Բանաստեղծություններ | Պոեմներ | Լեգենդներ և բալլադներ | Արձակ բանաստեղծություններ և պոեմներ
Լեգենդներ և զրույցներ | Առակներ | Հեքիաթներ | Պատմվածքներ | Հատվածներ ‹‹Ուստա Կարո›› վեպից

1 2 3 4 5 6 7 8 9 10 11      

Կուզե՞ս լինիմ վշտի ցողեր`
Աչերիդ մեջ շող ցայեմ.
Լուռ գիշերվա անուշ հովեր`
Փունջ ծամերդ փայփայեմ:

Կուզե՞ս լինիմ վարդ – նազելի`
Կրծքիդ վրա վառվռիմ.
Արշալույսի շողեր ոսկի
Դեմքիդ վրա փայլփլիմ:

Կուզե՞ս լինիմ ծառ ու ծաղիկ`
Քեզ գրկումս նինջ սփռեմ.
Թալուկ ստվեր, թովիչ թռչնիկ,
Օրոր ասեմ, օրորեմ:

Ինչ որ ցանկաս` կուզե՞ս լինիմ,
Լինիմ երկինք ու երկիր,
Լինիմ ծով, ժայռ, արև, լուսին,
Միա՛յն, միա՛յն ինձ սիրի՛ր…

1892
Հառիճ

Բովանդակություն | Էջի սկիզբ

Կենսական ծովի հույզերի միջին
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր.
Կայծակն է զարկում իմ վես ճակատին,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:
Հողմ ու փոթորիկ շուրջըս են հածում,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:
Գոռ ալիքները կուրծքս են ծեծում,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:
Ինձնի՛ց բռնեցեք, խորտակվող մարդիկ,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր,
Ձեր խարիսխները ոտքիս տակ ձգեք,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:

1894
Լայպցիգ

Բովանդակություն | Էջի սկիզբ

                                             ‹‹Ա˜խ, կանանչներ, դուք արևերես ելաք,
                                             Յարաբ բալես ե՞րբ կելնի բանտեն…››

Կըռունկները շարա˜ն – շարա˜ն
‹‹Կը˜ռռ, կը˜ռռ›› կանչին ու եկան.
‹‹Գարունն եկա˜վ, գարունն եկա˜վ››
Անուշ կանչին ու եկան…

-‹‹Ջա՛ն, ջա՛ն, մեռնիմ ձեր ձենիկին,
Ա’յ կռունկներ, նըխշուններ,
Յարա՛բ տեսա՞ք իմ բալիկին,
Յարա՛բ խաբար չե՞ք բերել:

Բալիս կապին, բանտը դըրին,
Տարին եկավ, բոլորավ,
Խաբար չունիմ, դադար չունիմ,
Աչքս ճամփին ծով կըտրավ:

Գարունն եկավ, - արևերես
Ելան ծիլ ու ծաղիկներ.
Ա˜խ, յարաբ ե՞րբ ազիզ բալես
Կելնի բանտեն, կըռունկնե˜ր…

Կըռունկները շարա˜ն – շարա˜ն
‹‹Կը˜ռռ, կը˜ռռ›› կանչին ու եկան,
‹‹Գարունն եկա˜վ, գարունն եկա˜վ››…
Անուշ կանչին ու անցան…

1897
Ալեքսանդրապոլ

Բովանդակություն | Էջի սկիզբ

Կյանքըս դալար ու լալազար,
          ոսկի օրերս ո՞ւր գընացին.
Իմ գարունքվա, զառ գարունքվա
          վառ ծաղիկներս ո՞ւ գընացին.
Սրտիս լարերն մեկ – մեկ կըտրան,
           բլբուլներըս  ո՞ւր գընացին.
Երազներըս    կանանչ – կարմիր,
            արեգակներս ո՞ր գընացին:

Գոհար – աստղունք իմ սըրտի մեջ
շողք տըվեցին ու շո’ւտ մարան,
Հովերի հետ վարդեր գըգվող
խաս թևերըս մատաղ կոտրան.
Խորունկ սիրտըս հուր – հընոց էր,
սերս ու երգըս բոցի նըման,
Հիմի կյանքըս մութ ու ձըմեռ,
արեգակներս ո՞ւր գընացին:

Սրտի մեջն է կյանքը մարդուս,
սիրտն որ կոտրավ, կյանքն ի՞նչ պետք է.
Սերըս մարավ, աստղը սրտիս,
աստըղս մարավ, սիրտն  ի՞նչ պետք է.
Ազիզ մի սիրտ սերըս կուզեր,
փուչ աշխարհը անկամորդ է.
Մանկուց ապրա ծարավ – պապակ,

  1. արեգակներս ո՞ւր գընացին:

Ա˜խ, աշխարհը տուն է սըգի,
հիմքը նըրա մահի վըրա.
Մարդն հողեղեն խեղճ ճիճու է,
հողի վրա միշտ պիտ սողա.
Թե թագավոր անհաղթ լինի,
տերևի պես միշտ պիտ դողա,
Խելքը մարդուս ցավ ու ցեց է,

