Բանաստեղծություններ | Պոեմներ | Լեգենդներ և բալլադներ | Արձակ բանաստեղծություններ և պոեմներ
Լեգենդներ և զրույցներ | Առակներ | Հեքիաթներ | Պատմվածքներ | Հատվածներ ‹‹Ուստա Կարո›› վեպից

1 2 3 4 5 6 7 8 9 10 11      

ԻՄ ՓԵՐԻՆ
(Շիրակի ավանդավեպ)

Կես – գիշերին, գետի ափին
Ես նստած եմ սիրավառ.
Գետն հոսում է, և հոսանքին
Ես նայում եմ միալար:

- Ո՞վ է` անդորր, լուռ գիշերով
Մենությունըս խռովում.
Շուշան – կրծքով, լույս թևերով
Նիրհած գետը վրդովում:

Ո՞վ է հագած լուսնի շողեր`
Շքեղ կանգնում առաջիս.
Սև մազերին գոհար – ցողեր`
Հուր շշնջում ականջիս:

Ո՞վ է ծագող լույսերի հետ
Ծաղիկները համբուրում.
Երազի պես ցնդում անհետ
Մշուշային փրփուրում:

Նա փերին է զմրուխտ գետի,
Ցնորքներիս սիրելին.
Դիցուհին է իմ վառ սրտի,
Վառ երգերիս նազելին:
Եվ մինչև լույս գետի ափին
Ես նստած եմ քարացած.
Գետն հոսում է, և հոսանքին
Ես նայում եմ շվարած…

1892
Արգինա

Բովանդակություն | Էջի սկիզբ

Ինչպե˜ս կուզեմ սիրտս թաղեմ
Ծովի մռայլ, մութ խորքերում.
Քեզնից հեռո’ւ, վիշտս պահեմ
Գաղտնի տեղում` շա’տ թաքուն:

Ծովը միայն վիշտս իմանա,
Ծովը շա˜տ մեծ սիրտ ունի.
Սրտանց կուլա սիրուս վրա,
Հոգու խորքից կհուզվի…

1898
Օդեսա

Բովանդակություն | Էջի սկիզբ

Իմ այրող վշտից սիրտըս է մաշվել,
Կյանքըս է մաշվել, էլ ի՞նչս մնաց,
Լամ ու արցունքըս աղի – ծով դառնա, -
Միայն թե մայրըս վիշտս չիմանա:

Ա˜խ, գլուխս առնիմ, ընկնիմ սարերը,
Զարկե˜մ քարե – քար, զարկեմ քարե – քար.
Սիրտս գայլերին թող բաժին դառնա,
Միայն թե մայրըս մահըս չիմանա:

1900
Ցյուրիխ

Բովանդակություն | Էջի սկիզբ

Իրիկունն եկավ, տնե – տուն մտավ,
Վառեց ճրագներ` կարմիր ու պայծառ.
Բարի երեկոն, Ա˜խ, ինձ տես չեկավ,
Ու տունս մնաց սրտիս պես խավար:

Տուն դարձան հանդից հարևան, դրկից,
Ուրախ բոլորան հացի սեղանին.
Դուն ո˜ւր մնացիր, իմ ազիզ կտրիճ,
Աչքս ծով դարձավ քու անուշ ճամփին:

Գիշերն էլ եկավ, ու քնածներուն
Բերեց երազներ` նխշուն ու զառ – վառ.
Ա˜խ, ես մնացի մենակ ու անքուն,
Երազս դուն ես, ու դուն էլ չեկար:

1900
Ժընև

Բովանդակություն | Էջի սկիզբ

Ի՞նչ ես գազազում, ի՛մ վիրավոր սիրտ,
Որ գազազում ես, ի՞նչ պիտի անես.
Աշխարհը իրեն ճամփով կընթանա,
Դո՛ւ խեղճ, դո՛ւ անզոր, ի՞նչ պիտի անես:

