Բանաստեղծություններ | Պոեմներ | Լեգենդներ և բալլադներ | Արձակ բանաստեղծություններ և պոեմներ
Լեգենդներ և զրույցներ | Առակներ | Հեքիաթներ | Պատմվածքներ | Հատվածներ ‹‹Ուստա Կարո›› վեպից

1 2 3 4 5 6 7 8 9 10 11      

Զմրուխտյա երգեր, երազներ շքեղ,
Գարնան վարդի հետ եկան, գնացին.
Համբույր ծաղկաբույր և սեր հրաշագեղ
Գարնան հովի հետ եկան, գնացին:

Ուրիշի նման բույն չըշինեցիր,
Կյանքի մրըրկավ զարկըված թռչուն,
Ու հիմա մենակ ու որբ մնացիր,
Եվ  թարմ տարիներդ եկան, գնացին:

Անտուն մնացիր ու թափառական,
Ընկեր, բարեկամ եկան, գնացին,
Մոլոր ճամփեքում մնացիր մոլոր,
Քարավան, երամ եկան, գնացին:

Ու հիմա աշնան մեգի մեջ խավար,
Ականջըդ հառած սրտիդ լուռ լացին,
Օտար ափերում կանգնել ես շվար,
Ինչ որ ունեիր, անդա˜րձ գնացին …

1904

Բովանդակություն | Էջի սկիզբ

Զորահավաք էր: Շտապ տուն եկավ
Զինվորի զգեստ հագած մի տղա.
- Մայրիկ, ինձ օրհնիր, - պատանին ասավ, -
Ես էլ կռվի դաշտ գնալու եղա …

Ուշաթափ ընկավ խեղճ մայրը թշվառ,
Եվ երբ ուշքն եկավ նորեն իր վրան,
Գրկեց զավակին պինդ, կարոտավառ,
Որպես թե վաղուց չէր տեսել նրան:

_ Ա˜խ, ի˜նչ ուրախ եմ, փա՛ռք քեզ, աստված իմ,
Որ ողջ ետ դարձավ իմ անուշ որդին …

1919
Ժընև

Բովանդակություն | Էջի սկիզբ

Էս ճամփեն ոլոր-մոլոր,
Սև ծովի բոլոր կերթա.-
Շուշան յարս ինձի թողել`
Էն տղի հետ ո՞ւր կերթա:

Ա˜խ, ճամփեն – մահի բերան,
Օձի պես գալար կերթա.
Չոլերի մեջ, անգերեզման,
Ծովն է լալիս իմ վրա:

Սեգ արծիվը  աչքս է կտցում,
Աչքս կարոտ` Շուշանին.
Անգութ գայլը սիրտս է հանում,
Սիրտըս ծարավ` Շուշանին:

ՈՒ ճամփեն, մութ – մոլորուն,
Սև ծովի բոլոր կերթա.
Շուշան յարս ձեռքերն արյուն`
Էն տղի հետ հարս կերթա:

1893
Պրագա

Բովանդակություն | Էջի սկիզբ

- Էդ ի՞նչ կըրակ կանես, մերի՛կ:

- ‹‹Բալաս, վերքիդ դեղ կեփեմ››:

- Ա՛խ, իմ վերքը սիրտս է մերի՛կ,

Դեղ ու դարման ի՞նչ անեմ.

Սրտիս վերքը խորն է մերի՛կ,
Լավի դարձի հույս չըկա.
Մի՛ քըրքըրիր սիրտըս, մերի՛կ.
Խոր – խոցերուս ճար չըկա:

1897
Ալեքսանդրապոլ

 

Բովանդակություն | Էջի սկիզբ

Էս քարփի տակ խորունկ փորեմ,
Թաղեմ սիրտս ցավով լի.
Մեծ քարափն էլ վերան շրջեմ,-
Թաղեմ սիրտս սիրով լի …

Ա˜խ, շա˜տ վաղուց սիրտս առա,
Ընկա մարդկանց դուռն – երթիկ.
Ցավիս դեղ – չար շա˜տ խնդրվա,
Մարդիկ փակին դուռն – երթիկ:

Է˜հ, ի՞նչ անեմ, սիրտն ի՞նչ պետք է,
Ասի` թաղեմ, թող մեռնի.
Չէ ՞ որ մարդիկ է՛լ սիրտ չունին,
Անսիրտ մարդը ցավ չունի:

Էս քարփի տակ խորունկ փորեմ,
Թաղեմ սիրտս ցավով լի.
Մեծ քարափն էլ վերան շրջեմ, -
Ծանր լինի, դուրս չելնի …

1897
Ալեքսանդրապոլ

 

Բովանդակություն | Էջի սկիզբ

Է˜յ, ջան – հայրենիք, ինչքա˜ն սիրուն ես,
Սարերըդ կորած  երկնի մովի մեջ.
Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ,
Մենակ բալեքըդ արուն – ծովի մեջ:

Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք,
Ա˜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ,
Երնեկ ունենամ հազար ու մի կյանք,
Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ:

Ու հազար կյանքով քու դարդին մեռնեմ,
Բալեքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն.
Մենակ մի կյանքը թո՛ղ ինձի պահեմ, -
Է՛ն էլ քու փառքի գովքը երգելուն, -

- Որ արտուտի պես վե˜ր ու վե˜ր ճախրեմ
Նոր օրվա ծեգիդ, ազի՛զ հայրենիք,
Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմ
Կանաչ արևըդ, ազա՛տ հայրենիք …

1900
Ժընև

 

Բովանդակություն | Էջի սկիզբ

Էս ի՞նչն է ամպում զիլ  թևին կուտա,
Գարնան գովքասան արտո՞ւտն է նխշուն
Ու ձենը ինչո՞ւ զարհուրիկ կուգա, -
Վա˜խ, էս ագռավն է գլխիս պտտվում:

Ես ուրտեղ կերթամ` դու հետս կուգաս,
Ինձեն ին`չ կուզես, ա՛յ զուլում ագռավ,
Երազիս մեջ էլ վրաս կըկռռաս,
Իձեն ի՞նչ կուզես, սևասի՛րտ ագռավ;

Արդյոք չըլինի՞, որ դու էլ գիտես,
Թե ծաղիկ սիրտըս դարդամահ մեռավ. –
Ազիզ մեռելըս քրքրե՞լ կուզես,
Ջիվան մեռելըս, ա՛յ իմ բախտ – ագռավ …

1902
Բասեն

 

Բովանդակություն | Էջի սկիզբ

Է՛յ կանանչ ախպեր, դու բարով եկար,
Դո՛ւ բարով եկար, իմ կանանչ ախպեր

Մով մանուշակով ծաղկուն սարերեն
Արտուտն ու արոս ինձի ձեն տվին,
Ու գարնան անուշ արևն ոսկեղեն
Ինձի ձեն տվին` սար ու ձոր ելնիմ:
Երանի˜կ ձեզի, սարեր ու ձորեր,
Նխշուն հագել եք գարնան զուքսերով.
Ա˜խ, սիրտս մեռավ ծով – դարդերի մեջ,
Գարնան զուքսերին մնաց կարոտով:
Է˜յ սարեր, ձորեր, դուք առաջվանն եք,
Ջրեր գլգլան, դուք առաջվանն եք,
Լոկ մենակ ես եմ փոխվել ու չորացել,
Բլբո՛ւլ ու բաղեր, դուք առաջվանն եք,
Ա˜խ, ես եմ փոխվել ու աշխարհի մեջ
Հիվանդ ու անհույս ճամփորդ եմ դառել,
Ու անդարձ ճամփով կերթամ մթի մեջ,
Արև - արեգակ, դուք առաջվանն եք …

Է˜յ կանանչ ախպեր, կուգաս գալ – տարի
Ու գերեզմանս մամռով կզուքես,
Իմ կանանչ ախպեր, գալդ միշտ բարի,
Խեղճ գերեզմանս մտքեդ չգցես …

1902
Կաղզվան

 

Բովանդակություն | Էջի սկիզբ

Է՛լ ինչո՞ւ երգեմ. – այսպես օրերում
Արնով լի լցված սիրտը, խեղճ սիրտը
Մարում, հանգչում է ճնշված կրծքի տակ.
Մեծ է տանջանքս … աչքերիս առաջ
Ողջ կյանքն է ընկած, ինչպես պա՛ղ դիակ …

