտաս բաղի միջին,
Ա˜յ կարմիր վա˜րդ, շաղի միջին.
Բուրմունքի պես հյուսվում ես վեր
Իմ զառ ու լալ խաղի միջին;

Խելքս է տարվել քո ալ-վարդին,
Ճար չես անում իմ ծով դարդին.
Բլբուլի պես թռնիմ քեզ մոտ,
Կարոտել եմ ծոցիդ զարդին:

1907
Վիեննա

Բովանդակություն | Էջի սկիզբ

Շա՛տ եմ տանջվել այս աշխարհում,
Շա՛տ եմ լացել այս աշխարհում.
Այն աչքերը, որ չեն լացել,
Բան չեն տեսել այս աշխարհում:

1955

Բովանդակություն | Էջի սկիզբ

ՇՈՊԵՆԻ ԹԱՂՄԱՆ ՔԱՅԼԵՐԳԸ

Մի շքեղ, սիրուն երիտասարդի
Թաղման թափորն էր:
Սգանվագը հնչում էր տխուր.
Գնում էինք լուռ,
Դանդաղ, մտազբաղ`
Եվ նվագի մեջ լսվում էր, կարծես,
Հուսաբեկ ձայնը թշվառ տղայի.-
‹‹Լացե՛ք իմ վրա,
Լացե՛ք ձեր վրա.
Ողբանք միասին
Մարդկության վրա,
Որ կա, և չկա…››:

1956
Երևան

Բովանդակություն | Էջի սկիզբ

- ‹‹Որսկան ախպե՛ր, սարեն կուգաս,
Սարի մարալ կը փընտրես.
Ասա՛, յարա՞բ դուն չը տեսար
Իմ մարալըս, իմ բալես.

Դարդի ձեռքեն սարերն ընկավ,
Իմ արևս, իմ բալես.
Գըլուխն առավ, քարերն ընկավ
Իմ ծաղիկըս, իմ լալես››…

- ‹‹Տեսա, քուրի՛կ, նըխշուն բալեդ
Կարմիր-կանանչ է կապեր,
Սիրած յարի համբուրի տեղ
Սըրտին վարդեր են ծըլեր››:

- ‹‹Որսկան ախպե՛ր, ասա, յարաբ
Ո՞վ է հարսը իմ բալիս,
Ո՞վ է գրկում չոր գլուխը
Իմ մարալիս, իմ լալիս››:

- ‹‹Տեսա, քուրի՛կ, դարդոտ բալեդ
Քարն է դըրեր բարձի տեղ.
Անուշ քընով տաք գընդակն է
Կըրծքում գըրկեր յարի տեղ:

Սարի մարմանդ հովն է շոյում
Ճակտի փունջը մարալիդ,
Ծաղիկներն են վըրան սըգում,
Ազիզ բալիդ, խեղճ լալիդ››…

1902
Բալախանի

Բովանդակություն | Էջի սկիզբ

Ո՛չ իշխանություն, ո՛չ կռիվ, ո՛չ կին
Չեն հափշտակում հիվանդ իմ հոգին:
Ղողանջն է միայն ձիգ քարավանի
Հեռավոր, անհայտ ճանապարհների
Հրապույրներով դյութում իմ հոգին

Թափառումների տենչով անմեկին…

1908

Բովանդակություն | Էջի սկիզբ

Որտե՞ղ է ընկած
Այն քարը հիմի,
Որ հողիս վրա
Շիրիմ պիտ լինի;

Իմ թափառ կյանքում,
Մարդ ի՞նչ իմանա,
Չե՞մ նստել, թախծել
Այդ քարի վրա…

1909
Երևան

Բովանդակություն | Էջի սկիզբ

Ոսկի թիթեռնե՛ր – ոսկեհուր աստղե˜ր –
Ծո՛վ մարմարայի – լուսեղեն անո՛ւրջ.
Գինով գիշերներ, լուսնի վառ շողե˜ր,
Մույգ նոճիների դյութական մրմո՛ւնջ…

Հուշերը նորից սիրտըս են տանջում,
Լուսեղեն երա՛զ, որ հիմա չկա.
Հոգիս մենավոր, վաստակած թռչուն,
Խավար ու խորին ծովերի վրա…