Մարդն այս աշխարհում, ինչպես մի թռչուն
Անդուռ ու անել մեծ վանդակի մեջ. –
Սի՛րտ իմ, գազազիս, ին՞չ պիտի անես
Անդուռ ու անել այս վանդակի մեջ:

Մարդ ծընված օրից գերեզմանի հետ
Շըղթայված է պիրկ, ո՛ւր էլ որ երթա. –
Սի՛րտ իմ գազազիս, ի՞նչ պիտի անես,
Ո՞ւր պիտի թըռնիս թևերիդ շըղթա:

Տոկա՛, համբերիր, ի՛մ վիրավոր սիրտ,
Վըճիտ հայացքով աշխարհին նայի՛ր.
Աշխարհը իրեն ճամփով կընթանա,
Է˜յ, վիրավոր սի՛րտ, դու մի՛ գազազիր…

1903
Ալեքսանդրապոլ

Բովանդակություն | Էջի սկիզբ

Իմ հոգին տարագիր մի թռչուն`
Մրրըկով զարնված, թևաթափ.
Հողմերն են հեգ գլխիս շառաչում,
Եվ ուղիս անհատնում և՛ անափ;

Դու բյուրեղ բարձունքում մի երազ`
Լուսազարդ և՛ քնքուշ, և՛ գողտրիկ,
Մի երազ սրբափայլ և անհաս,
Հավիտյան հեռավոր մի աստղիկ:

Ա˜խ, նայիր մի անգամ ինձ վրա
Քո անդորր և քո խոր աչքերով.
Հայացքիդ ծովի մեջ գեթ մի պահ
Թող հանգչեմ սրտիս հուր – տենչերով:

Իմ հոգին վիրավոր մի թռչուն,
Չունի բույն, չունի քուն ու անդորր.
Հողմերն են հեգ գլխիս շառաչում,
Եվ ուղիս սև ումութ և մոլոր…

1905
Ալեքսանդրապոլ

Բովանդակություն | Էջի սկիզբ

Իմ սիրտն այնտեղ է – հայրենի հզոր
Լեռների գըլխին, արծիվների մոտ,
Որ ամպերի հետ` խրոխտ, ահավոր
Նետում է, շնչում կայծակ ու որոտ:

Դո՛ւք ըմբոստ քաջեր, ռազմիկներ վսեմ,
Անհաղթ իշխողներ մահին ու կյանքին,
Ձեզ հետ է հոգիս, և ներբողում եմ
Եվ երկրպագում ձեր լուսե ուղին:

Դո՛ւք հայրենիքի խիզախ ոգիներ,
Ձեր սպառազեն կուռ բռունցքներում
Սուրբ իրավունքի և ազատության
Անշիջանելի հուրն է բռընկվում:

Իջե՛ք, մրրիկներ, դա՛շտն ի վար իջեք,
Մարդկության մրուր – նողկանքը սրբեք,
Փշրե՛ք շղթաներ, լծերը ամեն,
Որ կաշկանդել են ազնիվ մեր հոգին.
Անմահ մեր մտքի թևերը բացե՛ք, -
Պայթե՛ք, կայծակներ, պայթե՛ք խստագին:

1906

Բովանդակություն | Էջի սկիզբ

Իմ սիրտը` թունոտ, իմ սերը` ատող, -
Զզվում եմ, գարշում մարդկանցից բոլոր.
- Հավքերը վայրի` շարքերով չըվող
Խորհուրդ են նստել լճի շուրջ – բոլոր:

Ուզում եմ խածել, բըզկտել մաչդկանց,
Ուզում եմ թքել բոլորի վըրա.
- Շարժում են ահա թևերը անսանձ,
Թռչում են վայրի հավքերը ահա:

Վերցրե՛ք ձեզ ինձ հետ, քաշ տվե՛ք ձեզ հետ,
Մարդկանց երեսից տարեք ինձ հեռո˜ւ.
Տարեք, գց՛եք ինձ, կորցրե՛ք անհետ
Հեռո˜ւ անապա˜տ ու ծովե˜ր հեռու …