1903

 

Բովանդակություն | Էջի սկիզբ

Էն ամպի նըման խուլ որոտումով –
Սիրտըս դարդով լի` կըռիվ գընացի.
Էն ամպւ նման ժեռուտ սարերով,
Քուրի՛կ ջան, քեզնից հեռու գընացի …

Էլ մի՛ որոնիր քո ազիզ յարին
Կըռվից ետ դարձող կըտրիճների մեջ
Մենակ փընտրիր դո՛ւ իմ քաջ սևուկին
Անտեր խըրխընջող` լուռ դաշտերի մեջ …

Էլ մի՛ որոնիր քո ազիզ յարին
Իմ ընկերների ուրախ խընջույքում.
Բանձրիկ սարերից ոռնացող քամին
Վրաս մի բուռ հող կըգցե դաշտում …

Ու օտար մայրեր ինձի տես կուգան,
Սև հողիս վրա արցունք կըթափեն.
Ա˜խ, օտար քուրեր ինձի տես կուգան
Ու վրաս անո՞ւշ ծաղկունք կըթափեն …

1903
Ղազարապատ

 

Բովանդակություն | Էջի սկիզբ

Է˜յ դու, ջահել, հպարտ հասակ,
Թռար ոսկի աստղի պես.
Քեզ հետ տարար երգեր ու սեր,
Տարար գարունն իմ սրտես:

Քար կըսեղմեմ սրտիս հիմա,
Կելնեմ սարերը լալու. –
Ա˜խ, լաց` ի˜նչքան, ի˜նչքան կուզես.
Անցածն էլ ետ չի գալու…

1905

 

Բովանդակություն | Էջի սկիզբ

Է˜յ դու, ջահել, հպարտ հասակ,
Թռար ոսկի աստղի պես.
Քեզ հետ տարար երգեր ու սեր,
Տարար գարունն իմ սրտես:

Քար կըսեղմեմ սրտիս հիմա,
Կելնեմ սարերը լալու. –
Ա˜խ, լաց` ի˜նչքան, ի˜նչքան կուզես.
Անցածն էլ ետ չի գալու…

1905

 

Բովանդակություն | Էջի սկիզբ

Ընկե’ր. միշտ հառա’ջ,
Մի’ հուսահատվիր
Փոթորկի դիմաց.
Ծով – անապատում.
Անհաղթ հավատով
Կռվի’ր ու տանջվի’ր. –
Թո’ղ հոգիդ հանգչի
Կատաղի կռվում…
- Ընկե’ր, միշտ հառա’ջ,
Մի’ հուսահատվիր.
Շողում է հույսը
Վառ հորիզոնում…

1893
Սև ծովի վրա

 

Բովանդակություն | Էջի սկիզբ

Ընկերներըս վաղ են մեռել,
Սիրող սրտերն հող են դառել.
Չոր ծառի պես ես եմ կեցել,
Ընկերներըս հող են դառել;

Անգին մայրըս, ա˜խ մեջքը կոր,
Անկուշտ հողին աչքն է գըցել,
Ազիզ մորըս կյանքն է հատել.
Չոր ծառի պես ի՞նչ եմ կեցել:

Ծառըս ծաղկած անբեր մընաց,
Ծիլ ու ճյուղըս գարնան չորցան,
Դարդի որդն էլսիրտս է կրծել,
Չոր ծառի պես ի՞նչ եմ կեցել:

Մի՛ վըռազիր, է˜յ մաշված սիրտ,
Աշնան քամին հիմի կըգա.
Ծառդ արմատով կառնի – կերթա,
Աշնան քամին հիմի կըգա …

1899
Բաքու

 

Բովանդակություն | Էջի սկիզբ

ԸՆԿԵՐԻՍ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ա˜խ, նորից եկավ լալազար գարուն,
Թավշյա դալարով շնչեցին արտեր.
Նորից ծաղկեցին աղբըրաց – արուն,
Հազար բուրմունքով հազարան – վարդեր.
Ավա˜ղ, նա, որին շա˜տ էր նըմանում
Գարունը սիրուն, նա չկա հիմա.
Նրա հետ մեռավ սեր ու խնդություն,
Նրա հետ մեռավ երգը գարունքվա:

Եվ քար – արցունքով կուրծքըս եմ ծեծում
Ու չեմ հասկանում, մի՞թե մեռար դու,
Դո՛ւ, որ երգ էիր, աշխույժ ու կըրակ,
Ի՞նչպես ես մնում սառ հողերի տակ,
Ի՞նչպես չես ելնում, արևը երգում.
Այդպես լո՛ւռ, անշարժ մինչև ե՞րբ մնաս
Գարնան զարդերին համըր, անտարբեր,
Դո՛ւ կյանք, դո՛ւ երազ, իմ անո՛ւշ ընկեր …

1903
Բաքու

 

Բովանդակություն | Էջի սկիզբ

Թ’ե դեպի կյանքը, թե՛ դեպի մարդիկ
Շողավոր, պայծառ հավատով զինված
Ես ողջունեցի … և վեհ, գեղեցիկ
Զգացմունքներով սիրտս դղրդաց:

Ես ծուն չոքեցի ալեկոծ կյանքի
Սեղանի առաջ. անվեհեր հոգով
Ոտք դրի ուղին նոր մարգարեի,
Եվ ազատության, վեհության երգով:

Եվ ես գնում եմ նոր, հեռո˜ւ ափեր:
Եվ այս կնճիռներն – չակատիս պսակ,
Անխոս վկա են, որ վիշտ, տանջանքներ
Ես ճաշակել եմ, որպես հաղթանակ …

1891
Էջմիածին

Բովանդակություն | Էջի սկիզբ

Թափվեցին տերևներն աշնան ծառերից`
        թոշնա՛ծ ու դալո՛ւկ;
Թափվեցին երգերս բեկված իմ սրտից`
        տրտո՛ւմ ու թալո՛ւկ:

Թափվեցին աստղերն անհուն երկնքից`
Տխո˜ւր ու անփա՛յլ
- Թափվեցե՛ք, արցունքներս, հոգուս խորքերից`
Անհո՛ւյս ու մռա՛յլ…

1895
Ղազարապատ

Բովանդակություն | Էջի սկիզբ

Թե մարդ, թե հավք ընկեր ունի,
Ես հա՛մ անտուն չոր գլուխ եմ,
Հա՛մ էլ սիրտըս մեծ ցավ ունի, -
Մեծ էս սարեն, խորն էս ձորեն:

Դուն է՛լ կասես - ‹‹կո՛րի, գընա՛››.
Ա˜խ, ո՞ւր չըքվիմ, ո՞ւմ քովն երթամ …
Էս ցավն ախըր քեզնեն առա,
Դեղի համար ո՞ւմ քովն երթամ …

1897
Ալեքսանդրապոլ

Բովանդակություն | Էջի սկիզբ

Թափ կուտամ թևերս և կըսավառնեմ
Այս զազիր, նանիր երկրից դեպի վեր.
Այն վառ աստղերը համբուրել կուզեմ
Եվ սուրա˜լ, ճախրե˜լ աստղերից աստղեր:

Թա՛փ կուտամ թևերս և կըսավառնեմ
Խորքերը դեպի մեծ տիեզերքի. –
Արևներ խըլեմ – պատգամներ վըսեմ
Մի ազա՛տ, պայծա՛ռ, մի նորո՛գ կյանքի:

Թա՛փ կուտամ թևերս և կըսավառնեմ
Զերծ ձեր օրենքից, բըռունցքից դաժան. –
Իմ անհատական ոլորտըս կուզեմ,
Ուր կամքըս լինի օրենքըս միայն…

1902
Ախալցխա

Բովանդակություն | Էջի սկիզբ

Թռած սիրո զառ թևերով`
Ես քեզ տեսա աստղերի մեջ,
Աչերդ լի արևներով,
Դեմքդ` շո՛ղ – շո՛ղ լույսով անշեջ:

Գիշերն` անքուն, ցերեկն` երգով,
Գերին դառա քո դռնակի,
Ոտքիդ կոխած չոր տեղերով
Բուրմունք առա մանուշակի:

Սիրտս դողաց, սիրտս մարավ
Ձայնիդ քաղցրօրոր հո՛վերեն.
Իմ ողջ կյանքը երազ դառավ
Մազերիդ ծո՛ւփ – ծո՛ւփ ծո˜վերեն …

