|
Օրըս տըրտում, սև է անցնում,
հույսս է վաղվան օրվան վըրա.
Վաղվան օրն էլ սև-ամպի պես
եկավ, նստավ սըրտիս վըրա.
Հիմա դարձել, ափսո˜ս կասեմ.
անցած օրին երնեկ կուտամ.
Ափսո˜ս կասեմ դալար կյանքիս,
որ շուտ ընկավ չարքաշ ճամփա:
Ու օրերիս քարավանը
տըխուր-տրտում առաջ կերթա.
Հազար ցավով, մարդկանց ցավով
ծանըր բեռնած ճամփա կ՚երթա.
Ա˜խ, օրերիս քարավանը
աչքը` կարոտ, սիրտը` կարոտ.
Ու աշխարհիս ցավով բեռնած
էս աշխարհով կ՚անցնի, կ՚երթա.
Ու մի օր էլ չոր չոլի մեջ
քարավանս կի՛ջնի դադրած,
Վար կըդնե մեջքի բեռը
-Կյա՛նքս, կյա՛նքս մոխիր դառած.
Ա˜խ, օրերիս քարավանը
աչքը` փափագ, սիրտը` պապակ,
Փուչ աշխարհիս ցավով բեռնած
էս աշխարհով կ՚անցնի կ՚երթա.
Քարավանըս երբ որ իջնի,
ես ինձ ու ինձ հաշիվ կանեմ,
Թե ո՞ւր հասա, թե ի՞նչ տեսա,
ինչո՞ւ եկա էս մեծ ճամփեն.
Շա˜տ դադրեցա, շա˜տ չարչարվա,
հաշիվ անեմ, շահըս ինչ էր.
Ախըր ինչո՞ւ ոտ դըրեցի
էս սուր ու փուչ, դժվար ճամփեն:
Ծովըն ընկած մարդու նըման
նամարդ օձից կախ ենք ընկել. –
Նամարդ օձը էս աշխարհն է,
- ու աշխարհին աչք ենք գըցել.
Ա˜խ, աշխարհից մի հույս չըկա.
ճիճուների ենք կերակուր.
Մի բուռ հողն է բաժինը մեր`
թե տեր դառնանք աշխարհին էլ:
Ա˜խ, մերիկնե˜ր, հող պիտ դառնաք,
Ինչքա՞ն սըրտեր հող են դարձեր,
Ազիզ սըրտեր, խորունկ սըրտեր
Սիրով վառվեր, հող են դարձեր.
Ձեր բալեքը, ընկերներըս,
Մեր սըրտերեն ելան, թըռան.
Ա˜խ, ամենքն էլ էս աշխարհի
Անգութ կամքով հող են դարձեր…
Էս աշխարհը արունքտեր է,
ո՛չ գութ ունի, ո՛չ խիղճ ունի,
Է˜հ, աշխարհն էլ ցավող չ՚ունի,
մահացու է ու վերջ ունի.
Ու մեզի պես հողեղեն է,
ու մեզի պես մահկանացու.
Մեր գերեզմանն ինքն է հիմի,
ու գերեզման ինքն էլ ունի:
Հազար ափսո˜ս ծաղկունանցը,
նազուկ լուսնին, - պիտի թոռմին.
Մով ծովերը, մով սարերը
սև ծըխի պես պիտի անցնի˜ն.
Վառ արևը պիտի մարի,
զառ աստղերուն հազա˜ր ափսոս.
Հըրեղեն ձին, բլբո՛ւլ, մարա՛լ,
հե˜յվախ, մեռնի˜ն, անցնի˜ն:
Թե աշխարհը, ամեն մարդ
ծընավ – եկավ, մեռնի – կ՚երթա.
Թե անցորդ ենք, չարքաշ ճամփորդ,
երերմընի, փըշի վրա,
Ո՞ւմ հարցընենք` մեզի ասե,
- էս երա՞զ է, թե արթուն բան,
Որ մենք եկանք, հիմի կ՚երթանք.
- խաբա՛ր չըկա, խաբա՛ր չըկա:
Է˜յ անցավոր, ցավի աշխարհ,
ցավըդ բարձած մեկ-մեկ կ՚երթանք.
Ինչո՞ւ եկանք, ինչո՞ւ կ՚երթանք.
մեզ հարցըրեք, մենք խաբար տանք.
Ցավերու տակ մեռա˜նք, մեռա˜նք.
երնե˜կ էնոր, որ չի զգա.
Հազար ափսո˜ս, որ ծընվել ենք,
չըծնվածին երնե˜կ կուտանք:
Ա˜խ, խոր կըզգամ, որ աշխարհում
մարդն է մենակ, որ դարդ ունի
Մարդու վերքը, մարդու ցավը
ո՛չ տակ ունի, ո՛չ չափ ունի.
Է˜յ անցավոր, անսիրտ աշխարհ,
քեզի հազար երնե˜կ կուտանք,
Որ չես զգա քու մեծ վերքը,
որ տակ չունի, որ չափ չունի:
Մեր խեղճ երգն է մենակ ճարը
անմըխիթար սըրտի համար.
Մեր խեղճ երգն է քու մեծ վերքի
խոր մըրմուռը, ունայն աշխա՛րհ.
Երազի պես եկա˜նք-կ՚երթանք,
երազի պես դուն էլ կ՚երթաս,
Մարդուս կյանքն էլ ցավիդ երգն է,
մարդըս երգ է, երա՛զ-աշխարհ…
1900
Քյուսնախտ
|