  1. արեգակներս ո՞ւր գընացին:

Ա˜խ, սարեսար ու դարբեդար`
Դարդըս առնիմ, մենակ ման գամ,
Ու ծովեծով էս աշխարհով
շվաքի պես տըխուր ման գամ.
Ընկեր գըտնիմ, սիրտըս բանամ,
Դարդըս ասեմ, ու կուշտ մի լամ,
Ընկերներըս վա˜ղ են մեռել…

  1. արեգակներս ո՞ւր գընացին:

Երթամ, մըտնիմ անապատը,
ժեռ քարերը սիրեմ, գըրկեմ,
Սև քարերին գլուխըս չոր
թեքեմ անհույս, խոր միտք անեմ.
Ու պատանքըս հետըս ման տամ,
գերեզմանըս ինքըս փորեմ,
Կյանքըս թըռավ, օրըս հասավ,

  1. արեգակներս ո՞ւր գընացին:

1899
Ալեքսանդրապոլ

Բովանդակություն | Էջի սկիզբ

Կուզեի լինել գարնան արեգակ,
Չքնաղ վարդերով կուրծքդ պճնեի,
Անդորր սրտիդ մեջ վառեի կրակ,
Մութ աչերիդ մեջ պայծառ շողայի:

Կուզեի լինել երգող շատրվան
Եվ երազներդ  լուռ օրօրեի,
Կամ թե շողշողուն ոսկի ծիածան
Շուշան ճակատիդ պսակ հյուսեի:

Կուզեի լինել ալիքը ծովի
Եվ ոտներիդ տակ մեղմիկ հևայի,
Կամ թե լեռների բուրմունքը հովի
Փարթամ մազերդ շոյելու գայի:

Կուզեի լինել երկինք աստղավառ
Քեզ, ինչպես երկրի շուրջը, պատեի,
Հազար ու հազար աչքերով գոհար
Քեզ դյութված, արբած հավերժ նայեի:

1899
Ալեքսանդրապոլ

Բովանդակություն | Էջի սկիզբ

Կյանքի ժխորից մտա անապատ.
Գիշերը եկավ, բազմեց փառավոր,
Եվ հոգնած հոգիս մեղմիկ ու հանդարտ
Գիշերը գրկեց …
Աստղերը երկնի անհուն խորքերից
Անհուն հայացքով զարթնեցին նորից:
Եվ խաղաղ, անդորր մի խոր լռություն
Սուրբ անապատում փռվեց, ծավալվեց,
Պահ` խորհրդավոր և հանդիսավոր –
Եվ հոգիս հալվեց վեհ լռության մեջ …

1902

Բովանդակություն | Էջի սկիզբ

Կյանքի կռվում ամենքը դեմ ամենքին`
Սուր են սըրում ամենքը դեմ ամենքին:

Սուրն իմ ձեռքից` կռվի հանած ընկավ վար,
Ես չեմ կարող մտնել պայքար անարդար –
Խլել բերնից արնոտ հացը աղքատի,
Վառ քրտինքը ծըծել տանջված ճակատի…

Սուրն իմ ձեռքից` կռվի հանած ընկավ վար,
Ես չեմ կարող մըտնել պայքար ինձ համար…

1905

Բովանդակություն | Էջի սկիզբ

Կեռասենին ծաղկեց կրկին,
Ծավալվեց բույր ու զեփյուռ.
Բլբուլն երգեց վարդի գրկին,
Կարկաչեցին ակն – աղբյուր;

Իր լարն ունի թուփ ու թռչուն,
Ամեն մի ծիլ ու ծաղիկ,
Բյուր – բյուր լարով գարնան լեզուն
Նորից խոսեց գեղեցիկ:

Ես լսում եմ ու հավատում
Նորից գարնան հեքիաթին.
- Ով՞ էր` հնչեց իմ սրտում
Սիրո զմուխտ մեղեդին …

1911
Թիֆլիս

Բովանդակություն | Էջի սկիզբ

Կնոջն ուզեցի հավատալ նորից,
Լալ ու երազել առաջվա նըման.
Բայց արյունոտվեց խեղճ սիրտըս նորից.
Եվ որբ մնացի և թափառական:

Սե’ր, մնաս բարով, էլ քեզ չեմ նայի,
Չեմ բախի դուռըդ ունայն քամու պես.
Բայց կուզենայի հավիտյան լայի,
Եվ չըցամաքեր արցունքը սրտես:

1905
Թիֆլիս

Բովանդակություն | Էջի սկիզբ

Կըտեսնեմ ահա, - լուռ երեկոյին
Բարակ ծուխ կելնի իմ հոր օջախեն.
Եվ ուռիներս մարմանդ կօրորվին,
Ծղրիդը կերգե անտես խորշերեն…

Մեղմ ճրագի տակ նստել է տխուր
Ծերունի մայրս` մանկիկս գրկին. –
Մուշ – մուշ քնել է մանկիկս` անդորր.
Ու աղոթք կանե մայրիկս` լռին. –