1908

Բովանդակություն | Էջի սկիզբ

Իմ սիրուն մանկիկ, ննջում ես մուշ – մուշ,
Բարձին ցան ու ցիր մազերդ քնքույշ,
Ոսկի ժպիտ է խաղում շրթունքիդ,
Ոսկե երազ է համբուրում հոգիդ:

1910

Բովանդակություն | Էջի սկիզբ

- Ի՞նչ պիտ լինեմ կյանքից հետո,
Հարցում արի ես բնության:
- Ինչ որ էիր կյանքից առաջ, -
Այսպես տվեց ինձ պատասխան:

1932
Փարիզ

Բովանդակություն | Էջի սկիզբ

ԻՄ ՆԻՐՎԱՆԱՆ

Ես ապրում եմ մեն – մենավոր
Այս լռանիստ անտառում,
Իմ հյուղակն է թավուտի մեջ,
Ուր երգում է ջինջ առուն:

Ես խորհում եմ ներանձնացած
Լռության մեջ գերանդորր,
Հոգիս` զվարթ, սիրտս` հանգիստ,
Զերծ կրքերից բռնավոր:

Եվ բնության ծիրերից դուրս,
Անհունի մեջ անուրջի,
Ես ապրում եմ հավերժաբար
Առանց վշտի ու տենչի:

1945

Բովանդակություն | Էջի սկիզբ

Լուռ գիշերին հեռու տեղից
Մի երգ հասավ իմ սրտին,
Այն ո՞ւմ սիրտն էր` սեր ու թախիծ
Բերեց, փարեց իմ սրտին:

Կարոտներով հյուսված երազ
Բուրեց երգը թախծագին, -
Ե՛կ, ընկե՛ր իմ, անհայտ, անհաս,
Սուրբ սեր ծփաց իմ հոգին:

1895
Ալեքսանդրապոլ

Բովանդակություն | Էջի սկիզբ

Լուսինն, ինչպես քընհատ կարապ,
Ծով – երկընքում կըլողա,
Լուսնի բակը, ինչպես փըրփուր
Թույլ ու թալուկ կըշողա:

Ձայն – ձուն չըկա, սիրտս է միայն –
Մեծ լըռության վեհ լեզուն`
Տիեզերքը գըրկած համայն –
Զանգի նըման ղողանջում …

1898

Բովանդակություն | Էջի սկիզբ

Լուռ գիշերին մտքիս դիմաց
Շա˜տ ստվերներ ժողվեցան. –
Ընկերներըս` մեռած, կորած,
Հոգուս խորքով անց կացան:

Նրանց աչքերն` անհույս, անսեր,
Սրտիս խորքը նայեցին, -
Խոր վերքի պես սիրտըս բաց էր,
Նրանք այնտեղ սուզվեցին …

1898
Ալեքսանդրապոլ

Բովանդակություն | Էջի սկիզբ

Լալկան ուռին մեղմ կը խշշա
Ծովի ափին, ժեռ ափին,
Լուռ թառեր է ճուղքի վրա
Վա՛յրի, տխուր աղավնին:

Աչքը գցած հեռո˜ւ տեղեր,
Աղավնին խոր կըթախծե …
Ա˜խ, հասկացա – վայրի՛ ընկեր,
Բախտդ իմիս նման է;

Քեզ էլ դաժան հյուսիս քամին
Ինձ պես արավ բնավեր.
Ընկավ, կոտրավ հպարտ կաղնին. –
Հյրենիքիս սրբանվեր:

Արի՛, ընկեր, իրար հյուսենք
Մեր սրտերն ու երգերը –
Հպարտ, մենակ լո՛ւռ թափառենք
Այս ժեռ, օտար ափերը …

1898
Օդեսա

Բովանդակություն | Էջի սկիզբ

Լավ օրերիս երգը մոռցած
Ուրտի՞ց հանկարծ հիշեցի.
Հուզեց, այրեց սիրտըս մարած
Երգը սիրած վացեմի:

Եվ ուզեցա ծովափն ելնիմ,
Հեռո՛ւ, հեռո՛ւ մարդկանցից.
Մենակ ընկնիմ վայրի ափին
Եվ լամ անհո՛ւյս, թախծալի՛ց …

1898
Օդեսա

Բովանդակություն | Էջի սկիզբ

Լըսում եմ ղողանջն տիեզերական,
Ոգիս բացվում է անծիր թևերով.
Անծիր թևերս գըրկում են համայն
Աշխարհե – աշխարհ և ծովերե – ծով:

- Բացե՛ք դարպասներն ձեր պալատների,
Ոգու հարության լույսն եմ ձեզ բերում,
Ես եմ զեփյուռը անապատների,
Եվ վառ ճաճանչը մըռայլ ամպերում:

Եվ մարգարեի հուրն է իմ կըրծքում,
Սուրը իմ ձեռքում, բարբառըս` ազատ.
Եվ ինձ հավիտյան անմահ եմ զգում,
Եվ երկրի վերա քայլերըս` հաստատ …

1903

Բովանդակություն | Էջի սկիզբ

Լազուր երկնքով ամպեր են անցնում,
Ու սալվի ուռին կուլա գետափին.
Ամպերի շուքը դաշտերն է ծածկում,
Սիրտս կրծում է կսկիծը խորին …

Վառ արևն հանգավ սրերի հետքում,
Մութը թևերը փռեց ամեն դին.
Անգյուման դարդը սիրտս է մաշում,
Ա˜խ, ծաղիկ թոռմար, ընկե՛ր իմ անգին …

Ո՞ւր ես, հոգի ջան, չկա՞ս դու հիմա, -
Հողերուն հավսար ու անգերեզման.
Ա˜խ, քամին հիմա վերադ կըսգա,
Դու չե՞ս իմանում, ազի՛զ ընկեր ջան …

1903

Բովանդակություն | Էջի սկիզբ

Լեռները` դալար, հպարտ հորձանքով
Շարվել են շուրջըս – այնպե˜ս լո՛ւռ, լազո՛ւր.
Գարունն է բուրում այնտեղ վարդերով
Եվ ղողահջում են ակներ ու աղբյուր:

Աստղերն են երգում սրտիս խորքերում,
Հոգիս լցվում է գարնան բույրերով.
Գարնան բույրերով երգերս են զնգում,
Եվ արտասվում եմ` քեզ երազելով …

1904

Բովանդակություն | Էջի սկիզբ

Լուռ պարտեզում սըրտատըրոփ, սիրատենչ
Իմ նազելուն սպասում եմ այս գիշեր.
… Շըշուկ ընկավ ահա վարդի, ծաղկանց մեջ.
Ծըփծփացին շուրջս մետաքս զառ փեշեր.
Իմ նազելուս շունչը քնքուշ ինձ շոյեց,
Կարոտավառ հպարտ կրծքին փարվեցի.
Ծով – մազերի բույրը անո՛ւշ ծավալվեց,
Աստղ – աչերին համբույրներըս վառեցի.
Շըրթներիցըս ալ – արյունը կաթկաթեց
Եվ բախտավոր, և երջանիկ լացեցի …

- Վա՛յ, քեզ, թըշվառ, ցընորքների խեղճ տըղա,
Ոչ ո՛ք չունիս, ոչ ո՛ք չըկա` քեզ մոտ գա …

