Բանաստեղծություններ | Պոեմներ | Լեգենդներ և բալլադներ | Արձակ բանաստեղծություններ և պոեմներ
Լեգենդներ և զրույցներ | Առակներ | Հեքիաթներ | Պատմվածքներ | Հատվածներ ‹‹Ուստա Կարո›› վեպից

1 2 3 4 5 6 7 8 9 10 11      

Գիտե՛մ, երկիրը շա˜տ դարեր հետո
Եվ պիտի սառի, ճողք – ճեղք պատառվի.
Եվ այն սառցի տակ, մութ վիհերի մեջ
Մարդկությունը ողջ` մեռնի ու թաղվի –
Ա˜խ, սիրտը գո՛նե տիեզերքի մեջ
Հավերժ տըրոփե˜ր…

1899

Բովանդակություն | Էջի սկիզբ

- Գիտե՛մ, խաչըդ ծա՛նր է, հսկա.
Ո՛վ մարդ, ընկեր, եղբայր ի՛մ,
Քեզ մո՛տ, քեզ մո՛տ կուգամ ահա՛.
Կրծքիս սեղմեմ, արտասվիմ:
Ես էլ քեզ պես օր ու գիշեր,
Անհուն, անհույս տանջվել եմ.
Տո՛ւր ձեռքդ ինձ, անգին ընկե՛ր,
- Հառա˜ջ… հասավ ժամն արդեն…
- Հառա՛ջ գնա՛, հպարտ տոկա՛, -
Խաչըդ խարիսխ կդառնա…

1896
Երևան

Բովանդակություն | Էջի սկիզբ

Գետակի վրա
Թեքվել ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: -

…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

1916
Ռոզոն

Բովանդակություն | Էջի սկիզբ

Գերեզմանըս անհայտ լինի,
Վերաս քամին շառաչե.
Վերաս խա՛չ, քա՛ր թող չըլինի,
Մենակ ուռին հառաչե:

Ա˜Խ, աշխարհում մարդկանց ձեռեն
Խաչեր շա˜տ եմ, շատ տարել.
Ու վաղո˜ւց էլ սրտիս վրեն
Կան շա˜տ ծանըր, սև քարեր…

1899

Բովանդակություն | Էջի սկիզբ

Գիշեր է, քամի.
Բաց լուսամուտես
Փոշի կըմաղվի
Մութ սենեկիս մեջ…

Հիվանդ ու մենակ
Պառկած եմ մահճում,
Բարձս գլխիս տակ –
Կրակ վառվռուն:

 

Դուրսը, չգիտեմ,
Անձրև՞  է գալիս,    
Թե՞  գլխիս վերև
Խեղճ մայրս է լալիս…

Ու դողդոջ մի ձեռք,
Ինձ կըթվա թե
Դալուկ երեսիս
Հող կոթափթփե…

1915
Բեռն

Բովանդակություն | Էջի սկիզբ

Գիշերն եկավ, աստղերն ելան,
Լուսնյակն անուշ ցոլցըլաց,
Ծաղկունքն ամեն նո՛ր քուն մտան
Ամպի ցողով, լուսնի շողով
Հարհանդ – մարմանդ քուն մտան:

Դուք է՛լ  քնեք, ոսկի աստղեր,
Վարդ ու բլբո՛ւլ, քուն եղե՛ք,
Օրոր – ծովե˜ր, շորոր – հովե˜ր,
Անո՛շ – անո՛շ քուն եղե՛ք:
-Իմ սար – դարդե˜ր, իմ ծով – ցավե˜ր,
Դուք էլ մո՛ւշ – մո՛ւշ քուն եղե՛ք:

1893

Ալեքսանդրապոլ

Բովանդակություն | Էջի սկիզբ

Գիշերն եկավ, զով – հովն ընկավ,
Աստղունքն լուսնին ձայն տվին.
Լուսնյակն ելավ, մով – ծովն ընկավ,
Հավքերն ինձի ձայն տվին:

Ես վեր ելա ոգի առած`
Զարկի սրտիս լարերին.
Սիրտս խնդաց,  կուրծքս թնդաց –
Եվ լարերը խզվեցին …

-Միայն սիրո լարը մնաց
Սրտիս անհուն խորքերում.
Ու վառ սիրո երգը շողաց
Կյանքիս ամեն ծալքերում …