‹‹Ամենեն առաջ թո’ղ ինքը հասնի
Ամեն հիվանդի, հեռո’ւ ճամփորդի.
Ամենեն հետո թո’ղ ինքը հասնի
Քե’զ, իմ խեղճ որդի’, իմ պանդուխտ որդի››:

Անո˜ւշ ծուխ կելնի իմ հոր օջախեն,
Մայրս կաղոթե` մանկիկս գրկին.
Ծղրիդը կերգե անտես խորշերեն
Եվ ուռիներս մարմանդ կօրորվին…

1911
Կ.Պոլիս

Բովանդակություն | Էջի սկիզբ

Կարծես` երեկ էր,
Ես մանուկ պայծառ,
Թռվռում էի դալար ծառն ի վեր:
Եվ սակայն այսօր մռայլ է հոգիս.
Ճնշում է մի ձեռք հոգնած ուսերիս:

Բայց դեռ երեկ էր`
Սրտով սիրավառ
Ես փնջում էի երազ ու երգեր;
Եվ այսօր արդեն անցել եմ ուղիս.
Ճերմակն է հյուսվում իմ սև մազերիս:

Երեկ գարուն էր,
Աշուն է այսօր.
Ե՞րբ դեղին դարձաք,
Կանա˜չ տերևներ …

1912
Ցյուրիխ

Բովանդակություն | Էջի սկիզբ

ԿՏԱԿ

Սիրուն մանկի’կ, ես գնում եմ, դու գալիս ես այս աշխարհ.
Ճշմարիտն ես փորձով գիտեմ ու խոսքերս մի’ մոռնար:

Կյանքն է ամպի փաղչող ստվեր, վայրկյանն է միշտ
իրական.
Բախտի կռանը կամքն է թեև, բայց դիպվածն է տիրական:

Զգացմունքն է գերիշխանը, խելքը` նրա լոկ ծառան.
Բայց դո’ւ խելքդ վրադ պահի’ր, ինչպես պողպատ կուռ
վահան:

Մի’ հավատար ստվերներին, հենվիի’ր միայն քեզ վրա,
Ատելու չափ սի’րիր մարդկանց, բայց լավություն միշտ արա:

Եվ լայն օրում թե’ ընկերներ, թե բարեկամ ճանաչի’ր.
Իսկ նեղ օրում ընկերների ո’չ որոնիր, ո’չ կանչիր:

Խաղերով լի այս աշխարհում խաղդ եթե տանուլ տաս,
Զվարթ եղի’ր, ու այդպիսով բախտի վրա կըխնդաս:

Անվախ ու վեհ ղեկդ վարե անծանոթին դեմ – դեմի.
Անզղջալի առաջ գնա’, ինչ որ լինի’, թո’ղ լինի:

Լսի’ր, տղա’ս, ինձ կթաղես անհայտ մի տեղ, աննշան,
Որ չիմանան, մարդիկ չգան` շիրմիս քարը գողանան:

1917
Ժընև

Բովանդակություն | Էջի սկիզբ

Հոգի կուտամ, հոգի տու՛ր ինձ,
Իմ նազելի աչագեղ:
Սիրտըս – սև արտ, սերդ – ալ վարդ,
Թո՛ղ բողբոջի նա այնտեղ.
Սիրտըս – գիշեր, սերդ – վառ աստղ,
Թո՛ղ շողշողա նա այնտեղ…

1892
Իգդիր

Բովանդակություն | Էջի սկիզբ

Հոգնած եմ, անտա՛ռ, հոգնա՛ծ, ուժասպառ,
Խորտակված կրծքումս էլ չի բըռնկվում
Հոգիս թըռցնող սերը բոցավառ …
Ա˜խ, մայրի անտառ, քո մենիկ գրկում
Քընել եմ ուզում – անհո՛գ ու անդո՛րր.
Եվ թո՛ղ քո անո˜ւշ, թովիչ սոսափյուն
Խոնջացած հոգուս մըրմընջա օրո՛ր.
Եվ առվի խոխո՛ջ, ծառերի ստվե˜ր
Կախարդեն ուշքըս ինքնամոռացման
Չըքնա˜ղ երազով …

1892
Ղազարապատ

Բովանդակություն | Էջի սկիզբ

Հեռո˜ւ ափերում միտքըս թափառեց
Ազատ ու մենակ թևերը փըռած.
Ժպիտն աստղավառ, կընճիռը մըռայլ,
Ժպիտն աստղավառ, կընճիռը մռայլ,
Ինչպես ստվերներ մըտքիս հետ ընկած.
Հեռո˜ւ ափերում, ժայռերի կըրծքին
Շաչում էր, ծեծկում ծովը մթագին.
Եվ անդունդներից արշավում քամին
                          Հըպարտ ճակատիս:
Անտառը կաղնի խըշշում էր այնտեղ
Հին – հին դարերի, դալար ազգերի
                          Անցքերից շըքեղ:
Այնտեղ ցոլում էր երկինքը լազվարթ,
Եվ լազուրի մեջ` վըճիտ ու աըվարթ`
Հոգիս վառվում էր – բոցերի ծով էր …
Այնտեղ երգեցի խոհերըս անհուն,
Որ աստղերի պես շաղ էի տալիս
                           Հեռո˜ւ ափերում …
Եվ ստեղծեցի չըքնաղ մի աշխարհ,
Ու հզորն ու վեհ և գեղեցկություն
Իշխում են անմահ, վառվում են պայծառ.
- Այդպես երգեցի հեռո˜ւ ափերում
                          Թևերըս` արձակ,
                          Ազա˜տ ու մենակ …