1905
Ալեքսանդրապոլ

Բովանդակություն | Էջի սկիզբ

Լեռների լանջում, ծանըր հողի տակ
Ես թաղված էի` մեռա՛ծ, մոռացվա՛ծ.
Ու վաղո՛ւց, վաղո՛ւց անհա՛յտ, լո՛ւռ, մենա՛կ
Ես նընջում էի հոգուս մեջ սուզված:
Եվ հանկարծ մի օր լսեցի հեռվից
Մարտահրավերը վեհ ազատության,
Ըմբոստ ամբոխի ձայնը մրրկալից,
Երգե˜ր մարտական, շեփո՛ր ռազմական,
Վառ դրոշակի խրոխտ ծածանում,
Զենքի շառաչյո՛ւն, ձիերի դոփյուն,
Քայլե՛ր առնական
Հողիս մոտեցան,
Եվ դողաց ահա՛,
Եվ թեթևացավ
Հողը իմ վրա.
Եվ սիրըս լըցվեց այրվող արյունով,
Ուզեցի ելնել, նժույգն ամեհի
Խըթանե՛լ, թըռնե՛լ, շառաչե՛լ զենքով,
Կըռվե՛լ ու մեռնե՛լ դաշտերում ռազմի …

1906
Կարս

Բովանդակություն | Էջի սկիզբ

Լուսնյակ գիշեր, լույս – ուրու
Շղարշային ու սնդուս.
Շշնջում են իրարու
Բարդիներս հինավուրց:

Եվ կարծես թե` հեռավոր
Այն օրերն են շշնջում,
Երբ քո սիրով բախտավոր`
Տանջվումէի տոչորուն:

Շշնջացե՛ք հավիտյան
Հին սոսափով դյութական.
Բարդիներս հինավուրց,
Շշնջացե՛ք հավիտյան …

1908
Ալեքսանդրապոլ

Բովանդակություն | Էջի սկիզբ

Լա՛ց, իմ նազելիս, լա՛ց դա՛ռն ու անհո՛ւն,
Աշխարհի վերքին չըկա դեղ - դարման.
Ի՞նչ է մեր կյանքը – բոց մի փայլփլուն`
Հողմերի առջև ահեղ բնության:

Ե՛վ սեր ու երգեր, և՛ փառք ու հանճար
Սին պատրանքներ են մահը մոռնալու,
Եվ մարդը` դժբախտ, անզոր ու անճար`
Ծնված է մահին պատառ դառնալու:

Հավիտենական, անծիր, անսահման
Խավարների մեջ, կյա՛նք, դու ես մի լույս,
Որ մի պահ շողաս, մարիս հավիտյան, -
Լա՛ց, իմ նազելիս, լա՛ց դա՛ռն ու անհո՛ւյս:

Իմ սիրտը նման բացված խոր վերքի,
Որ տիեզերական կսկիծն է լալիս.
Լալիս է դարեր առանց արցունքի, -
Ա˜խ, հեգ գլուխըդ դի՛ր վշտոտ կրծքիս:

Դի՛ր անհույս սրտիս գլուխըդ ու լաց,
Ամենքի բախտը լա՛ց, իմ նազելի՛ս.
Լա՛ց, - և արցունքդ դեռ չըցամաքած`
Դուռդ կըբախե մահը, նազելի՛ս …

1908
Թիֆլիս

Բովանդակություն | Էջի սկիզբ

Լորիների տակ,
Մտորում եմ լուռ.
Հեռուն մի ջութակ
Հեծում է տխուր:

Մութի մեջ, ասես,
Իմ բախտի վրա
Անուշիկ մոր պես
Արտասվում է նա:

Անողոք մի ձեռք
Ծանրացավ վրաս,
Փշրեց սեր ու երգ,
Գարում ու երազ …

Լորիների տակ
Մորմոքում եմ լուռ.
Հետս մի ջութակ
Լալիս` տխուր …

1914
Բեռլին

Բովանդակություն | Էջի սկիզբ

Լուռ է ու խավար,
Ասես` ողջ աշխարհ
Դարձել է միայն
Աննյութ գաղափար:

Բայց հանկարծ մի ձայն
Ականջումս հնչեց.
Այդ մա՞յրս էր արդյոք
Իմ բախտը հիշեց
Իր սուրբ աղոթքում.