Բովանդակություն | Էջի սկիզբ

Թռչուններն ուրախ`
Նորեկ գարունքին
Սիրով, սրտագին,
Խոսում են կրկին:

Ա˜խ, կար ժամանակ,
Ես ա˜յնպես ներհուն
Իմանում էի
Հավքերի լեզուն;

Բայց սին ու դժնյա
Խաղերից կյանքիս
Օր – օրի վրա
Նանրացավ հոգիս:

Եվ հիմա նրանց
Լեզուն իմաստուն,
Լեզուն երազի,
Էլ չեմ հասկանում…

1918
Ժընև

Բովանդակություն | Էջի սկիզբ

Թարթիչներդ շուք կուտան
Դեմքիդ վրա թավիշե.
Սիրտս շուքի տակ անուշ`
Ծվար մտած կերազե:

Թաթիկներդ լուսեղեն –
Լույս թռչնիկներ հեքիաթի. –
Ճաճանչներով ոսկեղեն
Բույն կհյուսեն նոր բախտի:

Զմրուխտ թասով գինի ես,
Բույրդ աշխարհ է առել,
Շուրթս վառվեց շրթներիդ,
Աշխարհիս տեն եմ դառել:

1922
Վենետիկ

Բովանդակություն | Էջի սկիզբ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՅԱԹԻՆԵՐ

Սիրելի՛ք, մնա˜ք բարով,
Ճամփո՛րդ եմ, մնա˜ք բարով.
Ով գիտե` ետ գամ, չըգամ,
Թղջությամբ մնա˜ք բարով:

Վարդը նո՛ր էր, կոկոն դարձավ,
Կոկոնի մեջ էլ թառամավ.
Սիրտս քեզնով նոր պիտի բացվեր,
Թոռոմելը քեզնից եղավ …

Ձեռ ու ոտս կապեցին,
Բանտը դրին, կողպեցին.
Ո՛չ թողեցին գանգատվիմ,
Ո՛չ էլ լեզուս կըտրեցին:

Հոգուտ մեռնիմ, մեղք չունիմ,
Խըղճի արի, մեղք չունիմ,
Աչքս տեսավ, սիրտս ուզեց,
Ախր ես ի՞նչ մեղք ունիմ:

Ա˜խ, վաթա՛ն ջան, մնալով,
Պանդուխտ հողում մնալով,
Ջիվան կյանքս մաշեցի,
Քեզնից հեռո˜ւ մնալով:

Լաց կուլամ սգվորի պես,
Դարդերս մենձ բեռի պես,
Թափս կտրավ, վար ընկա
Աշունքվա խազալի պես …

1900

Բովանդակություն | Էջի սկիզբ

Ժեռ, սև քարը սըրտիս վրա
Գերեզմանիս մութ խորքում,
Դարդի սարը սրտիս վրա`
Քնել էի հողի քուն:

Գարունն եկավ, Շուշանս եկավ
Տատրակի հետ ձայն տվավ,
Տատրակս եկավ, քարիս նստավ,
Ինձի անուշ ձայն տվավ:

‹‹Ե՛լ, ազիզ ջան, Արփաչայի
Ուռիները ծաղկել են.
Ուռիներեն ճյուղք եմ բերել`
Քեզի իրենց կանչում են››:

- ‹‹Ե՛լ, ազիզ ջան, գարունն եկավ
Ալ – բալ հագան սար ու ձոր.
Քեզի շաղաղ վարդ եմ բերել,
Երթանք, ման գանք սար ու ձոր;

‹‹Ե՛լ, ազիզ ջան, հովն է բուրում,
Գառն ու ոչխար սարն ելան.
Ալագյազը սիրտն է բացել.
Ալագյազին տես երթանք›› …

Ա˜խ, ժեռ – քարը սրտիս վրա,
Խոր, հին վերքը սրտիս մեջ.
Ու վեր ելնել ես չըկրցա, -
Սերն էր մեռել սրտիս մեջ:

1901
Ցյուրիխ

Բովանդակություն | Էջի սկիզբ

 

1 2 3 4 5 6 7 8 9 10 11