1893
Լայպցիգ

Բովանդակություն | Էջի սկիզբ

ԳՈՒՐԳԵՆԻ ԱՆՄԱՀ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Գըլգըլալով ջուր է իջնում
Մշու մշուշ սարերեն.
Ծիծեռները ծի˜վ – ծի˜վ եկան
Գարնան գալը երգելեն:

Գարուն չկա հայի համար,
Ծաղիկ, ծիծեռ մեզ պետք չեն.
Գերեզմանս հողին հավսար,
Թո՛ղ փուշ բուսնի իմ վրեն…

Գնա՛, ծիծեռ… թո՛ղ ինձ մենակ`
Վերքը սրտիս` հողի տակ…

Բայց երբ տեսնես թշնամու դեմ
Հայ ժողովուրդ` սարի պես
Զենքը ձեռին հպարտ կանգնած,
Հայե˜ր, լեռնե˜ր իրար պես, -

Ա˜խ, այն օրը արի՛, ծըվա՛,
Գարնան գալը նո՛ր կանչե. –
Հայոց գարնան, որ բյո˜ւ – բարև
Սրտիս խորեն ղողանջե…

1900

Բովանդակություն | Էջի սկիզբ

Գիշերն երազով, զօրը կարոտով`
Նազելի տեսքիդ մընացի անհաս.
Աշխարհը հարբեց քո անուշ հոտով,
Մենակ ես քեզնից մընացի անմաս:

Ա˜խ, գոնե տեղըդ վարդեր ուղարկի՛ր,
Համբուրեմ, դընեմ մարած աչքերիս.
Գոնե վարդերիդ փշերն ուղարկիր, -
Համբուրեմ, գըգվեմ սիրավառ սրտիս…

1904
Ալեքսանդրապոլ

Բովանդակություն | Էջի սկիզբ

Գագաթներին մով սարերի
Թափառեցի սերըս լալով.
Լացըս քամին զով սարերի
Լսեց, տարավ թևին տալով:

Ու լըսում եմ լուռ գիշերին
Լացըս հիմա ամենուրեք.
Միշտ ծեծում է դուռըդ քամին,
Բայց չես լըսում նրան երբեք…

1906
Ալեքսանդրապոլ

Բովանդակություն | Էջի սկիզբ

Գարունն եկավ կարմիր – կանանչ,
Արշալույսով, ծիածանով.
Գարունն` հագած շողք ու ճաճանչ`
Գոգն ու ծոցը ծաղիկներով:

Ականջներին թռչունների
Հազար բույրով սեր շըշնջաց. –
Աշխարհ թնդացերգով սիրո,
Ավա˜ղ… գարունն ինձ բան չասաց:

Սիրտըս բացի գարնան դիմաց`
Շողքի, ոսկի, անուշ գարնան. –
Ավա˜ղ… սիրտըս դատարկ մընաց`
Մուրացկանի ափի նըման…

1908
Ղազարապատ

Բովանդակություն | Էջի սկիզբ

Գարո՞ւնն է ծաղկել իմ շուրջը հիմա,
- Այդ` վառ բուրմունքն է ծով – ծով մազեչիդ.
Արև՞ն է ժպտում իմ սրտի վրա,
- Այդ` հուրհրանքն է հրաշք – աչերիդ:

Երկինքը փռվեց իմ այրվող հոգում,
Իմ սրտի բոլոր լարերը զարթնան.
Թո՛ղ ինձ, իմ արև՛, դու իմ պերճ գարո՛ւն,
Բոլոր լարերով քեզ երգեմ միա՛յն…

1910

Բովանդակություն | Էջի սկիզբ

Գիշերը պատեց իմ դուռն ու երդիկ,
Եվ օրեր կանցնին ու չի լուսանա.
- Իմ քնքուշ մանկիկ, իմ սիրուն մանկիկ,
Մի՛ դիպչիր սրտիս,- փշրված է նա:

Իմ գլխին պայթեց բախտի գոռ մրրիկ
Ու տունս դարձուց տխուր, վերանա.
- Իմ անուշ մանկիկ, իմ սիրուն մանկիկ,
Մի՛ դիպճիր սրտիս, - փշրված է նա:

Կուգան ու կերթան ճաճանչ ու ծաղիկ,
Ա˜խ, միևնույն է ինձ համար հիմա.
- Իմ քնքուշ մանկիկ, իմ երազ – մանկիկ,
Մի՛ դիպչիր սրտիս, - փշրված է նա …

1911

Բովանդակություն | Էջի սկիզբ

 

1 2 3 4 5 6 7 8 9 10 11