Թե՞ իմ վաղուցվա
Սերս էր կաթոգին,
Անունս ակամա
Դողաց շրթունքին …

1919
Ժընև

Բովանդակություն | Էջի սկիզբ

Լուսնյակ գիշերին քայլում եմ մենակ,
Նիրհել են դաշտեր, լեռներ ու ծմակ:

Լճակներն անթարթ ու բաց աչքերով
Քնել են անդորր, անհույզ, անխռով:

Առանց դարմանի այրող ցավ ու վերք
Ճակատիս գրեց մի չարաղետ ձեռք:

Դառնությունները վըրաս ծանրացան,
Մնացին վըրաս, օրեցօր շատցան:

Լուսնյակ գիշերին շրջու եմ անքուն,
Ցավերըս անգութ սիրտս են կեղեքում:

1923
Վենետիկ

Բովանդակություն | Էջի սկիզբ

Ծաղիկ էի նորաբողբոջ,
Սարի լանջում, երկնի տակ.
Ինձ կըդյութեր առվի խոխոջ,
 Ինձ կողջուներ արեգակ:

Գիշերները` աստղ ու լուսին
Վար կիջնեին երկնքեն,
ՈՒ հեքիաթներ ինձ կասեին
Կախարդական, ոսկեղեն:

Գառների հետ լուսածագին
Եկար սարը, ջա’ն աղջիկ,
Ինձ քաղեցիր, դրիր անգին
Կրծքիդ վրա գեղեցիկ:

Այնտեղ շքեղ` ես ապրեցա
Երազներով երջանիկ.
Սերըդ դավեց ինձ, սևաչյա’,-
Ես չորացա, ա˜խ,աղջիկ…

1892
Ս. Էջմիածին

Բովանդակություն | Էջի սկիզբ

Ծովի ծոցից վայրի մի բադ
Թըռավ, նըստավ ժեռ ափին.
Երգեց հըպա՛րտ, երգեց զըվա՛րթ,
Լուռ օրօրեց իմ հոգին …

Երնե˜կ, ես էլ քեզ պես, ա˜խ, բա՛դ,
Լինիմ անվիշտ ու վայրի.
Երգեմ զըվարթ, թըռնիմ ազատ`
Իշխան լազուր վայրերի …

1898
Օդեսա

Բովանդակություն | Էջի սկիզբ

Ծովն ալեկոծ, սանձակոտոր,
Իր քար շրթներն է կրծում.
Ա˜խ, իմ վիշտը` մի չար ուրուր,
Սիրտս է անդուլ քըցըցում:

Գնա՛մ, գնա՛մ, կորչեմ անդարձ,
Փոթորիկի մեջ ընկնեմ,
Անդունդներին խեղճ սիրտըս տամ,
Չար ուրուրից ազատվեմ:

Թող ինձ ծովը նետե ափին,
Ափին հեռո՛ւ, հեռավո՛ր,
Սիրտըս անվիշտ` անզարթ քնիմ
Ափին մենա՛կ, մենավո՛ր …

1898
Օդեսա

Բովանդակություն | Էջի սկիզբ

Ծամերդ հյուսել`
Կանգնել ես կալը,
Օրըս սև արել`
Կապել ես ալը:

Փշերն ինձ թողիր,
Դու քաղիր վարդը,
Դու սիրտս գըցիր
Էս դժար դարդը:

Սարեսար արիր,
Ու դադար չունիմ,
Դարդամահ արիր,
Անունիդ մեռնիմ …

1901
Բասեն

Բովանդակություն | Էջի սկիզբ

Ծաղկունքը գարնան
Ինձ վառ սեր բերին:

Ծաղկունքը գարնան
Սիրուս հետ թոշնան:

Ու շիրմիս վըրեն
Կըբացվի նորեն

Ծաղկունքը գարնան …

1912
Ցյուրիխ

Բովանդակություն | Էջի սկիզբ

                              Եղբորս որդու`
                            Իսահակ Իսահակյանի
                            

I
Ծառիս վրա մի գորշ թռչուն`
Կտուցն առած թևի տակ`
Կուչ է եկել ու հառաչում,
Ա˜յնպես տխուր ու անհույս,
Ասես` առել բերել է ինձ
Վերջին խոսքը սիրելուս …