Մի երգ գիտեի` անո՛ւշ, ոսկեշո՛ւնչ,
Լուսեղեն երա՛զ` հեռո˜ւ, հեռավո՛ր.
Ա˜խ, նոճիների դյութական մրմունջ,
Օրօրե՛ք մեղմիկ հոգիս վիրավոր…

1912
Կ.Պոլիս

Բովանդակություն | Էջի սկիզբ

Որտե՞ղ պիտի հանգչի մի օր
Գլուխս անտուն, թափառական.
- Անապատո՞ւմ` չոր ու տոչոր,
Թե ծովափին ալեծածան:

Վըրաս պիտի ձըգե՞ քամին
Անուշ հողը մեր դաշտերի,
Պիտի բերե՞ արցունքդ անգին,
Ի՛մ հեռավոր, ի՛մ սիրելի…

1912
Վիեննա

Բովանդակություն | Էջի սկիզբ

ՈՂՋՈՒՅՆ ԱՄԵՆՔԻՆ

Ամսավերջին ապրիլի
Միտքս խոցուն` ելա դաշտ,
Բնությունը գրկեց ինձ,
Ինչպես մի մայր սիրաշատ:

Շուրջս փռվել էր հրաշք,
Առավոտն էր բողբոջում,
Նժույգի պես ոսկեբաշ
Արեգակն էր վրնջում;

Հավքերն ուրախ երգեցին,
Ինձ ժպտացին ծիլ ու սեզ,
Որ իրենց պես սրտագոհ,
Զվարթ լինեմ իրենց պես:

Ի˜նչպես խայտում են, խնդում,
Ծփծփում են թևաբախ,
Ուլեր, գառներ լուսագեղմ
Եվ թռչունները չքնաղ;

Եվ ծաղիկներ, թիթեռներ,
Եվ զեփյուռներ քաղցրաբույր,
Ծիծեռնակներ սրաթև,
Եվ դայլայլող ակն-աղբյուր:

Ու սրտիս մեջ մեկը ինձ
Խոսք է ասում մտերիմ, -
‹‹Կանգնի՛ր, ո՛վ մարդ, և սիրով`
Ողջագուրիր ամենքին:

Գլուխդ բա՛ց, ողջունի՛ր
Եղնիկներին, ծառերին,
Թռչուններին, թփերին,
Առվակներին, գառներին;

Նրանք հավերժ հարազատ
Եղբայրներն են քո խոնարհ,
Ծնած-սնած մի մորից
Քույրիկները քո բարի:

Ծունըր իջի՛ր երկյուղած,
Եվ այս մամռոտ ժայռը մեծ
Խոնարհ սրտով համբուրի՛ր –
Նա եղբայրն է քո երեց››:

1940  

Բովանդակություն | Էջի սկիզբ

Չգիտեմ, թե ուր
Անհայտ, հեռավոր
Մի սիրտ կա տխուր,
Մենակ, մենավոր.

Նա է` ուշ գիշեր
Իմ դուռը ծեծում,
Նա է` միշտ անտես,
Կրծքիս հեծեծում…

1940
Թիֆլիս
 

Բովանդակություն | Էջի սկիզբ

- Պարզըկա գիշե˜ր…
Աստղերն երկնքում լուռ պսպղում են,
Շողերը լուսնի դիպել են սարի
Ձյունոտ կողերին – կողերը ցոլում,
                                 Պեծին են տալիս:

Քամին ցրտաշունչ
Թևերը փռած փնչում է, թռչում,
Երկիրը սառած ճաքում-ճաքճքում,
Ձյան հատիկներով կուրծքը քարափի
Ծեծում ու ծեծկում…

Անծա˜յր ճանապարհ…
Առա˜ջ եմ գնում – ո՞ւր, - ես չըգիտեմ,
Սառո˜ւյց ու ձմե˜ռ.
Առաջ եմ գնում անհո՛ւյս, անընկե՛ր,
Քամի ու գիշե՛ր…
- Ա˜խ,  եթե հանկարծ հույսըս շողշողար, -