1896

Բովանդակություն | Էջի սկիզբ

Հոգնած ծովը` փրփուր բերնին,
Ափին ընկած կըհևա,
Ժեռ ափերից մեգը մթին
Ծովի վրա կըսողա:

Վերքը սրտիս` անքուն – անտուն
Կյանքից հեռու եմ փախել,
Կուզեմ ապրեմ վայրի ափում`
Ապրեմ մենակ, անընկեր:

Աստղունք մեկ – մեկ ելան բազման
Երկնի փիրուզ աթոռքում,
Աստղերի պես երգերս ելան
Հոգուս մռայլ խորքերում:

Սրտիս լարերն տրտում – տրտունջ
Թոշնած կյանքըս երգեցին.
Հովը սուրաց մունջ ու մրմունջ,
Աստղունք վըրաս լուռ լացին:

1898
Օդեսա

Բովանդակություն | Էջի սկիզբ

Հոգնած նայում եմ քեզ, մելամաղձոտ,
Հայրենի ճահիճ, իմ սիրած մարմանդ.
Ա˜խ, ինչպե˜ս լուռ ես, ինչպե˜ս վե՛հ ու լո՛ւռ.
Ա˜խ, ինչպե˜ս կուրծքդ հևում է հարհանդ.
Եվ եղեգներդ` տրտում ու տխուր,
Աղուտներիդ հետ ինձ ողջունում են:

1899
Սարիղամիշ

Բովանդակություն | Էջի սկիզբ

Հազա˜ր բարով, հպարտ սարե՛ր,
Թև՛ եմ առեր, ձե՛զ կուգամ.
Արծիվների ձենն եմ լսեր –
Արծիվներին դեմ կուգամ …

Իմ հայրենի˜ք, կապուտ սարե՛ր.
Թշնամու շարք ձեր բոլո˜ր.
Դա՛շտ, անապա՛տ, արնոտ գետեր,
Արազը խոր ու ոլո˜ր …

Հազար ձենով, հազար սրտով
Արծիվների հետ կուգամ,
Հողի՛դ մեռնիմ, հազար սրտով,
Իմ հայրենի՛ք, մերիկ ջա˜ն …

Բարո˜վ ձոզի, դար ու դուրա՛ն,
Բարձրիկ սարեր ու քարե՛ր,
Հազար բարով, հով ու դումա՛ն,
Ծովակ, ծմակ ու ձորեր …

1900

Բովանդակություն | Էջի սկիզբ

Հոգիս մըռայլ էր մըրըրկի նըման,
Եվ ծանր էր վիշտըս, և ես քուն մտա,
- Ինձ տանում էին դեպի կախաղան,
Եվ խոժոռ ճակտիս պըսակ տատասկյա:

Եվ խոսքըս մուրճ էր, և խոսքըս` հըրդեհ,
Ես փըշրում էի սըրտերը մարդկանց.
Եվ խոսքըս մուրճ էր, և խոսքըս` հըրդեհ,
Ես այրում էի սըրտերը մարդկանց:

Ինձ տանում էին դեպի կախաղան
Սըվինների տակ զինավառ զորքի.
Եվ հետևում էր ամբոխն ինձ անձայն,
Ամբոխը հոգու և նանիր խոսքի …
Ինձ բարձրացրին դեպի կախաղան
Եվ ճակտիս` ցնորք և վսեմ պսակ,
Ամբոխը սակայն թշվառ և ունայն
Խուռըն սողում էր իմ ոտների տակ …

1902

Ախալցխա

Բովանդակություն | Էջի սկիզբ

Հասկդ` սոս, քայլվածքդ` սեգ,
Քեզ սիրումեմ բյուր անգամ.
Թող համբուրեմ մազերդ մեկ – մեկ,
Մեջքիդ բոլոր փաթութ գամ:

Կարոտըդ ինձ խենթ դարձրեց,
Փոթորկի չափ խելագար.
Խենթ բոցերում ես ծով – ծարավ`
Թափառում եմ սար ու քար:

Այրվում եմ ես արևի պես,
Հուր ու կրակ եմ անշեջ,
Թող գրկիդ մեջ հոգիս տամ ես,
Սերըս քամեմ հոգուդ մեջ …