Ու լսում եմ խոսքը տրտում.
Սրտիցս արյուն է կաթում …

II
Միշտ երկեերկիր,
Ինձանից հեռու,
Թափառում էիր,
Երբ ողջ էիր դու:

Բայց մոտըս եկար
Քո մեռած օրեդ.
Հիմա անբաժան
Շրջում ես ինձ հետ:

 

III
Մաղում է անձրև`
Սրտամա՛շ, տրտո՛ւմ.
Անձրև՛ ու անձրև՛,
Դանդա՛ղ անդադրո՛ւմ:

Ա˜խ, հիմի, հիմի
Ի˜նչ ցուրտ է ու թաց
Մութում քո շիրմի
Իմ սրտիս սիրա՛ծ …

Հոգուս մեջ դարձար
Դու մի այրող վերք.
Ես քեզ մոռանալ
Չեմ կարող երբե՛ք:

Ու աշնան մեգում
Կանգնել եմ անհույս,
Անհույս հեկեկում
Անունըդ անո՛ւշ …

IV
Աչքս ճամփիդ ծովացած`
Կարոտդ սիրտս էր այրում.
Այցի եկար դու հանկարծ
Ինձ այս օտար աշխարհում;

Դեմքդ քնքուշ ժպիտով,
Ինչպես մանուկ երեկվա,
Գիրկս ընկար կարոտով,
Իմ անուշիկ երեխա՛ …

Այդ ինչքա˜ն ես մեծացել,
Պարթևական ինչ հասակ.
Ի˜նչ շքեղ ես, գեղեցիկ,
Գարնան կանաչ արեգակ …

Հաղթանակից ես եկել,
Ոսկեզրահ, քաջաձի
Ա˜խ, քեզ շատ եմ կարոտցել,
Մոտս կեցի՛, մի դարձի …

Սո˜ւտ է, հոգի՛ս, թե հիմի,
Մարմարե ձյունն է ծածկում
Հողաթումբը քո շիրմի, -
Դու իմ մոտս ես, իմ գրկում:

Ճակտիդ վրա, աստղի պես,
Պստի՛կ, պստի՛կ մի վերք կա …
Թո՛ղ համբուրեմ` լավանա,
Դու, իմ կտրիճ երեխա՛ …

1916
Ժընև

Բովանդակություն | Էջի սկիզբ

Ծառերի վրա աշունը դալուկ
Հըծծում է մեղմիկ մի դեղին նըվագ`
Թախծոտ ու անո˜ւշ …

Լեռների վրա ձյունել բարակ,
Ուր, կարծես, իրենց փետուրը քնքուշ,
Նետել են գաղթող հավքերը ճերմակ …

Ի՞նչ ես սպասում, սի՛րտ իմ ծարավի,
Սերերիդ անցած չըկա˜ վերադարձ.
Նստի՛ր մեկուսի բաժակիդ առաջ,
Հուշե՛րըդ գգվիր և լա՛ց մեկուսի …

1922
Հռոմ

Բովանդակություն | Էջի սկիզբ

Ծաղկավառ ուղին գնում է կրկին,
Ուր լույս – թևերով ճախրում էի ես`
Երազելով քեզ, հավերժական կին;

Ծաղկավառ ուղին գնում է կրկին …
Եվ նրա ափին կանգնել եմ մոլոր
Եվ բեկված կյանքով, տխուր – տխրագին:

Ծաղկավառ ուղին գնում է կրկին,
Եվ լույս – թևերով ճախրում են նրանք`
Երազելով քեզ, հավերժական կին …

1929
Երևան

Բովանդակություն | Էջի սկիզբ

 

1 2 3 4 5 6 7 8 9 10 11