                                    Նա ինձ ողջունե˜ր…

1892
Թիֆլիս
 

Բովանդակություն | Էջի սկիզբ

Պա˜ղ-պա˜ղ փըչեց աշնան քամին,
Ուռիները դող առան.
Տերևները` չոր ու դեղին
Տխո՛ւր, տխո՛ւր վար ընկան:

Մենակ ագռավն ծառի ճյուղին
Լուռ ծըվարեց սև հագած.
Ա˜խ, մեկ էլ ես ձեռըս ծոցիս`

Աչքըս ձեր դռան մնաց:

1897
Ալեքսանդրապոլ
 

Բովանդակություն | Էջի սկիզբ

Պատերազմ ահեղ,
Աշխարահեղեղ…

Իմ հա˜յ ժողովուրդ,
Քաջ հայրերիդ պես
Կռվում ես դու,
Սակայն չգիտես`
Ո՞վ է թշնամիդ.
Եվ հիմա դժնյա
Այս չգնաժամիդ
Կանգնել ես մենակ
Վեհ քարերիդ մեջ,
Սեգ լեռներիդ տակ`
Եվ որդեկորույս,

Եվ ուղեմոլոր…

1916
ժընև
 

Բովանդակություն | Էջի սկիզբ

ՌԱՎԵՆՆԱՅՈՒՄ

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,

Ու անցիր…

1926
Վենետիկ
 

Բովանդակություն | Էջի սկիզբ

ՌԱԶՄԱԿՈՉ

Գիշեր է մռայլ, ամպամած գիշեր:
Հողմեր են փչում, շաչում են հողմեր
Դավաճան երկրից մեր նենգ թշնամու
Մեր նվիրական դաշտերի վրա:
Գոռ ալիքներն են լեռնանում ընդոստ
Մեր խռովահույզ ծովերի վրա:

Է˜յ ազատ Մասիս, երկնասույզ գահեր,
Է˜յ երկաթակուռ խրոխտ գագաթներ,
Շանթե՞ր եք զոդում, սուրե՞ր եք կռում,
Հրեղեն ցասում ընդդեմ թշնամուն:  

Էյհե˜յ, լսեցեք. Վեհ հայրենիքի
Կտրիճ զավակներ, ժողովուրդներ քաջ,
Ելե՛ք, զարթնեցե՛ք,կանգնեցե՛ք արթուն.
Գիտցե՛ք, քնում են գետերն ու քամին,
Սակայն չի քնում, երբեք թշնամին:
Ահա՛ ոճրամիտ մեր ոսոխը չար
Շղթա է բերում, լուծ ու կապանքներ`
Ընկճելու ազատ մեր եղբայրներին
Եվ անարգելու հայրենիքը մեր:

Էյհե՛յ, լսեցեք, ձայն տվեք իրար,
Ամենքդ ե՞ք ոտքի, մարդ քնած չկա՞.
Շո՛ւտ հագեք-կապեք զենքեր ու զրահ,
Գոտեպնդվեցե՛ք ատելությամբ վառ,
Գոտեպնդվեցե՛ք անձնազոհ կամքով,
Գոտեպնդվեցե՛ք ահեղ վրեժով,

Շառաչե՛ք ուժգին, կաղնիներ հզոր,
Խոլ վրնջացե՛ք, նժույգներ խիզախ,
Մրրիկի նման զարկեցե՛ք շեփոր,
Դեպի ռազնի դաշտ, դեպ հերոսացում,
Դեպի ռազմի դաշտ սուրբ դրոշի տակ
Դեպի բարձունքը մահի ու փառքի,
Վանեցե՛ք հեռու թշնամուն վայրագ,
Մեր խրճիթներից, մեր հնձաններից,
Մեր արտ ու կալից վանեցե՛ք հեռու:
Հավերժ պիտ մնա հայրենիքը մեր,
Հզոր և ազատ և հավերժ կանգուն
Մեր իդեալների սուրբ արևի տակ:

 

Դեպի ռազմի դաշտ, դեպ հերոսացում,
Դեպի բարձունքը մեծ Հաղթանակի:

1941
Էսենտուկի
 

Բովանդակություն | Էջի սկիզբ

 

1 2 3 4 5 6 7 8 9 10 11