1904
Թիֆլիս

Բովանդակություն | Էջի սկիզբ

Հիմա հեռավոր, վեհ Հիմալայան
Այն երկնասըլաց, վես բարձունքներում.
Հախուռըն, ինչպես ալեկոծ օվկիան,
Հոծ, սոսկավիթխար ամպերն են եռում:

Եվ մըրըրկահույզ ամպրոպն է պայթում
Ժայռերին խոժոռ, ահեղադղորդ,
Բուռըն, խոլական կայծակն է ճայթում.
- Եվ Հիմալայը կանգնած է խրոխտ …

Եվ պայքարի մեջ այդ որոտընդոստ
Այնտեղ է այժըմ և հոգիս ըմբոստ …

1905
Ալեքսանդրապոլ

Բովանդակություն | Էջի սկիզբ

Հովը բարակ կըշնկշընկա˜,
Վարդը անուշ կըբուրե, -
Տար վարդի մոտ, սերըդ քնքուշ,
Գիրկըդ առ ու համբուրե:

Ու մի օր էլ հովը կուգա,
Քեզ կըփնտրե, չի գտնի. –
Խելքդ ժողվե, քու օրն արա,
Ինչ որ լինօ – թող լինի:

1906
Ալեքսանդրապոլ

Բովանդակություն | Էջի սկիզբ

ՀԱՑԻ ԵՐԳԸ

Գովք եմ երգում ցամաք հացին,
Փշրանքներին չոր հացի, -
Փշրանքներին, որ մնացին
Լի աշխարհից փայ ինձի …
Արյուն ու քրտինք ծով – ծով թափեցի,
Ոսկի արտերում արևի բոցին,
Եվ անձրևի չափ արցունք թափեցի
Ու արյուն – քրտինք` ի սեր չոր հացին:
Կալիս միջին շեղջ – շեղջ ցորեն,
Քյոխվեն եկավ, խարջ ու խարաջ
Հաշվեց, չափեց, քաշեց տարավ
Իմ աչքի լուս – ոսկի ցորեն.
Աղան եկավ, ոտքը զարկեց,
Հաշվեց, չափեց, քաշեց, տարավ
Իմ աչքի լուս – ոսկի ցորեն.
Խաչ ու տերտեր, աղքատ, աշուղ,
Բոշա, դերվիշ, հավք ու թռչուն`
Ամենքն եկան, իրենցն առան, -
Ես մնացի աղքատ նորեն, -
Ձեռքս ծոցիս` մերկ ի մորեն.
Ձեռքս ծոցիս` կուտ կըմուրամ
Իմ քրտինքով շեղջած ցորնեն.
Հերի՛ք մնանք աղքատ ու զուրկ,
Մեր խողճ խելքի կորածն ենք մենք. –
Մենք ենք դատել, մերն է հացը,
Մեր քրտինքի տերը մենք ենք.
Մենք ենք լցրել ամբար, մառան
Աղին, խանին, իշխանին.
Մենք մեր ձեռքով լուծ ենք շինել`
Լուծ ենք դրել մեր վզին …
Ե՛լ. Աշխատավոր, ստրուկ ժողովո՛ւրդ,
Եվ լուծդ քցի՛ր, եղի՛ր ինքնիշխան.
Քրտինքիդ տերը մենակ դու եղի՛ր,
Մեկեն կըկորչեն աղա, խան, իշխան.
Ազատությունն է հացն այս աշխարհում,
Երգեցե՛ք գովքը ձեր հալա՛լ հացին:
Հացն է, իմացե՛ք, ազատությունը,
Երգեցե՛ք գովքը ձեր հալա՛լ հացին.
Առա՛ջ գնացեք, աշխատավորնե՛ր,
Երգելով գովքը ձեր ազա՛տ հացին.
Հացն է լո՛ւյս ու զե՛նք, ուժ ու իրավունք,
Երգեցե՛ք գովքը ձեր արդա՛ր հացին,
Ձեր ազատության – ձեր հալա՛լ հացին …

1906

Բովանդակություն | Էջի սկիզբ

Հեռավոր ծովի լռիկ ափերում
Խոր վերքը սրտիս ընկած էի ես.
Անգըղն էր ժայռին կտուցը սրում,
Շուրջս ամայի` գերեզմանի պես:

Եվ տեսնում էի զմրուխտ ջրերով
Մի նավ էր սահում օրոր ու շորոր.
Բախտի հովերով, ծուփ – ծուփ թևերով`
Գըգվելով նիրհած ալիքներն անդորր:

Եվ երգում էին ոսկեղեն նավում,
Երբեմն ուրախ` անունըս տալիս,
Բայց մեկը տխուր ինձ էր երազում,
Անուշ աչերով վրաս էր լալիս …

1908
Ղազարապատ

Բովանդակություն | Էջի սկիզբ

Հեծկըլտող քամին, հեծկըլտող քամին,
Թևը վիրավոր,
Եկավ ու փարվեց, եկավ ու փարվեց
Սրտիս վիրավոր …

Ես բախտի բույրին, ես բախտի բույրին
Կարոտ մնացի.
Սիրո համբույրին, սիրո համբույրին
Ծարավ մնացի:

Օրըս լալազար, օրըս լալազար
Մանկուց սևացավ.
Ա˜խ, երազներիս, ա˜խ, երազներիս
Գարունը անցավ …

1911

Բովանդակություն | Էջի սկիզբ

Հայրենի գետի զմրուխտ ափերին
Մեր հին տնակն է կքել մենավոր.
Ա˜խ, ես հեռավոր ճանապարհներին
Քայլում եմ հիմա մենակ ու մոլոր:
Շաչում է ահեղ` իմ գլխի վրա
Աշնան ցուրտ քամին այս մութ գիշերին …
Վառվո՞ւմ է արդյոք օջախս հիմա
Հայրենի գետի զմրուխտ ափերին …

1911
Կ.Պոլիս

Բովանդակություն | Էջի սկիզբ

Հայրենի աղբյո՛ւր,
Երգերս վըճիտ
Հյուսել կուգայի
Բյուրեղ կարկաչիդ:

Ես հիմա այնպե˜ս
Հոգնած եմ ու լուռ, -
Դո՛ւ հավերժ կերգես,
Հայրենի աղբյո՛ւր …

1913
Կոլլոնժ

Բովանդակություն | Էջի սկիզբ

Հայոց գեղջուկի ծավալուն արտե՛ր,
Ավետարանի էջերի նման
Խնկաբո՛ւյր, օծո՛ւն, հավե՛րժ սրբազան,
Թշնամու սրով հասկաբեկ արտե՛ր:

Խոպան մնացիք` անտեր ամայի,
Ակոսներիդ մեջ մորթեց մաճկալին,
Մանուկ հոտաղին, անխոնջ ամոլին
Դարերի դժխեմ ոսոխն ամեհի:

Հայոց գեղջուկնե՛ր, եղբայրնե՛ր հոգուս,
Ձեր արյունազանգ արտերի վրա
Դրախտի փառքով պիտի հուրհրա
Մեր ազատության ոսկի արշալույս:

Դուք եք այսօրվան մեր դառն լացը,
Սուրբ նահատակներ աստծո սեղանի,
Դո՛ւք, անմահ սերմեր մեռնող ցորենի,
Դո՛ւք եք վաղորդյան մեր արդար հացը, -

Հայոց գեղջուկնե՛ր, եղբայրնե՛ր հոգուս …

 

1917
Ժընև

Բովանդակություն | Էջի սկիզբ

Հայրենիքից հեռու, մի օր,
Եթե մահը զարկե ինձ,
Միևնույն է`  թաղվիմ ուր որ, -
Մեր մոր գրկումն եմ նորից:

Սակայն, քաղցր է ննջել դաշտում.
Խնձորենու շուքի տակ,
Որ գարունքին շիրմիս ծուփ գան
Ծաղիկները սպիտակ:

Եվ ամառը`  աղջիները
Վրաս կանգնեն երգելով.
Քաղեն, լցնեն գոգն ու ծոցը
Կարմի՛ր, կարմի՛ր խնձորով:

Եվ աշունքին` սիրուս նման
Մեռած, լացած մի երազ`
Տերևները դալուկ, դեղին,
Իջնին, մեռնին իմ վերաս:

Երբ ձմեռ գա` լռիկ ու հեզ`
Բյուրեղները ճյուղերեն
Շիրմիս կաթեն արցունքի պես
Մենության մեջ ձյունեղեն:

1919
Ժընև

Բովանդակություն | Էջի սկիզբ

Հարևանիս որդին մեռավ,
Քսան տարու տղա.
Նոր էր ինձնից գիրք փոխ առավ,
Առո՛ւյգ, առո՛ղջ տղա:

Բիլ գիշեր է գարնանային`
Լուսնով, բույրով օծուն.
Կռթնել եմ ես պատշգամբին`
Միտքս ցավով խոցուն:

Աչքս եմ հառել պատուհանին
Մահով մթնած խուցի.
Մոմն է վառվում լուռ սնարին,
Դալուկ, առանց բոցի:

Եվ դիտում եմ, անհագ դիտում`
Շուրջս լցված մահով.
Զարհուրանքն է հոգիս պատում
Անէության ահով:

Եվ աշխարհն է մեռել դառնում`
Ընկած սրտիս վըրա.
Եվ լուսինը – դալուկ մի մոմ`
Լուռ սնարին նրա …

1921
Վենետիկ

Բովանդակություն | Էջի սկիզբ

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Դու, երկնամերձ իմ հայրենիք, դո՛ւ, հինավուրց ի՛մ  Հայաստան,
Անմահ բանի սպասարկու, խորհուրդ խորին, ի՛մ Հայաստան,
Դո՛ւ, ալևոր տեսիլների ստեղծագործ ի՛մ Հայաստան,
Եվ նոր խոսքի ավետաբեր, հազարավերք ի՛մ Հայաստան:

Սաղավարտներ դրած կանգնած քո լեռներդ կուռ երկաթի,
Արորներըդ արյունազանգ` արդարության ցորեն արտի.
Երդիկներիդ ծուխերն անուշ` նվիրական Նավասարդի,
Հին օրերի երգ սրբազան, սեղան զոհի, ի՛մ Հայաստան:

Քո գետերըդ` տեգ սուրացող, ազատատենչ, կամուրջ քանդող
Քաղաքներիդ մոխիրներից ծլած վարդերն արյուն – բուրող.
Շարականներըդ` հոգեբուխ, շինականիդ երգը` լացող.
Հին սերերի, նոր կարոտի ոսկի բամբիռ, ի՛մ Հայաստան;

Դստրիկներըդ քո փափկասուն` անապատի գայլերին կեր,
Որբուկներըդ` մերկ ու ծարավ, սովալլուկ, մահի ընկեր.
Բախտիդ վրա` ծափ ու ծիծաղ, սփոփանքի ունայն խոսքեր,
Նոր հույսերի, նոր երգերի երազաբույր ի՛մ Հայաստան:

Բարեկամներից վաճառված, անիրավված ի՛մ հայրենիք,
Ոսոխներիդ կըրունկի տակ ավերակված ո՛րբ հայրենիք,
Սարսափներով, եղեռններով հավերժացած հի՛ն  հայրենիք,
Արյունիդ մեջ սուրբ իրավունք, հոգիդ արև, ի՛մ Հայաստան:

Կըռունկներըդ համբավ տանող պանդուխտներիդ  աշխարհալած,
Նահատակված տաճարներիդ գմբեթները երկնասլաց,
Մագաղաթներդ արյունաներկ` ձայն հեծության, հառաչանաց,
Հընուց ուխտի  վըկայարան, ավանդատուն, ի՛մ Հայաստան:

Ծիրանավոր քաջ – Մասիսըդ` սպարապետ քեզ պահապան,
Ծերուկներըդ ճակատագրիդ  ճամփաների սուրբ օրհնաբան,
Նոյ – Նահապետ աստվածատես`   ածուներիդ վեհ այգեպան,
Մանուկներիդ ու կույսերիդ արյան հընձան, ի՛մ Հայաստան:

Արդարախոս ու մեծասքանչ քո հին լեզվով օրհներգըված,
Լուսավորչի լույս կանթեղով երկինքներըդ լուսերանգված,
Անճառելի ու դարերի տանջանքներով հոգիացած,
Հըրաշափառ քո Հարությամբ` նորամանուկ ի՛մ Հայաստան:

1921
Վենետիկ

Բովանդակություն | Էջի սկիզբ

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ

Ակութներից հին հայրենի
Ծուխն է ելնում բարի,
Ուղիներով ազատության
Թռչում ես դու արի:

Սալասմբակ թռչում ես դու
Նոր օրերի աստղին,
Հավատարիմ քեզ ուժ տվող
Հին օրերի հողին:

Խոչ ու խութերն թշնամական
Թռիչքդ չեն կասում,
Աշխարհաջահ ճշմարտության
Նոր խոսքեր ես ասում:

Դո՛ւ, հին երկիր, նոր ու պայծառ,
Ի՛մ Ժողովուրդ, ի՛մ հաց,
Արևաթև անմահ թռչուն`
Հուր ու սրից ծնած …

1926
Վենետիկ

Բովանդակություն | Էջի սկիզբ

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ

Պիտի փարվիմ չքնաղ լանջիդ`
Գարնան վարդով ցնծո՛ւն.
Եվ մայրական անհուն շնչիդ`
Ցորեն արտով ծըփո˜ւն:

Կանչում ես ինձ լուսաբարբառ
Քո սիրազեղ կոչով`
Դեմքդ եմ տեսնում` նոր ու պայծառ,
Քո հնագեղ ոճով:

Վա՛ռ ու հզո՛ր քո ապագան
Կայծակում է իմ դեմ.
Դո՛ւ հավերժող իմ Հայաստան,
Անուն քա՛ղցր ու վսե՛մ:

1926
Վենետիկ

Բովանդակություն | Էջի սկիզբ

ՀԱՅՐԵՆԻ ԾՈՒԽԸ

Հայրենի՛ հողի վրա եմ նորից,
Նորից մանկական աչքով տեսնում եմ`
Հավերժից դիտող աստղերն հրեղեն,
Հրաշք է դառնում աշխարհն ինձ նորից:

Ուրախ քրքիջով վազում է կայտառ
Իմ հին խաղընկեր գետակը փայլուն,
Տեսնում եմ  նրա զմրուխտ հայելում
Ծաղկի պես ցնծուն` պատկերս պայծառ:

Կապույտ երեկոն ա˜յնքան է խաղաղ,
Երգում է ծառից մի հավք սրտագոհ,
Տեսնում եմ` հայրս բարի, մտախոհ,
Ծանոթ շավիղով քայլում է դանդաղ:

Ինձ տուն է կանչում ձայնը մայրենի,
Խաղըս թողնում եմ. երեկո է ուշ.
Գգվում է մայրս, ժպտում է քնքուշ,
Մի արևի պես, որ նման չունի:

Վառվել է նորից օջախն հինավուրց,
Ելնում է ծուխը անուշ խընկի պես,
Խոսում են մերոնք … բայց ննջում եմ ես,
Հոգիս պարուրած հեքիաթ ու անուրջ:

Ոչինչ չեմ տենչում այս ծխից ավել,
Ոչինչ, դատարկված այս մերկ աշխարհում.
Ո՛չ կին երազած, պանծալի անուն,
Ո՛չ գանձ աշխարհի – այս ծուխից ավել:

Կուզեի նստել այս սուրբ ծխի տակ
Ու տեսնել նորից հոգով մանկական
Հարազատներս, որ հիմա չկան,
Եվ հրաշք նորից – աշխարհ բովանդակ …

1926
Երևան

Բովանդակություն | Էջի սկիզբ

Հեռու անտառում ծաղկում է հպարտ,
Ցնծում է զվարթ այն կաղնին հիմա,
Որ պիտի դառնա դագաղըս մի օր:
Եվ մահըս մոտ է, մոտիկ է այ˜նքան,
Որ ամեն անգամ հոգուս ականջով
Լսում եմ կաղնու սոսափյունը խոր …

1928
Երևան

Բովանդակություն | Էջի սկիզբ

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ

Ցորենի ծըփուն արտերի եզրին
Կանգնել խորհում եմ սրտիս մեջ լռին. –

Մի՞թե դու չէիր, հայրենի՛ք իմ հեգ,
Որ տայգաներից, մթին յուրդերից,
Հորդացող – եկող ելուզակների
Բյուր նիզակ ու տեգ
Սրտիդ մեջ մխված` ընկել էիր խեղճ
Քառուղու վրա բախվող ազգերի,
Դաժան դարերի մղձավանջի մեջ,
Սմբակների տակ խոլ նժույգների.
Եվ սրում էին ճիչով խնդագին
Անգղներն իրենց կտուցները վես
Քո արևակեզ ժայռերի վրա`
Հոշոտելու քեզ …
Եվ սակայն հիմա
Դու նորից ծաղկել, ցնծում ես նորից,
Ելնում է ծուխը խրճիթներից հին,
Ուր մայրըս անուշ օրորել է ինձ,
Իմաստավորել մանուկ իմ հոգին
Քո հզոր լեզվով, երկի՛ր կաթոգին:
Այնքա՛ն ժամանակ, որ պիտի հերկե
Սևահողըդ հին` քո կտրիճ որդին,
Եվ գուսանըդ վառ` սերըդ պիտ երգե,
Դու պիտի ծաղկի՛ս, երկի՛ր հայրական,
Քո ոգով, ոճով և բարձրագլուխ,
Դու պիտի հնչե՛ս, հնչես հաղթական,
Իմ հին հայ լեզու` քա՛ղցր ու սրտաբուխ:

1929
Գյումրի

Բովանդակություն | Էջի սկիզբ

Հրամանները միշտ իջնում են վերևից,
Պատ ու կտուր միշտ քանդում են վերևից,
Թե որ կուզես տունըդ պահել մաս – մաքուր,
Սանդուխքները լվանում են վերևից:

1940
Երևան

Բովանդակություն | Էջի սկիզբ

Հոգնած քայլերով մտել եմ անտառ.
Նստել եմ մենակ մթին անտառում
Ու միտք եմ անում աշխարհի բանը,
Ականջ եմ դնում անտառի խոր շառաչին,
Որ այսպես շառաչել է սերունդների վրա.
Լսում եմ ուշով, և շառաչը
Ինձնից հեռացնում է ինձ.
Մտքերս տանում, ցրում է հեռուն
Մոռացության ափերն հեռավոր.
Հալվել է ներկան, չկա ժամանակ.
Չեմ զգում ես ինձ, ես անգո, անէակ.
Չկա ժամանակ …

1940

Բովանդակություն | Էջի սկիզբ

ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

                                         Մեծ ճարտարապետ Թ.Թորամանյանի
                                        Հիշատակին

Հայրենի դաշտում քայլում եմ մենակ.
Աշուն է արդեն, և ձյունը նորեկ
Ծածկել է լանջքը սեգ Արարատի.
Հողմը սաստկաշունչ` հսկա մի բարդի
Կորաթեքել է աղեղի նման Հայկ նահապետի:

Սակայն իմ առաջ` կանգնել են ահա`
Պատմության ահեղ հողմերին ընկճած,
Սյուներն հոյակապ հին ավերակի:

Դո’ւք դարերի մեջ` դժվար ու դաժան,
Երբ ամենայն ինչ ընկած էր տապաստ,
Դո’ւք, ով երկնախոհ գմբեթներ ու վեմ
Մնացիք ըմբոստ, մնացիք անսաստ

Բռնակալների չարության ընդդեմ:

Բովանդակություն | Էջի սկիզբ

 

1 2 3 4 5 6 7 8 9 10 11